12.08.2012

Կարելի՞ է արդյոք ներել դավաճանությունը


Ասում են` անտանելի է այն մարդու արարքը, ում մենք այլևս չենք սիրում: Իսկ երբ սիրում ենք ու դավաճանում են... Պատահական կապեր, մշտական հանդիպումներ... Որտե՞ղ է ավարտվում սիրո սահմանը և սկվում ինքնասիրությունը... Դավաճանության մասին հավերժ հարցին ՓՈՐՁԵԼ ենք բազմակողմանի պատասխաններ գտնել:
Պատրաստեց Գայանե Գալստյանը
Հոգեբան` Վերգինե Եսայան
Լիլիթ, 27 տարեկան
«Ամուսնացած եմ նրա հետ արդեն 5 տարի: Մի դուստր ունենք: Մի սովորական երեկո, երբ հեռախոսով «զավզակում» էի ընկերուհուս հետ, ով մի քանի ամիս առաջ էր բալիկ ունեցել և ցանկանում էր ցույց տալ ինձ իր նորածնի նկարները: Քանի որ իմ հեռախոսն MMS չունի, ասացի, որ ամուսնուս հեռախոսին ուղարկի հաղորդագրությունը: Երբեք սովորություն չեմ ունեցել ամուսնուս հեռախոսը փորփրելու, սակայն ստացված հաղորդագրությունը փակելուց հետո տեսա ինչ-որ տարօրինակ բովանդակությամբ նամակ կա: «Երեկոյան չեմ կարող հանդիպել, թող մնա առավոտյան». սա վերջին հաղորդագրությունն էր: Ես իրար խառնված սկսեցի կարդալ նախորդները. պարզվեց, որ բավական ժամանակ ամուսինս հանդիպում է ինձանից 5 տարի փոքր մի ուսանողուհու հետ: Կռիվ, վեճ, ինչի միջով ասես չանցանք:
Հիմա ծնողներիս տանն եմ: Որոշել ենք մի որոշ ժամանակ չշփվել: Չգիտեմ՝ ինչ եմ անելու: Ինձ ստորացված, վիրավորված ու խաբված եմ զգում: Մյուս կողմից, երբ նայում եմ դստերս... Չգիտեմ` ինչ անել, ինչպես ապրել»:
Cosmo-հոգեբան Վերգինե Եսայան
Այս միջադեպը Լիլիթի մեջ արթնացրել է տագնապ ու բացասական հույզերի մի ամբողջ ալիք՝ տակն ու վրա անելով նրա ամբողջ ներաշխարհը: Լիլիթը անշուշտ գիտի, որ գոյություն ունի ամուսնական դավաճանություն, և սա վախեցնում է նրան: Բնականաբար այս խնդիրը չունի պատրաստի լուծում, ծրագիր, թե ինչ անել, երբ ամուսինդ անհավատարիմ է: Նախ և առաջ, հարկավոր է ժամանակ տալ հույզերին` հանդարտվելու, հետո սթափ մտքով փորձել խոսել ամուսնու հետ, ծանր ու թեթև անել եղածը:
Ամուսնու վարքն այս պարագայում շատ կարևոր նշանակություն ունի` որքանով է նա ազնիվ և պատրաստ քննարկել ստեղծված խնդիրները և փորձել` ընդունելի լուծում գտնել, որպեսզի հնարավորինս բոլորի շահերը և պահանջմունքները հաշվի առնվեն: Սա փորձություն է ընտանիքի համար: Ճգնաժամից դուրս գալու համար յուրաքանչյուրին անհրաժեշտ կլինի վերանայել թե՛ միմյանց հանդեպ վերաբերմունքը, թե՛ ամեն մեկի տեղն ու դերը ընտանիքում, թե՛ արժեքային համակարգն ընդհանրապես: Այս դեպքում ես խորհուրդ կտայի մաքսիմալ խոհեմություն և ինքնատիրապետում դրսևորել և փորձել այնպիսի լուծում գտնել, որը հետագայում նոր բարդույթներ չի առաջացնի:
Դավաճանության պատճառները
1. Դավաճանություն՝ որպես մարած սիրո նշան: Երկարամյա հարաբերություններում էլ, կարճատև հարաբերություններում էլ, լինում են նման դեպքում: Այս պարագայում պետք է ուղղակի պարզել հարաբերություններն ու քաջություն ունենալ վերջացնել դրանք՝ զուգընկերոջդ մեղադրելու ու ատելու փոխարեն:
2. Դավաճանություն՝ որպես հարաբերություններում խնդիրների առկայության նշան: Երբ տղամարդը զգում է, որ իր զուգընկերուհին հեռացել է իրենից, կարող է սկսել տարվել օրինակ իր կոլեգայով: Այսպես նա ենթագիտակցորեն հաղթահարում է իր զգացմունքային սթրեսը: Հենց այս պատճառով է, որ հոգեբանները պնդում են` դավաճանությունը նույնիսկ կարող է կարգավորել հարաբերությունները, քանի որ դրա միջով անցած մարդկանց համար դա դաս է դառնում: Այս ամենից հետո նա կարող է ավելի հասկացող ու ուշադիր դառնալ իր զուգընկերուհու նկատմամբ:
