23.09.2013

Թեկուզ վաղը պատերազմը դադարի, հետ չեմ գնալու. Արցախում վերաբնակեցված սիրիահայ բժիշկ

Թեկուզ վաղը պատերազմը դադարի, հետ չեմ գնալու. Արցախում վերաբնակեցված սիրիահայ բժիշկ
Բժիշկ Մուշեղ Արոն ուղիղ մեկ տարի ու մեկ շաբաթ առաջ փակեց Սիրիայում գտնվող սեփական կլինիկայի դռները և ընտանիքի հետ տեղափոխվեց Հայաստան:
Իրենց քաղաքում իրավիճակը հանգիստ էր, բայց որոշել էին գալ: Վերջին օրը աշխատանքն ավարտեց, եկավ տուն, իրերն հավաքեցին ու եկան: Քիչ ժամանակ անց արդեն նոր տուն և աշխատանք ուներ: Նոր տոնը Արցախի Քաշաթաղի շրջանում է՝ Կովսկականում:

Այժմ գաստրոէնտերոլոգն աշխատում է Կովսականի տեղամասային հիվանդանոցում: «Երբ եկանք, տունը կիասապատրաստ էր: Մեզ տվեցին, ավարտեցինք, հիմա արդեն բոլոր պայմանները կան, ապրում ենք: Երեք սենյականոց բնակարան է»,- մեզ հետ զրույցում պատմեց նա:
Մուշեղ Արոն վաստակում է այնքան, որքան մյուս բժիշկները, աշխատավարձի չափից չի դժգոհում: «Իհարկե դժվարություններ կան, քանի որ երեխաներս ուսանողներ են, Երևանում են ապրում, բայց հարմարվում ենք»,- ասաց նա: Աղջիկն ապագա բժշկուհի է, սովորում է Բժշկական համալսարանի հինգերորդ կուրսում, տղան մասնագիտությամբ արյունաանոթային վիրաբույժ է և աշխատում է Միքայելյանի անվան ինստիտուտում:
Արցախում Մուշեղ Արոն կնոջ հետ է ապրում, ով նույնպես բժիշկ է: Սիրիայի և Արցախի բնակավայրերի միջև տարբերություններն ահռելի են, ասում է բժիշկը: «Բայց որպես հայ ինձ համար նշանակություն չունի, ես ավելի հանգիստ եմ Կովսականում, քան Սիրիայում: Ես անկեղծ եմ ասում, ոչ թե… քանի որ հայկական շրջապատում եմ»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում անկեղծացավ նա:
Տարբեր են նաև մարդիկ ու սովորությունները, սակայն բժիշկը նշում է, որ հայերի հետ շփվելն ավելի հեշտ է. «Մենք էլ ենք հայ»: Հարցին՝ ամենաշատն Արցախում ի՞նչն է Ձեզ դուր գալիս, բժիշկը պատասխանեց. «Այն, որ ապրում ենք հայրենիքում, ոչ ավել, ոչ պակաս»:
Բժշկի ամենասիրելի վայրը Կապանն է. «Եղել ենք այն մարդու նման, որը բանտում է ու միանգամից իջնում է քաղաք»: Սիրիայում թողեցին ամեն ինչ՝ սեփական կլինիկա, տուն, ունեցվածք, այստեղ ոչինչ չունեն, բայց Հայաստանից գնալու մասին անգամ չեն էլ մտածում: «Որ եկել եմ, անպայման պիտի մնամ: Թեկուզ վաղը Սիրիայում պատերազմը դադարի, չեմ գնալու: Շատերը Սիրիայից չեն եկել Հայաստան, որովհետև պարզապես տոմսի գումար չունեն»:
Արցախը ևս ապրում է փխրուն խաղաղությամբ, բայց դրա համար չեն անհանգստանում. «Կարևորը հիմա խաղաղ, հանգիստ ապրում ենք մեզ համար: Պատերազմի մասին չենք մտածում: Կյանքը Արցախում նորմալ ընթացքի մեջ է: Ես ու կինս էլ մեր տարիքն առած ենք, մեզ համար ավելի լավ է գյուղական վայրը: Հարևանների հետ էլ նորմալ շփվում ենք: Իրենց հետ ենք ապրում, պիտի լավ լինենք: Այստեղ նաև շատ սիրիահայեր կան»:
Արցախում այս պահին վերաբնակեցված է սիրիահայ մոտ 25-30 ընտանիք, 70-80 մարդ: Սիրիահայերն ապրում են Քաշաթաղի շրջանի Լաչին, Բերձոր, Իշխանաձոր, Կովսական, Իսմայելի համայնքներում:
Նյութեր թեմայով`
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий