28.07.2014

Առաջիկայում կլուծվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների խնդիրը


ՀՀ վարչապետի հանձնարարությամբ հուլիսի 24-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հանդիպեց «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովման ծրագրի» դեռևս շահառուներ ունեցող Սպիտակ քաղաքի և 24 գյուղական համայնքների ղեկավարների հետ՝ հստակեցնելու՝ համայնքների բնակիչները կողմնակի՞ց են նոր բնակարանների կառուցման, ֆինանսական աջակցության տրամադրման (գյուղական համայնքներում), թե՞ բնակարանների գնման վկայագրերի (քաղաքային համայնքներում) տրամադրաման տարբերակներին: Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետի տեղակալներ Ա. Դարբինյանը, Վ. Ասատրյանը, Տ. Բադոյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը և մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը: Հիշեցնենք, որ երեկ մարզի ղեկավարը հանդիպել էր Վանաձորի ծրագրի շահառու հանդիսացող ընտանիքների հետ:
Լ. Ասլանյանը տեղեկացրեց, որ «Գլենդել Հիլզ» ընկերության կողմից նշված 24 գյուղական համայնքներում մինչ օրս կառուցվել է 652 բնակելի տուն, մեկ սենյականոցի հավակնորդ 243 ընտանիքի տրամադրվել է 3-ական մլն դրամ ֆինանսական աջակցություն: Եվս 5 ընտանիք դատական կարգով վերականգնել է շահառու համարվելու և ֆինանսական աջակցություն ստանալու իր իրավունքը: Այս տարվա հունիսին «Գլենդել Հիլզ» ընկերությունը ներկայացրել է 2011թ. սկսված և չավարտված 255 բնակելի տների ցանկը: Նրանցից 81-ը, որոնք ավարտական փուլում էին, շահագործման կհանձնվեն մինչև օգոստոսի 1-ը (54-ն արդեն ավարտված են և ներկայացված ՀՀ քաղաքաշինության նախարարությանը՝ ձևակերպման նպատակով), մյուսները կավարտվեն մինչև դեկտեմբեր:
Ա. Նալբանդյանի տեղեկացմամբ՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից անցկացված խորհրդակցությանը քննարկվել են հատկապես մարզի 24 գյուղական համայնքների 168 ընտանիքներին (նրանց համար մինչ օրս որևէ շինարարություն չի իրականացվել) և Սպիտակ քաղաքի մեկ սենյականոցի հավակնող 49 ընտանքիներին բնակարաններով ապահովելու հարցը: Ելնելով խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականներից՝ մարզի ղեկավարը համայնքների ղեկավարներին առաջարկեց հստակեցնել, թե շահառու ընտանիքներն, ի՞նչ տարբերակով են ցանկանում բնակարան ձեռք բերել: Սպիտակ քաղաքի շահառուներին կառաջարկվի բնակարանների գնման վկայագրերի կամ նոր շենքի կառուցման, իսկ գյուղական համայնքներին՝ ֆինանսական աջակցության տրամադրման կամ նոր տան կառուցման տարբերակները: Մարզի ղեկավարը պահանջեց կարճ ժամանակամիջոցում կազմակերպել քաղաքացիների իրազեկման աշխատանքները և ներկայացնել արդյունքները: Ամփոփելուց հետո՝ մարզպետը բնակիչների կարծիքները կներակայացնի հուլիսի 29-ին Կառավարությունում անցկացվելիք խորհրդակցությանը, որից հետո էլ կհստակեցվեն անելիքները:
http://lori.gov.am/news/item/2014/07/24/news1/

Комментариев нет:

Отправить комментарий