«Զանգեցին, ասացին Հովիկին տեղափոխել են հոսպիտալ: Գնում ենք հոսպիտալ, հետո իմանում ենք, որ հոգեբուժարանում է: Առաջին շաբաթը Հովոն ո՛չ խոսում էր, ո՛չ էլ ինձ էր ճանաչում: Հովոյի մեջքը, ոտքը կապույտ էին, պարզ էր՝ հարվածներ էին եղել»,- ասաց հայրը, ով որդուն հոգեբուժարան ուղարկելու 12-րդ օրն է իմացել նրա այնտեղ գտնվելու մասին: Վարդան Վարդանյանը պատմեց, որ որդուն հիվանդանոցից դուրս գրելուց հետո տուն են ուղարկել, մինչդեռ հնարավոր չէր Հովոյին տան պայմաններում պահել. տղան անկայուն շարժումներ էր անում, փողոց դուրս գալիս էլ դիմում էր փախուստի:
Երկու ամիս Նորք-Մարաշի հոգեբուժարանում պառկելուց հետո նրանց ուղարկում են նյարդաբան Հենրի Բակունցի մոտ, ով մինչ օրս էլ անվճար հիմունքներով զբաղվում է Հովհաննեսի բուժմամբ:
Հոր խոսքերով՝ որդին պատմել է, որ վեճը ծագել է, երբ ինքը սպային խնդրել է իրեն տուն ուղարկել, քանի որ հորեղբայրը մահացել էր: «Սպան Հովոյին մասաժ անել է տալիս ստիպողաբար, ասել է՝ չեմ անի... այդտեղից էլ սկսվել է ամեն ինչ»,- ասաց Վարդան Վարդանյանը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ շարունակություն է ունեցել «մասաժը», միայն նշեց, որ տղայի վրա բռնության բազմաթիվ հետքեր են եղել:
Ու թեև քրեական գործ է հարուցվել էր ՀՀ Քր.Օր.-ի 375 հոդվածի հատկանիշներով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը), ավելի ուշ Վարդան Վարդանյանն ասել է, որ ինքը ոչ մի պահանջ չունի այն պայմանով, որ հոգան որդու բժշկական բոլոր ծախսերը, բուժեն նրան, ընդհուպ՝ դրսում բուժումը կազմակերպեն։ Սակայն օրերս հայրը, որ որդու բուժման համար դրամական օգնության խնդրանքով դիմել էր նախարարություն, ստացել է հետևյալ պատասխանը. «Դրամական օգնության խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հասեցագրված Ձեր դիմումի վերաբերյալ տեղեկացնում եմ, որ ՀՀ Կառավարության 27.11.2000թ. թիվ 778 որոշման պահանջներից ելնելով՝ ֆինանսական միջոցներ լինելու դեպքում 10.000 դրամ օգնություն կհատկացվի»: ՀՀ ՊՆ ԶՍՊ վաչրչության պետ Ս. Հարությունյանի այս պատասխանը խորապես վիրավորել է ընտանիքին, նրանք այդ 10.000 դրամը չեն ուզում, ասում են՝ «թող ուրիշ կարիքավորների համար պահեն...»։
Իրականում ընտանիքն ապրում է ծանր սոցիալական պայմաններում, Արարատ քաղաքի կիսախարխուլ, կիսավեր հանրակացարանի (որտեղ 41 ընտանիք է ապրում) երկրորդ հարկում: Աշխատում է միայն Վարդան Վարդանյանը, ստանում է 80.000 դրամ աշխատավարձ, մինչդեռ ընտանիքը պահել է պետք:
«Որդուս մենակ Ավան տանել-բերելու համար 10.000 դրամ է անհրաժեշտ: Իր ստացած թոշակով, որ 33 հազար դրամ է կազմում, անգամ տանել-բերել չեմ կարողանում, մինչդեռ հոգեմետ դեղեր ստանալուց հետո նա պետք է լավ սնվի, բժիշկն է ասել, բայց...»,- ասաց սրտնեղած հայրը:
