Երբ 1989 թվականին ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումարի ժամանակ ամբիոնին էր մոտենում Անդրեյ Սախարովը, դահլիճում նստած կոմունիստական նոմենկլատուրայի ներկայացուցիչները սկսում էին սուլել, բղավել, ոտքերով դոփել, որպեսզի նրա ձայնը լսելի չլինի: Ակադեմիկոսի կեցվածքը բոլորովին խրոխտ չէր՝ նա խոսում էր կմկմալով, ձայնը դողում էր, մտքերը գեղեցիկ չէին «փաթեթավորվում»: Հիշում եմ, մի անգամ նա իր ելույթը սկսեց այսպես. «Այսօր ինձ մոտեցավ մի աղջիկ, նա լաց էր լինում» (ոստիկանները չէին թույլատրել ինչ-որ ցույց): Լսելով դա՝ «ագրեսիվ-հնազանդ մեծամասնության» ներկայացուցիչները սկսեցին անկեղծորեն հռհռալ՝ ինչի՞ մասին է այս մարդը խոսում բարձրագույն պետական ատյանում, ի՞նչ աղջիկ, ի՞նչ լաց: Բայց Սախարովը այն մարդկանցից էր, որին բացարձակապես չէր հետաքրքրում, թե ինչպիսի տպավորություն է նա թողնում, նա ասում էր իր մտածածը, եւ այսօր, ի դեպ, նրա ասած շատ բաներ իրականություն են դառնում: Մասնավորապես, նա դեռեւս 1974 թվականին կանխատեսել էր, թե ինչ ազդեցություն է ունենալու համացանցը մարդկության կյանքում, իսկ նույն 1989 թվականին՝ կյանքի վերջին ամիսներին, առաջ էր քաշել Եվրասիական միության գաղափարը: Բայց գլխավորը այս կերպարի մոտ ոչ թե գիտական մարգարեություններն էին, այլ չարության բացակայությունը: Նա ուզում էր խաղաղ բարեփոխել այն երկիրը, որում ապրում էր, բայց ոչ մեկին չէր ցանկանում ցավ պատճառել: Դրանում էր նրա ուժը եւ հեղինակության աղբյուրը: Այսօր, երբ նույն համացանցի միջոցով հորդում են չարությունն ու խեղված, անառողջ հոգեբանության դրսեւորումները, Սախարովի օրինակը շատ արդիական է դառնում: Մեզ մոտ այսօր կարծես թե արիության եւ սկզբունքայնության բարձրագույն դրսեւորում է համարվում որեւէ «հակահերոսի»՝ վառելու, մորթելու, խեղդելու կոչեր անելը: «Ագրեսիվ-հնազանդ մեծամասնության» ճնշումը թույլ չի տալիս մեկ սանտիմետրով շեղվել այս հարձակողական դիրքից: Ես ինքս էլ ամենեւին բացառություն չեմ: Ես էլ ինչ-որ անձնական նեղվածություն ունեմ ինչ-ինչ մարդկանցից, ես էլ ինքս ինձ «բռնացնում եմ» չար, փրփրոտ, անընդունելի տոնայնության մեջ: Ես էլ եմ երբեմն ներքաշվում ինչ-որ մանր, ճղճիմ «ռազբորկաների» մեջ: Այնպես որ՝ «սկսիր քեզնից» կարգախոսը, անշուշտ, այստեղ ավելի քան կիրառելի է: Ամեն մեկս իր միջից պետք է հանի այդ չարությունը: Բոլոր հանցագործները կստանան իրենց պատիժը: Ամեն մի պարկեշտ մարդու պարտքն է՝ նպաստել, որ պետական արդարադատությունը կայանա: Բայց երբ մարդիկ սեղմում են բռունցքներն ու ատամները եւ ատելության խոսքեր են արտասանում այդ չարագործների հասցեին, ես, ճիշտն ասած, սկսում եմ կասկածել՝ արդյո՞ք այդ ատողների նպատակը արդարությունն է: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
http://www.aravot.am/2013/06/29/260270/
http://www.aravot.am/2013/06/29/260270/
Комментариев нет:
Отправить комментарий