29.06.2013

Ադրբեջանը Ղարաբաղից զատ պահանջում է նաև Երևանը, իսկ մենք դեռ քնած ենք

Ընդհանրապես, Հայաստանում բավականին տարօրինակ բաներ են կատարվում: Աղմուկ է բարձրանում Ադրբեջանի նախագահի՝ Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարությունների շուրջ այնպիսի էնտուզիազմով, կարծես Ալիևը առաջին անգամ էր հայտարարում, թե Ադրբեջանը պատրաստ է պատերազմ սկսել «օկուպացված տարածքները ազատագրելու համար»: Ադրբեջանական մամուլին քիչ թե շատ հետևողները հաստատ նկատած կլինեն, որ Ալիևը զորահանդեսի ժամանակ բառ առ բառ` անգիրի նման, կրկնել է այն թեզերը, որոնք արդեն քանի տարի է ադրբեջանական մամուլն ու պաշտոնյաները կրկնում են գրեթե ամենօրյա պարբերականությամբ: Խնդիրն այն  չէ, որ Ադրբեջանի ղեկավարության հիվանդագին հայտարարությունները նորմալ են, այլ խնդիրն այն է, թե ինչու են մեզ մոտ ժամանակ առ ժամանակ անդրադառնում Ադրբեջանի հակահայկական ագրեսիային: Ավելին, կա մի կարևոր հանգամանք, որը Հայաստանում կարծես թե դեռ չեն գիտակցում, ինչը նաև նշանակում է, որ ամբողջական չէ պատկերացումը մեր հարևանի հակահայ քաղաքական նպատակների ու պլանների մասին:

Աստիճանաբար Ալիևի ելույթներում Արցախին առնչվող հայտնի թեզերից զատ սովորական են դառնում մեկնաբանությունները, թե «Հայաստանը ևս ստեղծվել է պատմական ադրբեջանական տարածքների վրա:Երևանյան խանությունը.. Զանգեզուրը ադրբեջանական տարածքներ են», ինչը նա կրկնեց նաև զորահանդեսի ժամանակ: Այլ կերպ ասած` Ալիևը ադրբեջանցիների համար Ղարաբաղը զավթելու պլաններից զատ սահմանում է նաև երկարաժամկետ նպատակ` տարածքային հավակնություններ ներկայացնելով նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Իսկ սա ևս մեկ ապացույց է, որ Ադրբեջանը բացարձակ ոչ մի տեսակյունից պատրաստ չէ հայկական կողմի հետ կոնֆլիկտի կարգավորման շուրջ համաձայնության գալու եզրեր գտնելու, քանի որԱդրբեջանի համար արդեն վաղուց հայ-ադրբեջանական կոնֆլիկտը զուտ ղարաբաղյան կոնֆլիկտ չէ: Ֆաշիստական հայատյացության ամենօրյա քարոզը, հայասպանին հերոս հռչակելն ու Հայաստանի հանրապետության «ադրբեջանական տարածք լինելու մասին» հեքիաթի նպատակամղված տարածումը ցույց են տալիս, որ մեր արևելյան հարևանը իր ժողովրդին պատրաստում է Հայաստանի հետ երկարաժամկետ թշնամության:Գաղտնիք չէ նաև, որ Ադրբեջանը երազում է Զանգեզուրի մասին՝ Թուրքիայի հետ ուղիղ կապ հաստատելու համար: Իհարկե, ոչ մեկ չի հերքում մեծաթիվ աբսուրդ հայտարարություններ, որ արվում են ներքին սպառման համար կամ որ փորձում են հակահայկական գաղափարախոսության միջոցով սեփական ինքնության խնդիրները լուծել, սակայն դրանից վտանգը չի նվազում մեզ համար, քանի որ նախ Ադրբեջանը իր քարոզչությունը արտահանում է իր երկրի սահմաններից դուրս, իսկ բոլոր սլաքներն էլ ուղղված են Հայաստանի (ՀՀ+ԼՂՀ) դեմ: Եվ վատ չէր լինի նաև, որ «Ղարաբաղը ծախելուն ու հանգիստ ապրելուն» կողմ լինողներն էլ հասկանան, որ Ադրբեջանը սպառնում է մեր բոլորի անվտանգությանը:

Ի դեպ, Ադրբեջանի լկտիությունը հասել է նրան, որ օրերս փորձեց ԵԽԽՎ-ում բանաձև անցկացնել` զրկելու Հայաստանին ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահելու իրավունքից՝ «որպես օկուպանտ երկիր», այն դեպքում, երբ ինքը տարածքային հավակնություններ է ներկայացնում արդեն նաև ՀՀ տարածքի նկատմամբ էլ: Իսկ հայկական կողմը այս խնդիրը հետևողականորեն չի բարձրացնում և չի փորձում ադրբեջանական ագրեսիան իր ողջ դրսևորումներով ի ցույց դնել միջազգային հանրության համար: ՀՀ ղեկավարությունը տարբեր կառուցներում ելույթ ունենալիս ընդհանրական ձևակերպումներից զատ պարտավոր է լրջորեն ու հետևողականորեն բարձրաձայնել այս խնդիրը միջազգային կառույցներում ու ցույց տալ Ադրբեջանի տեղը, համապատախան դիմումներով պահանջել դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները: Ավելին, այս փաստարկը իր ծանրակշիռ դերակատարությունը կարող է ունենալ նաև ղարաբաղյան բանակցությունների համատեքստում, քանի որ Ադրբեջանի նման ապակառուցողական մոտեցումը ավելի քան ակնհայտ է դարձնում այս պետության չկամությունը` փորձել գտնել խաղաղ լուծում ղարաբաղյան հարցում ու տարածաշրջանում համագործակցության հիմքեր ձևավորել: Սակայն Հայաստանը վերածվել է պասիվ ու ծույլ արձագանքողի, ինչի պայմաններում Ադրբեջանը մարսում է ամեն ինչ` Սաֆարովին հերոսացնելուց մինչև ԵԽԽՎ-ում խավիարով հարցեր լուծելու փորձերը, ու ամեն ինչում չէ, որ դերակատարություն ունեն միայն նավթադոլարները: Հայաստանը նույնիսկ չփորձեց էլ կանխել կամ պատշաճ արձագանքել, երբ Ադրբեջանը Շուշիի անունից կեղծ փաստաթուղթ ստորագրեց: Ավելին, այժմ էլ Ադրբեջանը փորձում է իր կեղտոտ խաղերի մեջ Թուրքիայից բացի ներքաշել նաև Ղազախստանին ու Ղրղզտանին: Այս հարցի շուրջ նույնպես Հայաստանում դեռ չեն արթնացել: Կարթնանան, երևի, միայն, երբ կմնա մի նեղացած հայտարարություն անելը:

http://zham.am/am/news/9424.html

Комментариев нет:

Отправить комментарий