Նա նշեց, որ թեև ՊՆ-ում ասել են, որ հնարավոր ամեն բան կանեն դրսում բուժելու համար, հիմա, սակայն, ոչինչ չեն անում, անգամ չեն էլ հետաքրքրվում զինվորի ճակատագրով:
«Անընդհատ տարել-բերել են այնքան, որ նյարդայնանամ, ասեմ՝ ինձ ոչինչ պետք չէ: Մինչև հիմա իմ ուժերով բուժում եմ, չեն հետաքրքրվում Հովիկով, հո Հովիկով չսկսվեցին-վերջացան դեպքերը»,- ասաց Վարդան Վարդանյանը:
Առաջ գրեթե ամեն օր էր հայրը որդուն բժշկի բերում Երևան, հետո բժշկին խնդրել է, որ չի կարող, շաբաթը մեկ էին գալիս, հիմա էլ՝ տասը օրը մեկ: «Բժշկից շատ գոհ եմ, գոհ եմ նաև հոգեբան Արսենից»,- ասաց հայրը:
Հովհաննես Վարդանյանը վստահ է, որ բուժվելու է, վստահում է բժշկին՝ Հ. Բակունցին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ խուսափում է տեսախցիկի առաջ երևալ, սակայն խոստացավ. «Հիմա դեռ 15 տոկոս եմ բուժվել, ամբողջական բուժվելու դեպքում հարցազրույց եմ տալու»: Նա ասաց, որ հիմա անտարբեր է դարձել, ոչ մի հետաքրքրություն չունի, որ հիմա ինքը մենակ լավ տրամաբանում է, ուրիշ ոչ մի բան, ոչ մի զգացմունք չկա՝ ո՛չ կյանքի, ո՛չ ներկայի, ո՛չ ապագայի նկատմամբ: Հովոն պատմեց, որ ինքը մինչև բանակը շատ ժիր էր. «Ժիզնիռադստնի տղա էի, երազկոտ էի, ամեն ինչի թեթև էի նայում, դպրոցում էլ լավ էի սովորում, ռուսերեն շատ լավ գիտեի, բանակում էլ լավ եմ սովորել, լավ գիտեի իմ պարտականությունները: Ես հուսով եմ, որ լավ եմ լինելու... վստահում եմ բժշկին»:
Բանակի մասին էլ չէր ուզում ոչինչ հիշել, և ոչինչ չէր ուզում պատմել, միայն ասաց, որ ինքը լավագույն զինվորներից մեկն էր, ութ ամիս պոստում է եղել։ «Ինձ սերժանտ էին ուզում տալ, չուզեցի»,- ասաց նա:
Բժիշկն էլ ասել է, որ լավ կլինի տղայի բուժումը արտասահմանում շարունակել՝ ԱՄՆ-ում կամ Գերմանիայում: Հայրը պատրաստ է ամեն ինչ անելու, բայց որևէ հնարավորություն չունի, անգամ բնակարան չունի վաճառելու:
Ի դեպ, տիկին Անահիտը՝ Հովհաննես Վարդանյանի մայրը, որդու հետ կատարվածից հետո կորցրել է առողջությունը:
Իսկ մոտ տասն օր առաջ Հովիկն իր երակները կտրելու փորձ է արել...
Հիշեցնենք, որ տեսանյութում Հովհաննեսն անկանոն շարժումներ էր անում, երգում էր ու պարում, պատմում, որ զորամասում ծեծի է ենթարկվել սպաների կողմից, ովքեր փորձել են բռնաբարել իրեն: Հորն ասել են, որ տղան վախեցել է, վախից է առաջացել հիվանդությունը, սակայն երկու ամիս հետո դեռ երևում էին մարմնի հետքերը...
Ծնողները ոչինչ չեն ուզում, միայն թե Հովոն բուժվի.. .http://www.1in.am/arm/armenia_society_192475.html
Комментариев нет:
Отправить комментарий