3. Դաավաճանությունը որպես փախուստ: Դավաճանությունը այլ կերպ է մեկնաբանում «Եթե սա սեր է, ապա ինչու եմ ես տխուր» աշխատության հեղինակ Սքոթ Քադիան: Նա նշում է, որ եթե տղամարդը զգում է, որ իր ազատությունը սկսել է զգալիորեն սահմանափակվել, նա կարող է դավաճանել:
4. Դավաճանություն՝ որպես անձի ներքին խնդիրների ազդանշան: Այդ խնդիրներից են, օրինակ, լուրջ հարաբերություններին պատրաստ չլինելը: Կամ օրինակ` սեփական ուժերին վստահ չլինելը, այսինքն՝ ցածր ինքնագնահատականը:
Աննա, 24 տարեկան
«Ամառային արձակուրդներին մայրիկիս հետ հանգստի մեկնելուց մի քանի օր առաջ սարսափելի վիճեցինք` կրկին նրա խանդի պատճառով: Երկու օր հետո, առանց իրար հրաժեշտ տալու ես մեկնեցի հանգստի ու օգտագործեցի այդ ժամանակը մտքերս հանդարտեցնելու և հետագա անելիքներս հասկանալու համար: Ուզում էի հասկանալ՝ շարունակելու եմ մնալ նրա կողքին, թե վերջ եմ տալու արդեն 2 տարի ձգվող այս վիճահարույց հարաբերություններին: Անցավ մի քանի օր, որոշեցի ստուգել էլ-փոստս ու... տեսա ընկերուհուս նամակը: Նա քաղաքի ակումբներից մեկում տեսել էր ընկերոջս իր նախկին ընկերուհու հետ ու ոչ թե միայն խոսելիս, այլև գրկվելիս ու համբուրվելիս: Դա եղավ վերջին կաթիլը, որպեսզի համոզվեմ որոշմանս մեջ»:
Cosmo-հոգեբան
Այստեղ դավաճանությունը չէ Աննայի անհանգստության բուն պատճառը: Ագրեսիվ վարք, վիճահարույց հարաբերություններ, առաջին իսկ վեճից նախկին ընկերուհու գրկում մխիթարություն փնտրելը խոսում է հոգեկան ոչ բավարար հասունության, հուզական անհավասարակշռվածության մասին: Գոնե կյանքի այս փուլում լուրջ հարաբերություններ կառուցել նման մարդու հետ շատ դժվար կլինի: Աննայի որոշումը ճիշտ է և հաստատուն, որովհետև նա կարողացել է հանգիստ վիճակում վերլուծել հարաբերությունները՝ մի կողմ դնելով հույզերը և վիրավորվածությունը: Ընկերոջ այս վերջին վարքագիծը ես նույնիսկ դավաճանություն չէի անվանի, որովհետև նման մարդիկ չգիտեն՝ ինչ բան է հավատարմությունը, ուրեմն և չեն էլ դավաճանում: Նրանք ուղղակի անում են այն, ինչ ցանկանում են՝ հասնելով իրենց ցանկությունների բավարարմանը ամեն գնով: Լավագույն որոշումը նման մարդուց հեռու մնալն է, ինչն էլ տեսնում ենք պատմության վերջում:
Ներելին ու աններելին
Ընդունված է դավաճանությունը բաժանել երկու տեսակի` «մեկանգամյա» կամ «պատահական» և «մշտական»: Առաջին տեսակի դավաճանությունը տղամարդիկ շատ ժամանակ դավաճանություն էլ չեն համարում, այլ պատահական միջադեպ, որը տեղի է ունեցել հանգամանքների բերումով` ալկոհոլի ազդեցություն, հարմար առաջարկ, որից հնարավոր չէր հրաժարվել, կնոջ բացակայությունը, հղիությունը, անբավարար ուշադրությունը և այլն:
Հոգեբանի մեկնաբանությունը
Այստեղ հուզական կապ չկա, այն ֆիզիկական է: Այն կրում է էպիզոդիկ բնույթ: Առավոտյան տղամարդը կարող է նույնիսկ չհիշել՝ ինչպես է հայտվել այս «օտար» կնոջ անկողնում: Նման միջադեպերը մեղքի զգացում են առաջացնում տղամարդու մոտ: Սա կարող է պատահել նույնիսկ ամենասիրող և հավատարիմ տղամարդու հետ: Սակայն եթե ընտանիքում առկա են առողջ փոխհարաբերություններ, հիմնված սիրո և հարգանքի վրա, տղամարդը կանի ամեն ինչ ընտանեկան անդորրը պահպանելու համար: Խոսքն այն «կլինիկական» դեպքերի մասին, երբ տղամարդը մշտական սիրուհի ունի կամ մի կնոջ անկողնուց մյուսինն է տեղափոխվում: Սա խոսում է չհասունացած, ինֆանտիլ հոգեկանի մասին, սիրելու կարողության բացակայության մասին: Նման տղամարդը չի կարող երբևէ պատասխանատվություն կրել իր արարքների համար: Նա ուղղակի պիտանի չէ լուրջ հարաբերությունների համար: Այս տեսակին ներելը անխոհեմ քայլ է:
Անահիտ, 23 տ.
