23.09.2013

«Խառնվածքով» բազմազան Արագածոտնի մարզը շարունակում է մնալ տղամարդկանց տիրապետության տակ

«Խառնվածքով» բազմազան Արագածոտնի մարզը շարունակում  է մնալ տղամարդկանց տիրապետության տակ
Արագածոտնի մարզը Հայաստանի այն մարզերից է, որն աչքի է ընկնում ոչ միայն իր բնակլիմայական պայմանների բազմազանությամբ, այլև բնակիչների խառնվածքների բազմազանությամբ: Բայց կա մի բան, որ կարելի է պնդել վստահությամբ և որը վերաբերում է ողջ մարզին` հիմնականում լեռնային այս տարածքում այնքան էլ չեն վստահում կին կառավարիչներին, այդ իսկ պատճառով նրանց թիվը ավագանիներում շատ չնչին է… էլ չասենք, որ ամբողջ մարզում ` 3 քաղաքային և 111 գյուղական համայնքներում, կին գյուղապետ կամ առավելս ևս կին քաղաքապետ ուղղակի գոյություն չունի:

Այդպես, 114 համայնքի միայն 22 համայնքներում ավագանիում կան կանայք: Ընդ որում հետաքրքիրն այն է, որ փոքրաթիվ ավագանի ունեցող համայքներում կանանց մասնակցություն դեռ կարելի է հանդիպել, ասենք ` երբ ավագանին ընդամենը 5 կամ 4 անդամ ունի, մինչդեռ 10 կամ 11 անդամ ունեցող ավագանիներում կանայք ուղղակի բացակայում են: Օրինակ, մարզկենտրոն Աշտարակն ունի 15 ավագանու անդամ, սակայն ոչ մի կին նրանց թվում: Իսկ ահա Արագածոտն համայնքը, որի ավագանին ընդամենը հինգ անդամ ունի, նրանցից երեքը կանայք են:

Սակայն մինչև չհամեմատես չոր թվերը ոչ պակաս չոր թվերի հետ ոչինչ ակնհայտ չի լինի: Խոսքը, մասնավորապես, նրա մասին է, որ երբ ասում ենք «մարզում կանանց ներկայությունը ավագանիներում կազմում է միայն 4.8 տոկոս» սա այնքան էլ պատկերավոր չէ, որքան նույն ցուցանիշը բերվի թվային-համեմատական կերպով: Այն է` Արագածոտնի մարզի համայնքային ավագանիներում 654 ավագանու տղամարդ անդամ կա, և միայն 33 կին ավագանու անդամ: Տպավորի՞չ է: Այո, հատկապես, եթե հաշվի առնենք, որ վերջին ՏԻՄ ընտրությունները, այդ թվում և մարզի համայնքների մեծ մասում, տեղի են ունեցել ընդամենը անցած սեպտեմբերին ու դրանից հետո թմբկահարվում էր կանանց թվի ավելացման մասին…. Թեև` գուցե առաջ պատկերն ավելի «ներդաշնակ է» եղել, այդ իսկ պատճառով այս ցուցանիշն առաջընթաց է համարվում:

Արագածոտնի մարզն աչքի է ընկնում նաև նրանով, որ այստեղ են հիմնականում կենտրոնացված Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններից եզդիները: Հաշվի առնելով եզդիների ազգային ավանդույթները զարմանալի չէ, որ եզդիական և ոչ մի համայնքում կին ավագանու անդամի անուն չհանդիպեցինք (հայտնի է, որ ավանդույթները ստիպում են դեռահաս աղջիկներին թողնել ուսումն ու դպրոցը և պատրաստվել ամուսնության):

«Արագածոտնի մարզը իր «բնավորության գծերով» յուրահատուկ մարզ է , որովհետև այստեղ կողք կողքի բնակվում են տեղացիներն ու նաև գաղթածները ` սասունցիներ, վանեցիներ, մշեցիներ: Սա է, որ բերում է մարդկային բնույթի բազմազանության` գյուղ առ գյուղ տարբեր բնավորություն, ավանդույթներ ունեցող մարզ է»,- Panorama.am-ի հետ զրույցում բնորոշեց Արագածոտնի մարզից ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը:

Նրա խոսքով, խորհրդարանական երկու ընտրություններ ստիպել են ավելի լավ ճանաչել մարզը, գյուղ առ գյուղ շփվել և ըստ այդմ հասկացել է, որ ամենքին յուրովի մոտեցում է պետք, քանի որ բոլորը տարբեր են: Տարբեր է նաև մոտեցումը, ըստ մեր զրուցակցի, նաև կանանց նկատմամբ, որովհետև ինչպես տարբեր է մարզի կառուցվածքը` լեռներ, բարձր լեռներ, տափաստաններ, այնպես էլ կանանց դերն է տարբերվում.

«Հարավային մասերում, օրինակ, կանայք ավելի ինտեգրված են հասարակությանը: Դա հիմնականում խոշոր համայնքներ ունեցող հատվածն է մարզի` Աշտարակ, Ապարան, Օշական, Ոսկեվազ… այս համայնքներում նման խնդիր չեմ տեսել: Թեպետ նշեմ, որ ընդհանրապես կարծում եմ ընդգծված խտրականություն մարզում չկա` կին, տղամարդ. չկա նման բան, այլ կա մասնագետի լուրջ խնդիր, սա ես հատուկ նշում եմ, որովհետև չեմ կարծում, որ եթե լավ մասնագետ լինի, բայց կին, դրա պատճառով միայն նա խնդիր ունենա: Այդ ժամանակները վաղուց անցել են»,- համոզմունք հայտնեց Ա.Ախոյանը: Միևնույն ժամանակ սակայն հիշեց, որ Արևմտյան Հայաստանի քրդական համայնքներում օրենքով կարգավորվող մեխանիզմներ կան, որոնք բերում են նրան, որ եթե համայնքի ղեկավարը տղամարդ է, ապա նրա առաջին տեղակալը անպայման պետք է կին լինի: Կամ որևէ հիմնարկի ղեկավարը կին է, ապա այս դեպքում տեղակալը պարտադիր պետք է տղամարդ լինի: Արագածոտնի մարզի եզդիական համայնքներում կին ավագանիների բացակայության մասին էլ Ա.Ախոյանը միայն նշեց, որ ամեն ազգ իր ավանդույթներն ունի, որոնց մեջ պետք չէ մտնել` ամենքն իր ավանդույթով է ապրում:

Թեև պատգամավորը նրանցից մեկն է, ով , մասնավորապես, «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասին» օրենքի քննարկման ժամանակ Ազգային Ժողովում կարծիք է հնչեցրել, որ կանանց ընդգրկումը կառավարման օղակներ շատ դրական միտումներ է իր մեջ պարունակում և առաջին հերթին նվազեցնում կոռուպցիոն ռիսկերը:
… ու որքան էլ նման կարծիքներ չհնչեցնեն տղամարդիկ, այդուհանդերձ թվերը, ինչպես ասում են, ավելի խոսուն են`114 համայնք, 687 ավագանու անդամ, որից միայն 33-ն են կին: Արագածոտնը շարունակում է մնալ տղամարդկանց տիրապետության տակ:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий