10.08.2012

Երբ մարմինդ արձագանքում է զգացմունքներիդ. սեքսուալ գրգիռներ


Երեկոյան հարմարավետ տեղավորված բազկաթոռում` փորձում եմ պատախանել էլեկտրոնային հասցեով բժիշկ-սեքսոլոգին ուղղված հարցերի շարանին: Ամեն օր բացում եմ փոստարկղս և սովորաբար 5-10 հարց եմ տեսնում:
Ըստ` Cosmo սեքսոլոգ Նարինե Ներսիսյանի
Թռուցիկ անց եմ կացնում առաջին նախադասությունները.-Սիրելի՛ բժիշկ, արդյո՞ք կուսաթաղանթի...., -Ինչպե՞ս երկարաձգել ակտի..., -Ամուսնացած եմ ու մինչ օրս օրգազմ չեմ ...., - Գրգռվածությունս չի հասնում օրգազմի...
Ի՞նչ են ուզում հարցադրող նամակագիրները: Ունենալ մի բան, որը սակայն այն չէ, ինչ հարկավոր է իրենց: Չգիտես ինչու, մարդիկ միշտ նայում են կողքիններին և ուզում ունենալ այն, ինչ տեսնում են արտաքնապես այդ ուրիշների մոտ: Մարդկանց մտքով երբևէ չի անցնում, արդյոք այն ինչ ուզում են իսկապես հարկավո՞ր է իրենց:

Եվ այսպես ներկայացվող հիմնական պահանջն է` օգնել երկարեցնել ակտը ու հեշտացնել կնոջ օրգազմի ապրումը: Խոսքը վերաբերում է սեռական ակտի մեխանիկական կողմին, որ նույնն է, թե սեռական հարաբերությունը դիտարկվի իբրև մի գործ, որին մասնակցում են սեռական օրգանները: Իհարկե կարևոր է առնանդամի պրկման աստիճանը, կարևոր է հեշտոցի խոնավացումը: Իմ պրակտիկայի ընթացքում ես բազում անգամ վերականգնել եմ կանանց և տղամարդկանց սեքսուալ գրգռման և օրգազմի հետ կապված դժվարություններ, բայց հետաքրքիրն այն է, որ սեքսուալ թերապիայի ընթացքում այցելուն դինամիկ փոփոխման է ենթարկել իր խնդրի բովանդակությունը և ի վերջո հասնում այն հիմնախնդրին, որից էլ սկիզբ է առնում իր սեռական դժվարությունը: Առնանդամի պնդության աստիճանը, ակտի տևողությունը և կնոջը օրգազմի հասնելը դադարում են հետապնդվող գերարժեքային միտք լինելուց և հենց այդ ժամանակ էլ` բուժվում: Երբ այցելուն գիտակցում է, որ իր ուզածը բոլորովին այլ էր, քան ի սկզբանե ներկայացրած գանագատը:
Ինչ է սեքսուալ գրգռվածությունը
Արի հասկանանք ինչ է սեքսուալ գրգռվածությունը և ինչպես հասնել դրան: Սեքսուալ գրգռվածությունը ներքին սուբյեկտիվ վերապրում է, որը հարուցվում է սեքսուալ ազդակների շնորհիվ և սովորաբար ուղեկցվում մարմնական փոփոխություններով (հեշտոցի խոնավություն, արտաքին սեռական օրգանների ուռչեցում, առնանդամի պրկում): Երբ մարմինդ բավականաչափ սեքսուալ գրգիռներ է ընկալում, նա անպայման դրսևորում է պատասխան ռեակցիա: Հասնելով ավելի բարձր գրգռման մակարդակի` մոտենում ես օրգազմ ունենալուն: Սեռական օրգանների արձագանքը և օրգազմը սովորական ռեֆլեքսներ են, որոնք թողարկվում են բոլոր այն դեպքերում, երբ բավականաչափ գրգիռներ են ընկալվում:
Գաղտնիքը նրանում է, թե երբ է մարմինդ ի վիճակի ընկալելու այդ սեքսուալ գրգիռները: Մարդը բնության մեջ միակ արարածն է, որն ունի գլխուղեղի կեղև: Դա գլխուղեղի այն հատվածն է, որը պատասխանատուն է մեր ինքնագիտակցության համար, այն նշանակություն և իմաստ է հաղորդում մեր ապրումներին, և մեր սեռականության անքակտելի մասն է: Ուրեմն, բոլոր այն իմաստավորումները (իրավիճակի, զուգընկերոջ, ասված խոսքերի, նախորդող դեպքերի, շարժումների, սեռական վարքի և այլն), որ տալիս ես քո սեքսուալ հարաբերման ժամանակ, ազդում են քո սեքսուալ ունակության վրա, այսինքն փոխում են սեռական օրգաններիդ պատասխան արձագանքը:
Հիշիր, միայն զգայարանների խթանումը բավարար պայման չէ մարդու սեքսուալ գրգռման համար (հատկապես կանանց պարագայում): Սովորաբար մենք կենտրոնանում և շեշտը դնում ենք շոշափելիքի և ավելի նվազ չափով տեսողական, ձայնային, համի կամ հոտառության զգայարանների վրա: Բայց գրգռվելու համար շատ ավելի մեծ նշանակություն ունի ոչ թե բուն զգայությունը, այլ այդ զգայությունների հետ կապակցված զգացմունքային վերապրումները, մտային մշակումները: Ուստի բացի այն, որ հարկավոր է «ճիշտ» գրգռել զուգըկերոջդ/ուհուն, կարևոր է նաև ուշադրություն դարձնել այն բանին, թե ինչ է կատարվում ձեր երկուսի միջև այդ ընթացքում:
Զգայական խթանում
Թույլ տուր մի փոքր կիսվել քո հետ բժշկական գիտելիքով: Խոսքը զգայական (ֆիզիկական) խթանման մասին է, թե ինչքան կարևոր ու արդյունավետ է այն իրականացվում: Այս մեխանիկական գրգիռները նյարդային ուղիներով փոխանցվում են գրգռման օջախից դեպի ողնուղեղ, ապա գլխուղեղ և ի վերջո վերադառնում քո սեռական օրգաններին: Կարող ես ինքդ հասկանալ, թե ինչքան կարևոր է գրգիռների փոխանցման այս ընթացքը: Ցանկացած բան, որ կարող է խոչընդոտել դրան, կիջեցնի քո գրգռման մակարդակը և ի վերջո դու կբախվես սեքսուալ խանգարման և անբավարարվածության հետ:
Դա կարող է լինել նյարդային կամ անոթային հիվանդություն, հորմոնալ շեղումներ, բնածին արատներ, որևէ հիվանդություն կամ տրավմա, բժշկի կողմից նշանակված կամ ինքնուրույն ընդունած դեղորայք, վիրահատական միջամտություն, հոգնածություն, սթրես: Հիշիր այս բոլորը կարող են ազդել գրգիռները հաղորդելու և նյարդային մշակման ենթարկելու քո մարմնի բնական ունակության վրա:
