17.06.2013

Ի՞նչ արժե հանգիստը Հայաստանում եւ արտերկրում. Գներ, ծառայություններ

Ի՞նչ արժե հանգիստը Հայաստանում եւ արտերկրում. Գներ, ծառայություններ
Եթե Հայաստանում հանգիստ անցկացողների նախընտրություններն ավելի քիչ եւ ուշ են փոխվում, ապա նույնը չի կարելի ասել արտերկրում հանգստանալ նախընտրող հայերի մասին: NEWS.am-ի թղթակիցը տուրիստական գործակալություններից փորձել է պարզել, թե Հայաստանում եւ արտերկում որտեղ են հանգստի մեկնում հայերը եւ ինչ գներ են գործում:
Այսպես, «Ռիմա թրավելից» մեզ հայտնեցին, որ Հայաստանում հանգիստը հիմնականում նախընտրում են անցկացնել նորապսակները, ովքեր սոցիալական առումով այնքան ապահովված չեն, որ մեկնեն արտերկիր, հետեւաբար`  նախընտրում են որեւէ հյուրանոցում երկու-երեք օր անցկացնել: Այստեղ հանգստացողները հիմնականում մեկնում են Ջերմուկ, առողջական խնդիր ունեցողները երբեմն ստիպված են լինում այնտեղ հանգիստն անցկացնել: 7օրյա հանգիստը երկու անձի համար Ջերմուկում սկսվում է 210 հազար դրամ, Արզնիում` 240 հազար դրամ, Դիլիջանում`  245 հազար դրամից, Աղվերանում` 203 հազար դրամից,  Ծաղկաձորում` 280 հազար դրամից:
«Դոլչե թարվելից»  մեզ հայտնեցին, որ մեկօրյա հանգիստը Ծաղկաձորում սկսվում է 5000 հազար դրամից, Սեւանում` 10 հազար դրամից, իսկ Ջերմուկում` 12 հազար դրամից: Իսկ «Ռեստ տուրի» փոխանցմամբ` Ծաղկաձորում մեկօրյա հանգիստը սկսվում է 12-13 հազար դրամից:
«Արգո տուրից» մեզ հայտնեցին, որ այստեղ հիմնականում նախընտրում են հանգիստն անցկացնել սփյուռքահայերը, օտարերկրացիները, որոնք բացի Ծաղկաձոր, Դիլիջան, Սեւան մեկնելուց, սկսել են նաեւ Ղարաբաղ գնալ: Տուրգործակալության փոխանցմամբ` հայաստանյան հանգստավայրերում մեկ անձի համար 7օրյա հանգիստը սկսվում է 100 հազար դրամից:
Ինչ վերաբերում է արտերկիր մեկնելուն, ապա հայ զբոսաշրջիկները շատ են ցանկանում մեկնել եվրոպական երկիր` հանգստանալու, բայց ավիատոմսների թանկության, վիզա ստանալու եւ թղթաբանության խնդրի առաջ կանգնելուն պես հրաժարվում են այդ ցանկությունից, եւ մեկնում են հիմնականում Եգիպտոս, Թուրքիա, Արաբական Միացյալ Էմիրություններ:
«Ռիմա թրավելի» փոխանցմամբ` 7 օրյա հանգիստը մեկ անձի համար Եգիպտոսում սկսվում է  450 դոլարից, Անթալիայում` 900 դոլարից, Հունաստանում` 1500 դոլարից, Բուլղարիայում` 1300 դոլարից, իսկ Դուբայում այս տարի փոքր-ինչ թանկացել է` 800-900 դոլար, ինչը պայմանավորված է «Արմավիայի» սնանկացումից հետո ավիատոմսերի բարձր գներով: Վրաստանում  հանգիստը համեմատաբար էժան է, մեկ անձի համար 7օրյա հանգիստը սկսվում է 75 հազար դրամից: Եվրոպական երկրներում մեկշաբաթյա հանգիստը մեկ անձի համար կարժենա մոտ 1500 եվրո:
«Դոլչե թրավելից» հայտնեցին, որ այս տարի Անթալիայում հանգիստն անցկացնել ցանկացողների թիվը նվազել է` պայմանավորված այնտեղից ստացվող «ոչ լավ լուրերով»` քաղաքական լարված իրավիճակ, հայերի սպանություններ եւ այլն: Փոխարենը հայ զբոսաշրջիկները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Եգիպտոսի նկատմամբ, այսպես մեկ անձի համար 7օրյա հանգիստն Անթալիայում սկսվում է 450 դոլարից, Եգիպտոսում` 420 դոլարից, իսկ Դուբայում`2 անձի համար մեկշաբաթյա հանգիստն կարժենա 880 հազար դրամ:  «Եվրոպական երկրներ մեկնել ցանկացողները եւս շատ են, բայց գները իմանում են, փոշմանում են, կա նաեւ վիզաների խնդիր»,- ասաց աշխատակիցը` հավելելով, որ մեկ անձի համար 7օրյա հանգիստը Իտալիայում, Ֆրանսիա սկսվում է 870 եվրոյից:
«Արգո տուրից» հայտնեցին, որ 7օրյա հանգիստն 2 անձի համար Անթալիայում սկսվում է 2300 դոլարից, Դուբայում` 1500-2000 դոլարից, Բուլղարիայում` 2500-3000 դոլարից: Եվրոպական երկրներից հայերը նախընտրում են Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, ինչպես նաեւ էկզոտիկ երկրները` Կուբա, Թաիլանդ, Շրի Լանկա, այս վայրերում 2 անձի համար 7օրյա հանգիստը սկսվում է 2000-3000 դոլարից:

Комментариев нет:

Отправить комментарий