21.09.2014

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 23-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ

    Սիրելի հայրենակիցներ: Արդեն 23-րդ տարին է, որ հայ ժողովուրդը տոնում է իր համար ամենանվիրական, ամենապանծալի Անկախության օրը: Նվիրական օր ոչ միայն ժամանակակիցներինս համար, այլև հայոց բոլոր ապրած և ծնվելիք սերունդների, քանզի մեր հարատևության, մեր արարումների, մեր հզորության ակունքն ինքը՝ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ է: Դարեր շարունակ մեր ժողովուրդը ստիպված է եղել լուծել ոչ թե զարգացման, հզորացման, պետականության ամրապնդման, այլ առաջին հերթին՝ գոյատևման խնդիրներ: Սակայն մեզանում երբեք չի մարել ազգային պետականություն ունենալու հույսը, ավելին, պատմության կողմից ընձեռված յուրաքանչյուր պատեհ դեպքում մենք ձգտել ու քայլեր ենք ձեռնարկել ունենալու մեր ազգային պետականությունը: Ավելի քան երկու տասնամյակ առաջ մենք՝ միասին, անցանք դժվարին ճանապարհ: Այդ ուղին անցավ պատերազմի, հայրենիքի և մեր անկախության պաշտպանության ու պանծալի հաղթանակի, պետականության կայացման ու ամրապնդման պայքարով: Մենք Հաղթեցինք: Հաղթեցինք՝ մեր ժողովրդի ճակատագրի նոր դարաշրջանի անկախ ուղի և ազգային պետություն արարելով: Հայոց պետություն նշանակում է հայոց երազանքի իրականացում: Ահա այսօրվա տոնի մեծագույն խորհուրդը: Մեր երկրի բոլոր ձեռքբերումներում, հաղթանակներում անմասն չէ Լոռու մարզն ու լոռեցին, մենք՝ բոլորս: Մենք միշտ ունեցել ենք մեր ծանրակշիռ ավանդը հայրենիքի տնտեսական հզորացման, մեր սուրբ սահմանները պաշտպանելու, մեր հոգևոր արժեքները պահպանելու և զարգացնելու գործում: Անշուշտ, ունենք նաև լուծելի լուրջ խնդիրներ և ծառացած բազմաթիվ մարտահրավերներ: Սակայն մենք ընկրկողներից չենք, ունակ ենք միասնաբար, քայլ առ քայլ հաղթահարելու դրանք: Չենք կասկածում՝ այդ ճակատում ևս կհաղթենք: Կրկին շնորհավորում եմ Մեծ տոնի առթիվ, բոլորիս մաղթում եմ խաղաղ աշխատանք՝ ի բարօրություն մեր ընտանիքների և մեր երկրի: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: Փա~ռք հայոց Անկախությանը: Շնորհավոր Անկախության տոնդ, Հայաստան:

 Արթուր Նալբանդյան
 Լոռու մարզպետ





















Комментариев нет:

Отправить комментарий