Ալկոհոլի, շաքարային դիաբետի և երիկամային անբավարարության հետևանքով առաջացող անոթային, նյարդային և հորմոնալ բարդությունները նույնպես սեքսուալ գրգռման խանգարման պատճառներից են: Եթե կասկած կա որևէ բժշկական խնդրի առկայություն, ապա անպայման պետք է մանրամասն բժշկական հետազոտություն անցնել, որպեսզի ճշտվի ախտորոշումը և բուժման համապատասխան կուրս նշանակվի:
Հիշիր, սակայն, որ երբեմն նույնիսկ ծանր ֆիզիկական խնդրի առկայության դեպքում, միայն մտքով, մտքի հզորության շնորհիվ հնարավոր է դառնում սեքսուալ զգայություն վերապրել: Կան դեպքեր, որ անդամալույծ հիվանդներին հաջողվել է նոր էռոգեն զոնաներ արթնացնել զգայունակությունը պահպանած մարմնի հատվածներում. սրանումն է մարդկային մտքի հրաշագործ հատկությունը: 
Զգացմունքներ և մտքեր
Զգացմունքները և մտքերը հզոր ազդեցություն ունեն քո սեռական գրգռման վրա: Որպես օրինակ, բերեմ հետևյալ փաստը` որոշ մարդիկ նշում են, որ իրենց էրեկցիան/լյուբրիկացիան ավելի արտահայտված է երբ իրենք «տվողի», այլ ոչ թե «ստացողի» դերում են: Գիտես ինչու՞, որովհետև տալը մեզ ազատում է վերցնելու հետ ամրակցված մեղքի զգացումից, թեթևացնում այն ճնշող զգացողությունը, որ պիտի (չգիտես թե ինչու) անպայմանորեն գրգռվես, երբ քեզ ուղղակի շոյում են: Զգացմունքները շատ հաճախ ավելի հզոր նախապայման են սեքսուալ ֆունկցիայի հաջող իրականացման համար, քան շոյանքը ինքնին վերցրած:
Որպեսզի զգայությունը լինի հաճելի, հարկավոր է, որ մեր միտքը և զգացմունքերը նպաստեն դրան: Եթե դու տխուր ես, բարկացած ես կամ ուղղակի մտազբաղ ես այլ խնդիրներով դժվար թե քո զգայությունները լցվեն էրոտիկ երանգավորմամբ, որը կնպաստի քո գրգռմանն ու սեռական հաճույքին: Այս դեպքերում սովորաբար այն ամենը, որ քեզ սեքսուալ տրամադրվածություն էր ներշնչում, չեն ունենում նմանատիպ ազդեցություն:
Օրինակ` եթե դու զգում ես գրգռվելդ և գիտակցում, որ անհամապատասխան վայրում ես, ապա զգայական քո վերապրումը կարող է թույլ լինել և այս դեպքում այն չի տանի քեզ դեպի սեքսուալ գրգռվածության` օրգազմի: Ու հակառակը, եթե «ընդունված կանոնները խախտելու» գաղափարը գրգռում է քեզ, ապա այդ նույն զգայական ընկալումները այն աստիճանի ուժեղ կարող են լինել, որ հասցնեն օրգազմի: Դրա ծայրահեղ օրինակը կարող են լինել էքսհիբիցիոնիստները կամ վուայերիստները: Որոշ սեքսուալ բռնարարներ նույնպես նմանատիպ ստերեոտիպով են առաջնորդվում:
Ցանկացած չլուծված էմոցիոնալ խնդիր կարող է ազդել քո զգայական ընկալման ֆունկցիայի վրա: Օրինակ` որոշ մարդիկ դրսևորում են նորմալ սեքսուալ ֆունկցիա, երբ գտնվում են սիրո մթնոլորտում, անգամ թույլ մեխանիկական գրգռման դեպքում: Իսկ եթե դու խնդիր ունես մտերիմ հարաբերության մեջ լինելուց, ապա հնարավոր է, որ ավելի հեշտ գրգռվես ու հաճույք ստանաս պատահական մարդու հետ հարաբերության ժամանակ, ինչպես ասում են մի գիշերվա ընկերոջ/ուհու հետ: Մարդիկ, ովքեր վախենում են վերահսկման տակ գտնվելուց (կոնտրոլից), գրգռման դժվարություններ են ունենում պարտավորությամբ ամրագրված հարաբերության մեջ լինելու դեպքում, բայց ոչ երբեք պարտավորությունից զերծ կապերի ժամանակ: Իսկ նրանք, ովքեր վախենում են մերժվելուց կդրսևորեն ճիշտ հակառակ վարքային ստերեոտիպ:
Ուժեղ արտահայտված տագնապի զգացումը հայտնի է սեռական գրգռման վրա իր ունեցած կործանարար ազդեցությամբ: Թույլ տագնապի զգացումը սակայն ունի հակառակ ազդեցություն, այն ուժեղացնում է սեռական գրգռումը, ահա թե ինչու նորությունը սեքսի մեջ ունենում է սուր զգացողություն: Իսկ չափից դուրս հանգիստ լինելը կարող է սեռական ձանձրույթ առաջացնել, որը կնվազեցնի սեքսուալ գրգռման մակարդակը:
Սեռական գրգռման և օրգազմի խանգարումների պատճառները այնքան տարբեր և անհատական են, ինչպես մարդը ինքն է: Հնարավոր է, որ միանգամից մի քանի գործոններ են միաժամանակ ազդում և թուլացնում քո սեքսուալ զգայունակությունը: Դրա համար, յուրաքանչյուր հարցադրողի իր սպեցիֆիկ պատասխանն է անհրաժեշտ, իսկ վերոշարադրյալը ընդամենը համընդհանուր պատասխան էր:
Լուսանկարները ըստ HMI-ի

Комментариев нет:

Отправить комментарий