19.06.2013

Ռուսաստանը գրոհի է անցել Հայաստանի դեմ

Գազպրոմը ցանկանում է ստանալ Հայաստանի գազաբաշխիչ ցանցերի բաժնետոմսերի 100 %-ը: Այժմ նրան է պատկանում 80 տոկոսը, իսկ Հայաստանի կառավարությանը պատկանող 20 տոկոսը դեռեւս թույլ է տալիս Հայաստանին ազդել իրավիճակի վրա:
Թվում էր, թե Գազպրոմի ինչին է պետք 100 տոկոսը, եթե ինչպես ցանկանում, այնպես էլ «պտտում է» Հայաստանը: Խնդիրը թերեւս աշխարհաքաղաքականության մեջ է: Տարածաշրջանում արմատական փոփոխություններ են սպասվում, եւ կարող է այնպես ստացվել, որ շատ շուտով Հայաստանը որոշի գազ գնել ոչ թե Ռուսաստանից, այլ օրինակ Իրանից: Դա լիովին հավանական է Իրանի նախագահի պաշտոնում չափավոր պահպանողական Հասան Ռուհանիի ընտրվելուց հետո:
Ընտրվելուց մեկ օր անց նա հայտարարել է, որ մտադիր է բարելավել հարաբերություններն Արեւմուտքի հետ: ՄԱԳԱՏԷ-ն այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որում նշվում է, որ Իրանի դեմ պատժամիջոցներն իմաստ չունեն: Կարելի է սպասել նաեւ ԱՄՆ տոնի մեղմացում: Պատահական չէ նաեւ, որ ռուսական մամուլում տեղեկություն է հայտնվել, ըստ որի Իրանը մտադիր է Հայաստանով գազամուղ կառուցել դեպի Վրաստան՝ Սեւ ծով ելքով:
Դա կնշանակի, որ Ռուսաստանի գազային մենաշնորհի փոխարեն Արեւմուտքը գերադասում է Իրանի հետ համագործակցությունը: Հասկանալի է, որ եթե խողովակաշարն անցկացվի, Հայաստանը տրանզիտ երկիր կդառնա: Սակայն եթե Գազպրոմը մենաշնորհ ունենա Հայաստանի գազաբաշխիչ ցանցերի վրա, կստացվի, որ տրանզիտեր է դառնում Գազպրոմը:
Ռուսական գազային հրեշն այժմ էլ է Հայաստանում գազի գնի հետ մանիպուլյացիաներ անում: Այն Հայաստանի սահմանին իբր եվրոպականից ցածր գնով է գազ վաճառում, սակայն Հայռուսգազարդի միջոցով այնպիսի մարժա է ավելացնում, որ սպառողին գազը եվրոպականից թանկ գնով է հասնում: Մի խոսքով, Գազպրոմի հետ պայմանագիրը ոչ ոքի ցույց չեն տալիս, եւ ոչ ոք չգիտի, թե ինչ գնով է այն վաճառվում: Նույն կերպ ոչ ոք չգիտի, թե Իրանն ինչ գնով է գազ վաճառում, որը Գազպրոմը նույնպես վերցնում է սահմանին:
Այժմ Ռուսաստանը որոշել է Հայաստանն ամբողջությամբ մեկուսացնել տարածաշրջանային էներգետիկ նախագծերից: Այն Երեւանին բաշխիչ ցանցի ազգայնացումից բացի այլ ելք չի թողնում: Հայաստանի խորհրդարանը լիովին իրավունք ունի քննարկել այդ հարցը եւ ազգայնացման որոշում ընդունել, ինչպես նաեւ ընդհանրապես հրաժարավել ռուսական գազից: Դրա համար, իհարկե, ամուր քաղաքական կամք եւ կողմնակի աջակցություն է պետք: Իրանն արդեն ակնարկել է, որ պատրաստ է աջակցել Հայաստանին: ԱՄՆ-ը նույնպես չի թաքցնում, որ Հայաստանի էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացիա է ցանկանում:
Գազպրոմը Եվրոպայում կորցնում է վաճառքի ծավալները եւ այժմ իր հայացքն ուղղել է դեպի Արեւելք: Այն ատամներով է պահելու հայկական շուկան, որպեսզի ստանա նաեւ իրանական գազի տրանզիտի մենաշնորհը: Սակայն սկզբում Մոսկվան արգելափակելու է բոլոր տարածաշրջանային նախագծերը, ինչպես այժմ արգելափայում է տարածաշրջանում հաղորդուղիներ բացելու Արեւմուտքի ջանքերը: Քանի դեռ ԱՄՆ-ը եւ Եվրոպան փորձում են համոզել Ադրբեջանին առանց ղարաբաղյան կարգավորման բացել հաղորդուղիները, Ռուսաստանն Ադրբեջանին գերժամանակակից զենք է վաճառում: 

Комментариев нет:

Отправить комментарий