12.08.2013

Վանում բերման են ենթարկել ՀՀ քաղաքացիների, նրանց շարքում էր «Ա1+»-ի լրագրողը

Վանում բերման են ենթարկել ՀՀ քաղաքացիների, նրանց շարքում էր «Ա1+»-ի լրագրողըԹուրքիայի ոստիկանությունը երկու օր առաջ բերման է ենթարկել Վան այցելած Հայաստանի 4 քաղաքացիների եւ մոտ 4 ժամ պահել նրանց ոստիկանության բաժանմունքում: Բերման ենթարկված ՀՀ քաղաքացիների շարքում էին «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: Մհեր Արշակյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ բերման ենթարկելու պատճառն այն էր, որ ինքը նկարահանել էր սպայական բնակատեղին` առանց իմանալու, թե դա ինչ շինություն է:
Լրագրողը ցանկանում էր նկարահանել Վանում երկրաշարժից հետո կառուցված շենքերը եւ այդպիսով փորձում էր համեմատել Վանում եւ Գյումրիում երկրաշարժի հաղթահարման ընթացքը: «3-4 հարկանի շենքեր էին, նման շատ շենքեր կային, նկարահանում էի որպես երկրաշարժից հետո կառուցված շենքերի մի մաս, բայց պարզվեց, որ դա բնակատեղի է ոստիկանության սպաների համար: Մոտեցան ասացին` չի կարելի նկարահանել ու տարան բաժանմունք»,- ասաց Մհեր Արշակյանը:
Ոստիկանությունում վերցրել էին լրագրողի տեսախցիկը, ուսումնասիրել տեսանյութը եւ փորձել հասկանալ` դրանք ահաբեկչության չափանիշներին համապատասխանում են, թե ոչ: Երբ վերջանականապես համոզվել էին, որ բերման ենթարկված ՀՀ քաղաքացիները ահաբեկիչներ չեն, ներողություն էին խնդրել եւ տարել երկրաշարժի արդյունքում ստեղծված հենց այն «դոմիկների» մոտ, որը լրագրողը ցանկանում էր նկարահանել:
Մհեր Արշակյանը նշեց, որ ոստիկանության բաժանմունքում իրենց նկատմամբ նորմալ վերաբերմունք են ցուցաբերել, բռնություն չեն գործադրել եւ որեւէ ձայնագրություն չեն ջնջել:

Комментариев нет:

Отправить комментарий