21.09.2013

Հայաստանի անկախության տոնը նշում են նաև արտերկրում (լուսանկարներ)

Հայաստանի անկախության տոնը նշում են նաև արտերկրում (լուսանկարներ)
Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում Աբու Դաբիի, Դուբայի և Հյուսիսային Էմիրությունների ազգային վարչությունների մասնակցությամբ սեպտեմբերի 19-ին սկսվել է Հայաստանի Հանրապետության Անկախության 22-րդ տարեդարձին նվիրված հանդիսությունների շարքը: Ըստ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, Հայաստանի Հանրապետության օրհներգին հաջորդել է Տերունական Աղոթքը և ՀՀ նորընծա քաղաքացիների անձնագրերի հանձնումը: Օրվա պատգամով հանդես է եկել ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը: ՀՀ դեսպանն իր ելույթում ներկայացրեց Հայաստանի Հանրապետության անկախության անցած ուղին ու ձեռքբերումները եւ անդրադարձավ ՀՀ արտաքին ու ներքին քաղաքականության հարցերին: Այնուհետև իր մաղթանքը փոխանցել է Կաթողիկոսական փոխանորդ Տ. Մեսրոպ վրդ. Սարգիսյանը: Երեկոյի գեղարվեստական բաժնից հետո տեղի է ունեցել հյուրասիրություն:
Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ ամյակի առիթով ԿոպենհագենիՕդդ Ֆելլոու պալատի Ասպետների սրահում նույնպես անցկացվել է տոնական ընդունելություն, որին մասնակցել են Դանիայի Խորհրդարանի պատգամավորներ, արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներ, Կոպենհագենում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագետներ, Դանիայի պետական, քաղաքական շրջանակների, հասարակական, մշակութային կազմակերպությունների, Դանիայի ազգային եկեղեցու, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:
Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձին նվիրված ընդունելությունից առաջ հրավիրյալները ներկա են եղել «Չբացահայտված գանձեր» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը, որը կազմակերպել էր Կոպենհագենի Քաթ Ալեքսանդրին Դանեսկիոլդ-Սամսո հայտնի պատկերասրահը և «AmStream» հասարակական կազմակերպությունը` ՀՀ դեսպանության աջակցությամբ: Սկանդինավիայում առաջին անգամ այս ցուցահանդեսում ներկայացվել են հայ մեծանուն, ինչպես նաև ժամանակակից տաղանդաշատ նկարիչներ Արշիլ Գորկու, Մարտիրոս Սարյանի, Երվանդ Քոչարի, Սերգեյ Փարաջանովի, Լևոն Թութունջյանի, Ռուբեն Աբովյանի, Հենրիկ Էլիբեկյանի, Գայանե Խաչատրյանի, Վահրամի, Տիգրան Ասատրյանի, Զոհրաբ Միրզոյանի, Վարուժան Վարդանյանի, Այվազ Ավոյանի կտվաները, որոնք ցուցադրության համար տրամադրվել էին «Hi-artonline» եւ «Noah's Ark Art Gallery» պատկերասրահների կողմից: Բազմամարդ ցուցահանդեսում ողջույնի խոսքով հանդես է եկել պատկերասրահի տնօրեն, կոմսուհի Քաթ Ալեքսանդրին Դանեսկիոլդ-Սամսոն, ով ուրախությամբ նշել է, որ Սկանդինավիայում առաջին անգամ է ներկայացվում հայ արվեստը. «Լինելով այս ցուցադրության պատասխանատուն` ես հասա մի նոր փորձառության մակարդակի, որն իմ ներքին աշխարհը հարստացրեց Հայաստանի հինավուրց, հպարտ և հիասքանչ մշակույթով: «Չբացահայտված գանձեր» ցուցադրությունը ճանաչողական մեծ նշանակություն կունենա մեզ համար և հպարտությամբ կամուրջ կստեղծենք հայ եւ սկանդինավյան մշակույթների միջև»: «Amstream» կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Դինունցը, շնորհակալություն է հայտնել ցուցահանդեսի կազմակերպման բոլոր աջակցողներին, նշել, որ այն հպարտություն և մեծ ուրախություն պարգեւեց Դանիայում ապրող հայրենակիցներին: «Չբացահայտված գանձեր» ցուցահանդեսը կշարունակվի մինչև և. նոյեմբերի 8-ը:
Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը նույնպես կազմակերպել էր ընդունելություն` ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ: Միջոցառմանը մասնակցել են Բելառուսի Հանրապետության իշխանության բոլոր ճյուղերի, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների, հայ համայնքի և Բելառուսի Հանրապետության մտավորականության ներկայացուցիչները: ՀՀ դեսպանը հակիրճ ներկայացրել է Հայաստանի Հանրապետության 22-ամյա ուղին, բարձր է գնահատել հայ-բելառուսական հարաբերությունները: Ողջույնի խոսքով հանդես է եկել Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ա.Միխնեւիչը: Միջոցառմանը հանդես է եկել հայ համայնքի «Էրեբունի» պարի համույթը, ինչպես նաև Հայաստանից ժամանած ջութակահարուհի Լուսինե Հարությունյանը:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий