13.06.2013

Հովիկ Մուրադյանի սպանությունը կատարողներին փնտրում են իր հայրենակիցների մեջ. «Известия»

Հովիկ Մուրադյանի սպանությունը կատարողներին փնտրում են իր հայրենակիցների մեջ. «Известия»
Հայազգի խոշոր բիզնեսմեն, «ԲԱՄՕ» ընկերության սեփականատեր Հովիկ Մուրադյանի սպանության գործը հետաքննող քննիչները սպանությունը կապում են նրա բիզնեսի հետ և համարում, որ այն պատվերով սպանություն էր: Ինչպես գրում է «Известия»-ն, սպանությունը կատարողներին փնտրում են իր հայրենակիցների մեջ. նրա դանակահարությունը, ըստ գործը քննող քննիչների, էթնիկական ձեռագիր ունի:
51-ամյա Հովիկ Մուրադյանին, որը Իրաքում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուրադ Մուրադյանի եղբայրն էր, սպանել էին հունիսի 11-ին, Մոսկվայի Lotte Plaza հյուրանոց մուտք գործելիս: Սպանության փաստի կապակցությամբ քրեական գործ էր հարուցվել` ՌԴ Քրեական օրենսգրքի 105 հոդվածի հատկանիշներով` «սպանությունը»: Հայտնի է, որ Հովհաննես Մուրադյանը հյուրանոց էր գնացել բիզնեսի գծով իր գործընկերոջ հետ հանդիպելու համար: Մուրադյանները շինարարական «ԲԱՄՕ» կոնցեռնի ղեկավարն էին, որին, ի դեպ, պատկանում է Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը:
Գործարարի հետ կատարվածը արձանագրել էին հյուրանոցի անվտանգության համակարգի տեսախցիկները, որոնց օգնությամբ այժմ քննիչները փորձում են գտնել մարդասպանին:
Հովիկ Մուրադյանն ունի ևս երեք եղբայր` Բորիս, Հակոբ և Մուրադ: Մուրադ Մուրադյանը, որը Իրաքում Հայաստանի դեսպանն է, Հովիկ Մուրադյանի երկվորյակն է և ծնվել է նրա ծնվելուց մի քանի րոպե հետո: Հատկանշական է, որ հունիսի 12-ին նրանք պետք է նշեին իրենց ծննդյան օրը:
Մուրադյանների հիմնադրած «ԲԱՄՕ» (ի դեպ, այս անվանումը ծագել է եղբայրների անունների առաջին տառերի հապավումից) ընկերությունը հիմնադրվել է 1990-ական թվականներին: Վերջին ժամանակները Մուրադ Մուրադյանը հեռացել է բիզնեսից և նշանակվել Իրաքում Հայաստանի դեսպան:

Ըստ աղբյուրի, քննիչները կարծում են, որ Մուրադյանի սպանությունը պատվիրված է եղել և, ամենայն հավանականությամբ, եղել է նրա հայրենակիցը կամ ներգաղթյալ Կովկասից: Լրատվամիջոցը նշում է, որ առաջին հերթին քննիչները սպանության պատճառները կփնտրեն Հովիկ Մուրադյանի ընտանեկան բիզնեսի մեջ: 

Комментариев нет:

Отправить комментарий