14.06.2013

Բյուրականի աստղադիտարանը դարձավ ԳՄՄԽի համաշխարհային տվյալների համակարգի անդամ

Բյուրականի աստղադիտարանը դարձավ ԳՄՄԽի համաշխարհային տվյալների համակարգի անդամ
Բյուրականի աստղադիտարանը դարձել է Գիտական միությունների միջազգային խորհրդի (International Council of Scientific Unions – ICSU) համաշխարհային տվյալների համակարգի (World Data System – WDS, http://www.icsu-wds.org/) անդամ, տեղեկացնում են Հայկական աստղագիտական ընկերությունից:

Ներկայումս մի շարք գիտություններ և մարդկային գործունեության այլ ոլորտներ սկսել են լայնորեն օգտագործել բոլոր բնագավառներում կուտակված տվյալները և փոխանակվել դրանցով: Օրինակ, աստղագետներն օգտագործում են ատոմային սպեկտրադիտության տվյալները, հաղորդակցության միջոցները՝ օդերևութաբանության, տիեզերական թռիչքների համար օգտագործում են աստղաչափական տվյալները և այլն:

Այդ առիթով գաղափար է առաջացել ստեղծել բոլոր տվյալների մի հսկայական շտեմարան, որտեղ հատուկ ձևաչափով կպահվեն և օգտագործման համար հարմար տեսքով մատչելի կլինեն տարբեր գիտություններից ստացված տվյալները: Հենց դրա համար էլ վերջերս վիրտուալ աստղադիտարանների օրինակով ստեղծվել է WDS-ը, որն իրենից ներկայացնում է հատուկ ծրագրային ապահովմամբ աշխատող ակտիվ տվյալների շտեմարան: Բյուրականի աստղադիտարանում է իրականացվել Հայաստանում առաջին թվայնացման նախագիծը՝ Թվայնացված առաջին բյուրականյան շրջահայությունը, այնուհետև դրա հիման վրա ստեղծվել է Հայկական վիրտուալ աստղադիտարանը:

Այս աշխատանքների և Բյուրականում կուտակված այլ դիտողական տվյալների ներգրավման համար էլ Բյուրականի աստղադիտարանն ընդունվել է ICSU WDS, որի կազմում արդեն ներգրավվել են շուրջ 100 գիտական կազմակերպություններ, տվյալների կենտրոններ ու շտեմարաններ, գիտահետազոտական և այլ ինստիտուտներ: Տվյալների ինտեգրման շնորհիվ առավել հեշտ ու մատչելի է դառնում գիտական, հատկապես միջճյուղային հետազոտությունների իրականացումը, ինչը խթանում է համագործակցության նոր ծրագրերի և գիտական նոր ուղղությունների առաջացմանը:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий