21.12.2012

Ադրբեջանի ջանքերը ՄԱԿ-ում անօգուտ են եղել


Ադրբեջանի ջանքերը ՄԱԿ-ում անօգուտ են եղել    ԱԳՆ-ն այսօր հաղորդագրություն էր տարածել ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման կոմիտեում Հայաստանի լիիրավ անդամակցության մասին, որտեղ հպանցիկ ներկայացված էր, թե Ադրբեջանը ամիսներ շարունակ փորձել է խոչընդոտներ հարուցել այդ կառուցում Հայաստանի ընդգրկվելուն։
Դիվանագիտական աղբյուներից մեզ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի առարկությունը չեզոքացնելու և ՄԱԿ-ի անդամների աջակցությունը ստանալուն հաջորդել է լայնածավալ դիվանագիտական աշխատանք, ինչպես Նյու-Յորքում, այնպես էլ տարբեր մայրցամաքներում գտնվող տարբեր մայրաքաղաքներում։
Մի քանի ամիս տևած քննարկումների արդյունքում` հայկական պատվիրակության պահանջով Ադրբեջանի առաջարկությունը, որը հասցրել էր զարմացնել ու զայրացնել շատերին, քվեարկության է դրվել ու ՄԱԿ-ի անդամ պետությունների ճնշող մեծամասնությունը քվեարկել են Ադրբեջանի առաջարկին դեմ:
Այնուհետև, ՀՀ պատվիրակության երկրորդ պահանջով, այս անգամ կոմիտեին անդամակցության մասին որոշման նախագիծն է դրվել քվեարկության, որի ընթացքում ՄԱԿ-ի անդամ պետությունները քվեարկել են ի օգուտ Հայաստանի՝ Ադրբեջանին թողնելով միայնակ, ու դրանով իսկ պաշտոնական Բաքվին հասկացնելով, որ միջազգային հարթակներում Հայաստանին մեկուսացնելու Ադրբեջանի ծրագիրն ի սկզբանե դատապարտված է ձախողման:
Ընթացակարգի համաձայն, ու վերջնական որոշում ընդունելու համար, դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի վերը նշված կոմիտեում Հայաստանի անդամակցության հարցը կրկին քննարկվել է՝ այս անգամ Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում: Անզոր լինելով ազդել ԳԱ որոշման վրա, ադրբեջանական կողմը հանդես է եկել բացատրական ելույթով՝ կրկնելով իր քարոզչության զինանոցի ձևակերպումներն և անօգնական ու անպատասխան կոչեր անելով դատապարտել Հայաստանի «ագրեսիվ» քաղաքականությունն, այլ ոչ թե այդ երկիրն ընդունել միջազգային կառույցներում և ատյաններում:
Ի պատասխան ադրբեջանական ցնորաբանությունների, նիստում հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը՝ նշելով, որ Ադրբեջանի փորձերը խոչընդոտել Հայաստանի անդամակցությանը ՄԱԿ-ի կառույցներում պարզապես անընդունելի են, և որ դրանք հակասում են ՄԱԿ-ի անդամներին հավասարապես հարգելու և հարաբերելու ՄԱԿ-ի կանոնադրության դրույթներին: Նա նաև նկատել է, որ ադրբեջանական կողմի՝ Բաքվում ներքին սպառման համար նախատեսված հայտարարություններն արվում են տարածաշրջանում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների և 1994թ. հրադադարի ռեժիմի խախտումների պատասխանատվությունից խուսափելու համար ու հավելել, որ սեփական ոճրագործությունները կոծկելու համար ուրիշներին մեղադրելը Ադրբեջանի համար վաղուց ի վեր դարձել է պրակտիկա:
Դեսպան Նազարյանը հավելել է, որ տիեզերքի ուսումնասիրությունը պետք է ծառայի մարդկության առաջընթացին, ի շահ ժողովուրդների և պետությունների ու երախտագիտություն հայտնել ՄԱԿ-ի անդամ երկրներին կոմիտեին Հայաստանի անդամակցության հարցում ցուցաբերած անվերապահ աջակցության համար:
Անդակամցությունը այդ կոմիտեում հնարավորություն կընձեռնի Հայաստանին մասնակցել ՄԱԿ-ի հովանու ներքո տիեզերքի ուսումնասիրության և խաղաղ օգտագործման ուղղությամբ միջազգային հանրության և գիտական համայնքի կողմից տարվող աշխատանքներին, ինչպես նաև մասնակցել ՄԱԿ-ի այդ մարմնի գիտական և տեխնիկական կոմիտեի քննարկումներին:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий