18.06.2013

Հայաստանը՝ կիսաավտորիտար, Վրաստանը՝ հիբրիդային, Ադրբեջանը՝ ավտորիտար. Freedom House-ը հրապարակել է իր ամենամյա զեկույցը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը (կենտրոնակայանը՝ Վաշինգտոն, ԱՄՆ) հրապարկել է «Անցումային շրջանում գտնվող պետությունները» խորագրով իր ամենամյա զեկույցը, որը նվիրված է 2012թ. Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի 29 երկրներում (նախկին սոցիալիստական ճամբարի երկրները) ժողովրդավարության զարգացման միտումներին: 


Զեկույցի հեղինակները պետությունները գնահատել են 7 միավորանոց սանդղակով, որում 1 միավորը լավագույն ցուցանիշն է (լիարժեք ժողովրդավարական երկիր), իսկ 7 միավորը վատագույն ցուցանիշն է (նշանակում է, որ տվյալ պետությունն ունի ավտորիտար կառավարում):

Իրավապաշտպան կազմակերպությունը զեկույցը կազմել է՝ հաշվի առնելով Կենտրոնական Եվրոպայի և եվրասիական երկրներում անցկացված ընտրական գործընթացները, ազատ մամուլի և քաղաքացիական հասարակության վիճակը, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված միջոցառումները, ընդունված իրավական ակտերը: Ըստ այդմ՝ երկրները դասակարգվել են 4 խմբի՝ ժողովրդավարական պետություններ (1.00–2.99 միավոր), կիսաժողովրդավարական պետություններ (3.00–3.99 միավոր), անցումային կառավարություններ կամ հիբրիդային կառավարում ունեցող երկրներ (4.00–4.99 միավոր), կիսավտորիտար(կիսաբռնապետական) կառավարում ունեցող երկրներ (5.00–5.99 միավոր), ավտորիտար (բռնապետական) երկրներ (6.00–7.00 միավոր):


Հայաստանում ժողովրդավարության մակարդակը Freedom House-ի մասնագետները գնահատել են 5. 36 միավոր (նախորդ տարվա համեմատ փոքր առաջընթաց է արձանագրել ՝ նախորդ տարի 5.39 միավոր): Մեր երկիրն այդպիսով Կոսովոյի (5.25) և Ղրղզստանի (5.96) հետ ընդգրկվել է կիսավտորիտար կառավարում ունեցող երկրների շարքում:

Հարավկովկասյան տարածաշրջանում Հայաստանը իր ցուցանիշով զիջում է հարևանՎրաստանին, որը 4.75 միավորով դասվել է հիբրիդային կառավարում ունեցող երկրների խմբին՝ Մոլդովայի, Ուկրաինայի, Բոսնիա և Հերցեգովինայի ու Ալբանիայի հետ:


Ժողովրդավարության վիճակը հատկապես վատ է հարևան Ադրբեջանում (6.64), որը Տաջիկստանի (6.25 ), Ղազախստանի (6.57), Բելառուսի (6.71) Թուրքմենստանի (6.93),ինչպես նաև Ռուսաստանի (6,21) և Բելառուսի (6,71) հետ համալրել է ավտորիտար երկրների շարքը:

Freedom House-ի ցանկի ամենաժողովրդավարական երկիրը Սլովենիան է՝1.89 միավորով, որին հաջորդում են Էստոնիան (1.96 միավոր), Լատվիան (2.07միավոր), Չեխիան ( 2.14 միավոր)....

Զեկույցի՝ հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող հատվածում մասնավորապես նշվում է՝ «Մինչդեռ հարևան Ադրբեջանը ճնշումէր կիրառում ընդդիմության նկատմամբ, Վրաստանում և Հայաստանում 2012թ-ին անցկացվեցին ընտրություններ (նկատի ունի խորհրդարանական ընտրությունները, որոնք մայիսին անցկացվեցին Հայաստանում և հոկտեմբերին Վրաստանում-Tert.am) նոր ընտրական օրենսգրքերի հիման վրա, որոնցով բոլոր թեկնածուներին հավասար հնարավորություն էր ընձեռվում նախընտրական քարոզչություն իրականացնելու և ԶԼՄ-ներում լուսաբանվելու համար: Ընտրությունների ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր, ինչպես նաև քվերակության օրը խախտումներ արձանագրվել են, բայց ընդհանուր առմամբ երկու երկրներում էլ մրցակցային դաշտը բարելավվել էր, և ընտրությունների արդյունքում ձևավորվել են ավելի ներկայացուցչական խորհրդարաններ (ավելի մեծ թվով ուժեր են ներկայացվել խորհրդարանում-Tert.am): Առաջին անգամ Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ դաշինքը-Tert.am) տեղեր զբաղեցրեց Հայաստանի Ազգային ժողովում և սկսեց մասնակցել խորհրդարանի աշխատանքներին:

