03.07.2013

Լոռու մարզպետը ոչ ազատում է Վանաձորի թիվ 8 դպրոցի տնօրենին, ոչ էլ պատրաստվում է դատի տալ նրան

Լոռու մարզպետը ոչ ազատում է Վանաձորի թիվ 8 դպրոցի տնօրենին, ոչ էլ պատրաստվում է դատի տալ նրան
Վանաձորի թիվ 8 դպրոցի տնօրենն ու ուսուցիչները վերջերս հաճախակի են Վանաձորից Երևան գալիս` մամուլի ակումբներում և հեռուստաեթերով իրենց բողոքն արտահայտելու՝ տնօրենն` իր կողմից աշխատանքից ազատված ուսուցչուհիներից մեկի հետ մինչ օրս չկարգավորվող իրավական վեճից, ուսուցիչները` դրա պատճառով իրենց աշխատավարձերի «սառեցումից»:
Դպրոցի տնօրեն Կարինե Ստեփանյանի և նույն դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Սուսաննա Սարգսյանի միջև դեռ 9 տարի առաջ իրավական հարթության վրա ծագած վեճը, ՀՀ ներպետական դատական ատյաններով մի քանի անգամ անցնելով, դարձյալ մնում է չլուծված: Վճռաբեկ դատարանի օրինական ուժի մեջ մտած մի շարք իրավական ակտերով ուսուցչուհին պայքարում է աշխատանքում վերականգնվելու և չաշխատած ժամանակահատվածում հարկադիր պարապուրդի գումարները ստանալու համար: Տնօրենն էլ պնդում է, որ կատարել է նրան աշխատանքում վերականգնելու դատարանի պահանջը, իսկ մի քանի դատական վճիռներով հօգուտ ուսուցչուհու հաստատված` բռնագանձման ենթակա գումարներն անօրինական են: Փաստն այն է, որ ուսուցչուհին ներկայումս չի աշխատում նշված դպրոցում, այսինքն` վերականգնված չէ, բայց փոխարենը հաստատված է հօգուտ նրա բռնագանձելիք գումարի չափը, բռնագանձման պահանջով հարուցված է ԴԱՀԿ վարույթ, և ուսուցչուհին հարկադիր պարապուրդի համար գումարներ է ստանում դպրոցի բյուջեից:
Նրա գումարը վճարելու համար արգելանք էր դրվել դպրոցի գույքի ու բանկային հաշիվների վրա, արդյունքում դպրոցի աշխատակազմը զրկվել էր աշխատավարձ ստանալու հնարավորությունից: Խնդրի լուծման նպատակով Լոռու մարզի քննչական բաժինը միջնորդագիր էր ներկայացրել Լոռու մարզպետին` խնդրելով օբյեկտիվ քննության առնել 8-րդ դպրոցի հարցը և կոնկրետ գործողություններ կատարել, մասնավորապես` աշխատանքից ազատել տնօրենին` դատարանի վճիռը չկատարելու, ուսուցչուհուն աշխատանքում չվերականգնելու համար, ինչի արդյունքում վերջինիս հարկադիր պարապուրդի դիմաց վճարելով` դպրոցի աշխատակազմն է տուժում` զրկվելով աշխատավարձից: Տնօրենին ազատելու միջնորդությունը մարզպետարանը մերժել էր: Փոխարենը դիմել էր կառավարությանը` դպրոցի համար լրացուցիչ գումար խնդրելով, ինչի վերաբերյալ, բնականաբար, պարզաբանում էր պահանջվել: Արդյունքում կառավարության աշխատակազմի ղեկավարի կողմից Վանաձորի թիվ 8 դպրոցի հարցը քննարկվելով` հանձնարական էր ուղարկվել ԿԳ նախարարին, վերջինս էլ գրություն էր ուղարկել Լոռու մարզպետին` խնդրի լուծման հետևյալ տարբերակով՝ քանի որ հարցը պետական բյուջեին է վերաբերում, հետադարձ (ռեգրես) հայցով դիմեն դատարան` պատասխանող ճանաչելով դպրոցի տնօրենին, և արդեն վերջինս կկրի գումարների վճարման պատասխանատվությունը: Մարզպետարանն այս տարբերակին էլ չի արձագանքում:
Լոռու մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Ալիկ Սահակյանը, հայտնելով հետադարձ հայցի վերաբերյալ մարզպետարանի դիրքորոշումը «Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում նշել է. «Դա մեր կողմից չպետք է ներկայացվի։ Եթե հարկ լինի ներկայացնել, դա պետք է ներկայացվի ֆինանսների նախարարության կողմից»: Ավելի վաղ մարզպետարանի ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ի տնօրենի վերաբերյալ նույնն իրավաբանն ասել էր. «Մենք գտնում ենք, որ այդ միջնորդագրի մեջ (տնօրենին աշխատանքից ազատելու` հեղ.) բարձրացված հարցը այդպես չպետք է լուծվի, և գտնում ենք, որ ներկայիս տնօրենի կողմից պահպանվել են օրենսդրության պահանջները»:
Ի դեպ, վերջին հարցազրույցին իրավաբանը դժվարությամբ համաձայնեց` ասելով, որ մարզպետը հրահանգել է այս թեմայով չխոսել լրագրողների հետ: Թերթի դիտարկմանը, որ խոսքը հանրակրթական դպրոցի մասին է, ուստի չեն կարող հանրությանը զրկել տեղեկատվություն ստանալու իրավունքից, իրավաբանը մի քանի տեղեկություն հաղորդեց. գլխավորապես, որ դպրոցի աշխատակազմն արդեն ստացել է աշխատավարձերը: Ապրիլ ամսին վճռով սահմանված` ընդհանուր 3 մլն 600 հազար դրամից պարտատեր ուսուցչուհու հաշվեհամարին է բռնագանձվել 1 մլն 800 հազար դրամ: Դրանից հետո Լոռու մարզպետը դիմել է գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին, ներկայացրել դպրոցի բյուջեի նախահաշիվը, ըստ որի` ուսուցչուհուն վճարելիք մնացած գումարը, որ դարձյալ արգելանքի տակ է, աշխատողների աշխատավարձն է, իսկ «Հարկադիր կատարման մասին» օրենքով`չեն կարող բռնագանձումը տարածել աշխատավարձի վրա: Եվ արգելանքը հանվել է: «Սակայն ներկայումս այդ հարցը լրիվ փակված չէ: Այդ հարցը փակելու համար Հարկադիր կատարման ծառայությունը պետք է դիմի դատարան (այն դատավորին, որը կայացրել է բռնագանձման վճիռը)` վճռի կատարման ընթացակարգի խնդրանքով, որպեսզի հասկանանք` մինչև երբ պիտի գանձվի այդ գումարը` մինչև աշխատակցուհուն նախկին աշխատանքում վերականգնե՞լը, թե՞ մինչև գումարը լրիվ մարելը»,- ասաց Ալիկ Սահակյանը:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий