13.06.2013

«Կարծում եմ` կառավարությանը ձեռք չի տալիս կիրթ սերունդ ունենալը»

Hovhannes_Ghazaryan (1)Այն, ինչ կատարվեց եւ կատարվում է Հայաստանի Հանրապետությունում վերջին ամիսներին, իսկապես մտահոգիչ է: Արտագաղթի ծավալների մեծացմանը եւ գազի թանկացմանը գումարվում է նաեւ էլեկտրաէներգիայի գնի թանկացումը, ջրի թանկացումն էլ չի ուշանա, իսկ բուհերում ուսման վճարներները բարձրանալու էն: Այս վիճակի մեջ միակ «լուսավոր» կետը համարվում է նվազագույն աշխատավարձի բարձրացումը: Այս թեմայով զրուցեցինք Վանաձորի «Ոսկե Միջին-հասարակական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Հովհաննես Ղազարյանի հետ:
-Պարոն Ղազարյանինչպե՞ս կգնահատեք իշխանությունների այս քայլըդրականփոփոխություններ կլինե՞ն:
-Վերջին շրջանում պարբերաբար թմբկահարվում է նվազագույն աշխատավարձի բարձրացումը: Իշխանական մամուլի կողմից այն ներկայացվում է արդեն սկսված ու սպասվող գնաճի հետեւանքները իբրեւ մեղմացնող միջոցներից մեկը: Երկրում, իհարկե, կան նվազագույն աշխատավարձով աշխատող մարդիկ, բայց բնակչության քանի՞ տոկոսն են կազմում նրանք: Պարզ դիտարկումն անգամ փաստում է, որ այս միջոցը մեծ հաշվով բնակչության համար եղանակ չի փոխելու: Պաշտոնական թվերով 30, իսկ ոչ պաշտոնականով 50-60% գործազրկության պարագայում, մեղմ ասած, ծիծաղելի է դա դիտարկել որպես գնաճի դեմ կատարվող քայլ, իսկ եթե գործազուրկների թվին գումարենք աշխատանքային տարիքի չհասած անչափահասներին ու թոշակառուներին, ավելացնենք նաեւ այն աշխատողներին, որոնց աշխատավարձը ներկա պահին կազմում է 45-50.000 եւ ավելի դրամ, որոնց փաստորեն չի վերաբերվելու սպասվող բարձրացումը, արդյունքում կունենանք իրական գաղջ պատկեր: Ի՞նչ եւ ինչո՞վ է մտածում իրեն իշխանություն համարող զանգվածը, մնում է անհասկանալի:
-Պարոն Ղազարյան, իսկ հնարավո՞ր է, որ աշխատավարձերի բարձրացնելու այսներկայացումը ինչ-որ կապ ունենա գազի գնի թանկացման հետ:
-Ամենաուղղակի կապ ունի հենց գազի ու դրա հետեւանքով սկսված մյուս ապրանքատեսակների թանկացման հետ: Իրեն իշխանություն երեւակայող զանգվածը իբրեւ թե փորձում է մեղմացնել գնաճի հետեւանքները, սակայն դա նույնն է, եթե փոքրիկ առուն համեմատենք ջրառատ գետի հետ: Իրականությունն այն է, որ եթե նույնիսկ սրտանց ցանկանան, իշխանությունները այլեւս չեն կարող շտկել իրավիճակը: Սա նման է սարի լանջով գլորվող գնդակի՝ այն իջնելու է մինչեւ ստորոտ: Գնդակը գլորողը այլեւս չի կարող այն կանգնեցնել, քանի որ ինքը գտնվում է գագաթին: Շարունակության մեջ ականատեսն ենք լինելու հանրության անընդհատ ահագնացող ընդվզումներին:
-Ի՞նչ կասեք ուսման վճարների բարձրացման մասին:
-Ուսման վճարների ավելացումը` մասնավորի դեպքում, կարող ենք կապել ընդհանուր թանկացումների հետ, ինչքան շատ` այնքան լավ տրամաբանությամբ, այսինքն` ագահության դրսեւորում է: Խելամիտ բացատրություն չեմ կարող գտնել, առանց այդ էլ առկա սոցիալ-տնտեսական պայմաններում բարձրագույն կրթությունն արդեն իսկ թանկ հաճույք էր շարքային քաղաքացու երեխայի համար: Հիմա այն ավելի անհասանելի կդառնա:
-Բայց այդ դեպքում կունենանք ցավալի պատկերկստացվի այնպեսոր ցանկացածբնագավառում մասնագետների քաղց կառաջանա:
-Կարծում եմ կառավարությանը ձեռք չի տալիս կիրթ սերունդ ունենալը, չէ՞ որ ինտելեկտուալ զարգացած ու կիրթ անհատը չի հանդուրժում իր արժանապատվության նկատմամբ ոտնձգությունը:
Տիգրան Սիմոնյան                   http://www.asparez.am/news-hy/harcazruyc_hovhannes_xazaryani_het-hy/

1 комментарий:

  1. հա բայց էս երկրում ո՞վքեր են աշխատողները, հիմնականում իրենց մարդիկ չե՞ն,իրենց ազգականները, կանայք, մտերիմներն ու մտերիմների մտերիմները, հենց նրանց աշխատավարձերն էլ կբարձրանան, ու փաստորեն իրենց փողն էլի իրենց է մնում, իրենց գրպանում ու իրենց մարդկանց գրպանում, որոնք էլ կառավարվում են ընտրությունների ժամանակ: Անգամ ընտրական հանձնաժողովում են իրենց մարդիկ:Ու էս կառավարությանն իսկապես խելացի,կիրթ մարդիկ պետք չեն, այլ միայն ՝կատարողներ

    ОтветитьУдалить