Ազգային ժողովը նոյեմբերի 13-ին 73 կողմ, 9 դեմ և 17 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է նվազագույն աշխատավարձի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով նախատեսվում է նվազագույն աշխատավարձն ավելացնել 2500 դրամով (մոտ 6 դոլար): Այդպիսով, 2013թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը Հայաստանում 32,5 հազար դրամի փոխարեն կկազմի 35 հազար դրամ (մոտ 86 դոլար): Փորձենք դիտարկել, թե ինչպիսի էվոլյուցիայի է ենթարկվել նվազագույն աշխատավարձի մակարդակը վերջին 12 տարիների ընթացքում: Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը 1999 թվականին սահմանվել է 5 000 ՀՀ դրամ, որը պահպանվել է մինչև 2003 թվականը ներառյալ: 2004 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանվել է 13 000 ՀՀ դրամ` աճելով նախկին 5 000 ՀՀ դրամ նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ 160 տոկոսով: 2006 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանվել է 15 000 ՀՀ դրամ, 2007 թվականի հունվարի 1-ից` 20 000 ՀՀ դրամ: 2008 թվականի հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվել է 25 000 ՀՀ դրամ` աճելով նախկին 20000 ՀՀ դրամի նկատմամբ 25 տոկոսով: 2009 թվականի հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվել է 30 000 ՀՀ դրամ` աճելով նախկին 20 000 ՀՀ դրամի նկատմամբ 20 տոկոսով: 2010 թվականին պահպանվել է 2009 թվականին սահմանված 30 000 ՀՀ դրամ չափը: 2011 թվականի հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվել է 32 500 ՀՀ դրամ` աճելով նախկին 30 000 դրամի նկատմամբ 8,3 տոկոսով: 2012 թվականի համար պահպանվել է 2011 թվականին սահմանված 32 500 ՀՀ դրամ չափը:
«Եվրոստատ»-ի տվյալների համաձայն, Հայաստանը եվրոպական պետությունների շրջանում վերջին տեղն է զբաղեցնում նվազագույն աշխատավարձի մակարդակով, իսկ ԱՊՀ երկրների շրջանում գտնվում է վերջից երրորդ տեղում` զիջելով միայն Ղրղըզստանին և Տաջիկստանին: Այսպիսով, բնական հարց է առաջանում `նման նվազագույն աշխատավարձի սահմանման դեպքում ինչպիսի՞ գնաճ է ապահովվում մեր հանրապետությունում: Նշենք, որ վիճակագրական տվյալների համաձայն, վերջին տարիներին հիմնական գնաճն արձանագրվել է հիմնական սպառվող պարենային մթերքների նկատմամբ, զուգահեռ նաև արձանագրվել է գնաճ դիզվառելիքի, բենզինի, հագուստի նկատմամբ: Գնանկման հիմնական ոլորտ արձանագրվել է շինանյութերի շուկայում:
Ստացվում է, երբ օրինակ 2011թ.-ի սեպտեմբերին 2010թ.-ի սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է շաքարավազի 46.4%, իսկ 2011թ. օգոստոսի համեմատ` 20.9% գնաճ, սա միայն շաքարավազի շուկայում, ապա հարց է ծագում` ինչու՞ 2011 թվականին 2010թ.-ի համեմատ արձանագրվում է նվազագույն աշխատավարձի աճ` ընդամենը 8,3 տոկոս, որն իր մեջ պետք է ներառի նվազագույն
գնողունակությունն ամբողջ սպառողական զամբյուղի նկատմամբ, իսկ միայն մեկ ապրանքատեսակի գծով նման 46,4 տոկոս: Անհեթեթություն է, իհարկե, քանի որ ոչ մի զարգացող և զարգացած երկրում նման անհամապատասխան գնաճ և աշխատավարձերի մակարդակ չեն կիրառում, քաղաքացիներին ապահովում են նվազագույն սպառողական զամբյուղի նկատմամբ գնողունակությամբ, դրան ավելացված`սոցապահովագրության և բժշկական ծառայություններից օգտվելու փաթեթով: Տարրական մինիմալ հաշվարկների դիտարկմամբ անգամ պարզ է դառնում, որ եթե քաղաքացին ամսական կտրվածքով աշխատում է նվազագույնը 24 օր և միայն երթևեկության վրա ծախսելու է 4 800 դրամ, ապա մնացած աշխատավարձով ինչպե՞ ս վճարել կոմունալ վճարներ, հոգալ մինիմալ կարիքներ և այլն: Մեր կառավարության անդամները, եթե փորձեին ցանկացած ընդունվող օրենք առաջին հերթին կիրառել սեփական փորձի հիման վրա, վստահ եմ` ներկայիս գործող օրենքների 70 տոկոսից ավելին երբեք ընդունված չէր լինի: Եթե նույն օրենսդիրները գիտակցում են, որ իրենց 246 հազար աշխատավարձը իրենց չի բավականացնում անգամ կոստյում գնելու համար, ապա ի՞նչ ասի հասարակ քաղաքացին, ով դրանից ութապատիկ պակաս գումարով արդեն գոյատևելու նոր ձևերի և հնարքների է սկսել տիրապետել:
Ու հետո խոսում ենք կեղծ հայրենասիրությունից, արտագաղթը կանխելու միջոցների մասին, լավ կլիներ խոսելու փոխարեն մոնոպոլ շուկաներից ազատվեին, մարդկանց համար արժանապատիվ կյանք ապահովեին: Կարծում եմ `այսքանն էլ բավական է մեր երկրի գների և աշխատավարձերի ճղճիմ պատկերը հասկանալու համար, եվրոպական և ամերիկյան բրենդերով քաղաքացիներին զարմացնելով` հաստատ երկրում չեն պահում, նույն բրենդը մարդիկ դրսում կգտնեն, եթե մարդիկ գերադասում են դա:
http://www.galatv.am
Комментариев нет:
Отправить комментарий