Հայտնի նյույորքաբնակ մոդել Նադյա Կազակովան իր երևանյան այցելության ժամանակ հյուրընկալվեց Cosmopolitan Հայաստան-ին: Երբ հայտնեցինք, որ իր հետ հարցազրույցը «CosmoՅԱՆ» խորագրի համար է պատրաստվում, մի փոքր անակնալի եկավ, հետո ժպտալով ասաց. «Ես Բելառուսում եմ ծնվել, ինձ նյույորքցի եմ համարում և կիսով չափ հայ, երբ տանն եմ` ամուսնուս ու որդուս կողքին»:
Զրուցեց Շուշան Հարությունյանը
Բայց սպասեք, սկսենք ամենասկզբից: Նադյան իր մոդելային կարիերան սկսել է 11 տարի առաջ, երբ Բելառուսում գեղեցկության մրցույթում հաղթելուց հետո առաջարկ ստացավ տեղափոխվել ԱՄՆ` աշխատելու պրոֆեսիոնալ մոդելային գործակալությունում:
«Դա 17-ամյա աղջնակի համար շատ կարևոր էր` հավատալ, որ դու իրոք գեղեցիկ ես, դու ինչ-որ մեկն ես, կարևոր մեկը` մեծ ինդուստրիայում: Ցուցադրություններ, նկարահանումներ, երկար ու բազմաթիվ ճամփորդություններ... Հաջող սկիզբ էր»,-հիշելով իր առաջին օրերը Մայամիում՝ պատմում է Նադյան, ով մասնագիտական կրթությամբ դիզայներ է և մագիստրոսի աստիճանը ստացել է Ֆլորիդայում:
«Նյու Յորքն ինձ ներս թողեց միայն մեկ նկարով: Դա մի սովորական դիմանկար էր՝ առանց make up-ի, առանց դեկորների: Նկարում ես էի, միայն ես ու այն, ինչ մարդիկ կարող են տեսնել աչքերումս: Նյույորքյան ամենամեծ գործակալություններից մեկին դուր էր եկել նկարը, և ինձ առաջարկեցին տեղափոխվել: Մի քիչ անհավանական է հնչում, չէ՞: Նկարի հեղինակը մինչև հիմա էլ կատակում է` ասելով, որ իրեն եմ պարտական, որ «հաստատվեցի» Նյու Յորքում»,- պատմում է Նադյան, ապա ավելացնում, որ սկզբից ոչ մի կերպ չէր կարողանում հարմարվել քաղաքին, նյույորքյան խելահեղ դինամիկային, ամեն վայրկյան փոփոխվող նորաձևությանը:
«Հետո հաշտվեցի,- ասում է,- հետո անգամ սիրեցի, մի քաղաք, որը լի է ամեն-ամեն ինչով, ամեն տեսակ ու ամեն բնույթի իրողություններով` ուրախ, տխուր, փայլուն, թշվառ»:
Նադյան փաստում է, որ մոդելային ինդուստրիան այս քաղաքում ծանր ու երբեմն անկանխատեսելի գրաֆիկների բիզնես է: Պատահում է, որ նա օրական 6-10 քասթինգի է մասնակցում:
Նադյան փաստում է, որ մոդելային ինդուստրիան այս քաղաքում ծանր ու երբեմն անկանխատեսելի գրաֆիկների բիզնես է: Պատահում է, որ նա օրական 6-10 քասթինգի է մասնակցում:
«Նյու Յորքում այնքան շատ են գեղեցիկ կանայք մոլորակի բոլոր անկյուններից: Ու բոլորն անխտիր աննկարագրելի սիրուն են: Քո խնդիրն է լինել առանձնահատուկ: Միայն գեղեցիկ լինելը բավական չէ. դու պիտի լինես ավելին, որ քեզ ընդունեն ցուցադրության համար»,- անկեղծանում է Նադյան:
Ըստ նրա` մոդելային բիզնեսը երկար ու տքնաջան աշխատանք է պահանջում, ու նա մեծագույն հաջողություն է համարում այն, որ անձնական կյանքի փոփոխությունները չազդեցին իր կարիերայի վրա:
Նշենք, որ Նադյան որդու ծննդից 3 ամիս անց նկարահանվել է լողազգեստով ֆոտոսեսիայում, ինչը քիչ մոդելներ կարող են իրենց թույլ տալ:
«Հիմա իմ գրաֆիկը մի փոքր այլ է,- ժպտալով նայում է Նադյան կողքին նստած ամուսնուն` երիտասարդ տաղանդավոր նկարիչ Տիգրան Ձիթողչյանին,- հիմա ես ընտանիք ունեմ, ես ունեմ հայ ամուսին ու որդի: Տիգրանի հետ հանդիպումս շատ պատահական էր: Ասեմ, որ ես երբևէ չէի ճանաչել որևէ հայի, իմ կյանքը երբևէ չէր խաչվել այդ մեծ աշխարհի հետ»:
«Առաջին անգամ հանդիպեցինք Շվեյցարիայում, ու հենց միանգամից հասկացա, որ մենք կապված ենք ինչ-որ կերպ: Առաջին իսկ ժամադրությանն արդեն գիտեի, որ նրա ներկայությունը զգալու եմ իմ ամբողջ կյանքում: Դա երազանքի պես մի բան էր, որն իրականացավ: Ես կարծում եմ, որ Տիգրանը նույնպես զգում էր դա»,-անկեղծանում է Նադյան:
Իր քիչ յուրացրած հայերենով նա արդեն կարողանում է արտաբերել ամուսնու դժվար հնչող ազգանունը: Խոստովանում է, որ հիմա արդեն, երբ իր կողքին հայերեն են խոսում, հիմնական միտքը հասկանում է:
«Ես ապրել եմ տարբեր քաղաքներում, ես ճամփորդել եմ տասնյակ երկրներով, ու միևնույն է, կարծում եմ, որ Հայաստանը յուրահատուկ տեղ է: Հաճույքով եմ ընկերակցում ամուսնուս Հայաստան գալիս»,- ասում է Նադյան:
«Ես ապրել եմ տարբեր քաղաքներում, ես ճամփորդել եմ տասնյակ երկրներով, ու միևնույն է, կարծում եմ, որ Հայաստանը յուրահատուկ տեղ է: Հաճույքով եմ ընկերակցում ամուսնուս Հայաստան գալիս»,- ասում է Նադյան:
Նա չի դադարում աշխատել և ոչ մի ճամփորդության ժամանակ ու Երևանում նույնպես նկարահանվում է մի շարք նախագծերում: Վերադառնալով Նյու Յորք՝ նա շարունակելու է իր աշխատանքը Ջեսիկա Սիմփսոնի՝ նոր թողարկված հավաքածուի շրջանակներում, որի դեմք է ընտրվել հենց Նադյան: Ու ամենակարևորը, Cosmo աղջնակներին կոչ է անում նախ և առաջ անհատականություն լինել:
«Ամեն ոք գեղեցիկ է: Ես հավատում եմ, որ բոլոր աղջիկներն անխտիր գեղեցիկ են: Դու պարզապես ինքդ քեզ համար պիտի հասկանաս` ինչպիսի գեղեցկություն է քո գեղեցկությունը: Դա նույնն է, երբ քեզ տարբեր ու շատ գեղեցիկ ծաղիկներ են նվիրում, բայց միևնույն է, քո սիրած ծաղիկը բոլորովին այլ է: Ուրեմն գտիր քո ծաղիկը, քո գեղեցկությունը քո մեջ»:
Լուսանկարը` ըստ HMI-ի
Комментариев нет:
Отправить комментарий