Վրաստանում էլ ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած դաշինքը, որը ղեկավարում էր միլիարդատեր Բիձինա Իվանիվիլին, վճռական հաղթանակ տարավ ընտրություններում, ինչի արդյունքում Վրաստանի անկախության ձեռքբերումից (1991թ.) ի վեր առաջին անգամ այդ երկրում ընտրությունների միջոցով իշխանության փոխանցում տեղի ունեցավ»:


Փաստաթղթի հեղինակները փաստում են՝ 2012թ-ի ընթացքում Ադրբեջանի և նրա կովկասյան հարևաններ Հայաստանի ու Վրաստանի միջև «անդունդը»՝ ժողովրդավարության զարգացման տեսանկյունից, խորացել է: «Վրաստանում և Հայաստանում անցկացված խաղաղ ընտրությունները մեծապես հակադրվում են Բաքվում անցկացվելիք  Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթին (2012թ. մայիս) նախորդած հավաքները բռնի ուժով ճնշելու, ինչպես նաև չարտոնված ցույցերին մասնակցելու համար բարձր տուգանքներ սահմանելու դեպքերին»,-նշվում է զեկույցում:

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Հունգարիայում 2004թ. հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանած Ռամիլ Սաֆարովի գործին՝ նշելով, որ նրան ներում շնորհելը խոչընդոտել է ԼՂ հարցի կարգավորումը. «Երբ Հունգարիայի իշխանություններն ադրբեջանցի նախկին սպա Ռամիլ Սաֆարովին (2004թ-ին Բուդապեշտում անցկացվող դասընթացների ժամանակ հայ սպային դաժանաբար սպանելու համար ազատազրկման էր դատապարտվել) Բաքվին արտահանձնելու վերաբերյալ անակնկալ որոշում կայացրին, Ադրբեջանի իշխանությունները Սաֆարովին հերոսի կոչում շնորհեցին, անմիջապես ազատ արձակեցին նրան՝ այդպիսով խոչընդոտելով ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային գործընթացը»:
 Freedom House-ի տարեկան զեկույցում նշվում է նաև, որ մեր երկիրն իր դիրքերը բարելավել է զրպարտության մեղադրանքով հայցերի քանակի կտրուկ նվազման, ինչպես նաև խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ լրատվական դաշտում իրավիճակի բարելավման հաշվին (օրինակներ չի նշվում-Tert.am):
 «Մայիսին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորվեց առավել ներկայացուցչական խորհրդարան, թեև տարվա ավարտին երկու հիմնական ընդդիմադիր կուսակցությունները (նկատի ունի ԲՀԿ-ն  ու ՀԱԿ-ը-Tert. am) անսպասելի որոշում կայացրին 2013թ. կայանալիք նախագահական ընտրություններում չառաջադրել իրենց թեկնածուներին և այդպիսով մարվեց իրական մրցակցային ընտրություններ  անցկացնելու հույսը»,-գրում են հեղինակները:
 Հավելենք, որ Հայաստանը Freedom House-ի 2013թ-ի զեկույցում ժողովրդավարության ցուցանիշը բարելաված 6 (29-ից) երկրներից մեկն է՝ Չեխիայի, Վրաստանի, Ղրղզստանի, Լատվիայի և Մոլդովայի կողքին:
 Զեկույցի հաշվետու ժամանակահատվածը՝ 2012թ.: Քննության առնված երկրները՝ Սլովենիա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա, Բուլղարիա, Ռումինիա, Հորվաթիա, Սերբիա, Չեռնոգորիա, Մակեդոնիա, Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Ուկրաինա, Կոսովո, Ղրղզստան., Ռուսաստան, Տաջիկստան, Ղազախստան, Բելառուս, Թուրքմենստան, Ուզբեկստան:


Комментариев нет:

Отправить комментарий