12.08.2012

Իրանի երկրաշարժի վիրավորների թիվն անցնում է 2.000–ը. հայկական համայնքը չի տուժել (տեսանյութ)




Իրանում նախօրեին տեղի ունեցած ավելի քան 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի վիրավորների թիվն ավելացել է` անցնելով 2.000-ը, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով իրանական Press TV-ն:


Ավելի վաղ հաղորդվում էր 1.800 վիրավորի մասին: Զոհերի թիվն անփոփոխ է` 250:


Երկրաշարժից առավել շատ տուժել են Թավրիզ քաղաքն ու մոտակա բնակավայրերը, որտեղ էլ գրանցվել են ամենաշատ զոհերը:
Սկզբում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ահար քաղաքում, իսկ շուտով դրան հաջորդել է 6.3 մագնիտուդով ևս մեկը` ցնցելով Վարզաքանն ու Հարիսը:


Ըստ CNN-ի՝ այս երկու ցնցումներին հաջորդել են 50-ից ավելի հետցնցումներ, որոնցից մի քանիսի ուժգնությունը հասել է 4 մագնիտուդի:

Իրանի ներքին գործերի փոխնախարար Հասան Կադամիի խոսքով` ավերվել է ավելի քան 110 գյուղ:

Ատրպատականի Հայոց թեմից hyeli.net-ին հայտնել են, որ հայկական համայնքը մարդկային կորուստներ չի կրել:

Հիշեցնենք, որ երկրաշարժը 3-4 բալ ուժգնությամբ զգացվել էր նաև Հայաստանում՝ առավելապես երկրի հարավային շրջաններում։

 

Комментариев нет:

Отправить комментарий