Հունվարի
23-ին 30 խմբում ընդգրկված հայաստանցի 108 գիտնական 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով դրամաշնորհներ ստացան Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո գործող Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամից՝ գիտական հետազոտություններ իրականացնելու համար:
Ի լրումն նշված դրամաշնորհների՝ ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համագործակցության շնորհիվ 2 լրացուցիչ դրամաշնորհ հատկացվեց նաև երիտասարդ գիտնականների հետազոտական խմբերի։ Այսպիսով Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ)
և Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) երկամյա համագործակցության արդյունքում արդեն 7
դրամաշնորհ է հատկացվում երիտասարդ գիտնականների հետազոտական խմբերին։
Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար
մարմնի անդամ Գևորգ Վարդանյանը նշեց, որ այս տարի ԵԳԱԾ կողմից տրամադրված
դրամաշնորհները վերաբերում են կենսաբանության և ցեղասպանագիտության ոլորտներին։
Գևորգ Վարդանյանն ընդգծեց, որ այսօր դրամաշնորհ ստացող 30 գիտական խմբերի ղեկավարներից 19-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են. «Սա ևս մեկ
անգամ ապացուցում է, որ ունենք փայլուն երիտասարդ գիտնականներ, ովքեր ակտիվորեն
զբաղվում են գիտական գործունեությամբ»։
ՀՕՖ-ի փոխտնօրեն, գիտական-կրթական ծրագրերի ղեկավար
Էդուարդ Կարապետյանը տեղեկացրեց, որ այս տարի մրցույթին մասնակցել են 174 գիտական
խմբեր, որոնցից հաղթող են ճանաչվել 30-ը։ 10 գիտական խմբեր բուհերից են,
մյուսները՝ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտներից։ Դրամաշնորհային մրցույթում
բնագավառների սահմանափակում չկա։ Շահողները տարբեր ոլորտներից են՝ ֆիզիկա, քիմիա,
կենսաբանություն, կենսատեխնոլոգիա, աստղագիտություն, հայագիտություն և այլն։
ՀՕՖ փոխտնօրենն ընդգծեց, որ դրամաշնորհի հաղթողներին ընտրել է ԱՄՆ-ում գործող փորձագիտական հանձնախումբը, որը բաղկացած է միջազգային համբավ ունեցող գիտնականներից, երկուսը՝
Նոբելյան մրցանակակիրներ։ «Մեր
գիտնականների աշխատանքները միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանում են, և
կարող ենք հպարտանալ, որ այդպիսի գիտնականներ ունենք։ Սրանք ամպագոռգոռ բառեր չեն,
դա ապացուցում են նրանց գիտական աշխատանքները»,- նշեց պարոն Կարապետյանը՝
ավելացնելով, որ անցած 15 տարիների ընթացքում ԳԿՀԱՀ հետազոտական խորհրդին ներկայացվել է մոտ
1800 դիմում-առաջարկ: Դրամաշնորհներ են ստացել 372 գիտական խմբեր, որոնցում ընդգրկված են եղել
1438 գիտնականեր: Ծրագրի դրամաշնորհային ընդհանուր գումարը կազմել է 1,86 մլն դոլար:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի
ծառայություն
Հեռ.՝ 010545802 (ներքին՝ 16), 093517112
E-mail: press@heh.am
http://heh.am/
Комментариев нет:
Отправить комментарий