«Միասին նստած էինք լափթոթի առաջ ու խոսում էինք վերջերս իմ Facebook էջում ավելացրածս նկարի մասին: Հանկարծ նրա Facebook chat-ով նամակ եկավ մի աղջկանից` ջերմ խոսքերով: Տեղում ստիպեցի ինձ բացատրություն տալ: Նա խոստովանեց, որ ահագին ժամանակ է խոսում են օն-լայն, դուրը եկել է և որոշել է մի քիչ զրուցել, ու չեն հանդիպել և նրանց միջև ոչինչ տեղի չի ունեցել: Չիմացա՝ ինչ անել, պայուսակս վերցրի ու դուրս եկա սրճարանից, ու չեմ ուզում խոսել հետը, չեմ հասկանում՝ ինչ է կատարվում: Մենք արդեն 6 ամիս է հանդիպում ենք»:
Cosmo հոգեբան

Այս պատմության մեջ գործ ունենք խանդի հետ, խանդի տեսարան է սարքում աղջիկը, այն էլ՝ առանց լուրջ հիմք ունենալու: Զուգընկեր ունենալը և նույնիսկ ամուսնանալը չի նշանակում սեփականաշնորհել ինչ-որ մեկին: Որոշելով ապրել իրար հետ՝ մարդիկ որոշակի պարտականություններ են վերցնում իրար հանդեպ, ստեղծվում է ընդհանուր տարածություն, որտեղ նրանք իրար հետ են կիսում ժամանակ, գործողություններ, մտքեր, զգացմունքներ: Բայց նրանցից յուրաքանչյուրը պահպանում է որոշակի ազատություն հետաքրքրությունների, նախասիրությունների, շփման մեջ:
Մեր պատմության մեջ տղան անկեղծ պատմում է «որոշված սահմանից դուրս» շփման մասին, ազնվորեն ասում է պատճառների մասին, և սա բավարար նախադրյալ է փորձելու համար հասկանալ, թե ինչն է պակասում նրանց, ինչ է մտածում տղան և ինչ էր ցանկանում ստանալ մեկ այլ աղջկա հետ շփումից: Նա բաց է և պատրաստ խնդիրը քննարկել և, համոզված եմ, փորձել լուծում գնտել: Ինչը չես ասի Անահիտի մասին, ով ուղղակի փախչում է առաջին իսկ խնդրից՝ չմտածելով նույնիսկ լուծման հնարավորության մասին: Անահիտին խորհուրդ կտամ մի որոշ ժամանակ անց, երբ կրքերը կհանդարտվեն, հանդիպել և խոսել նրա հետ: Սա է հասունության ճանապարհը:
Տղամարդուն ներելի է՞, ո՞վ ասաց
Հասարակական կարծրատիպերի համաձայն տղամարդու դավաճանությունը երբեմն-երբեմն ներելի է` ֆիզիոլոգիական առանձնահատկությունների պատճառով: Բայց... «Ես համամիտ չեմ այս կարծիքին, այլև համարում եմ, որ հենց այս վերաբերմունքն էլ ձևավորում է տղամարդկանց մոտ վարքի կարծրատիպեր, ինչպես օրինակ` արդարացումներ, որ դա տղամարդու բնույթն է, բոլորն են անում, ուրեմն անխուսափելի է...: Սակայն մի կողմ թողնելով պատճառների վերլուծությունը` անդրադառնանք հնարավոր հետևանքներին ու մեզ` կանանց հետաքրքրվող ասպեկտին: Եթե կինը գիտի այս մասին, նա պետք է մինչև որևէ քայլ ձեռնարկելը վճռի իր համար, ցանկանո՞ւմ է շարունակել հարաբերությունները այդ տղամարդու հետ, թե` ոչ»,-նշում է հոգեբան Վերգինե Եսայանը:
Ինչ վերաբերում է դավաճանությանը ներելուն, ապա սա ևս անհատական խնդիր է. «Ներելն, ըստ ընտանեկան հոգեբան Իրինա Ռախիմովայի, շատ մեծ բուժող ուժ է՝ առաջինը հենց ինքդ քեզ համար: «Ինձ մոտ եկող կանանց տալիս եմ այս հարցը՝ Դուք ցանկանում եք նորից ընկնել որոնումների մեջ, գտնել Ձեր այն միակին (նորից ամուսնանալ, ընտանիք ստեղծել ու երեխաներ ունենալ), թե պայքարեք արդեն ունեցած սիրո համար ու ներել նրան: Հետագա ընթացքը կախված է այս պատասխանից»: Դավաճանությունը ինչ-որ տեղ նաև ուղղվելու հնարավորություն է: Եթե խնդիրները դավաճանողի անձի մեջ չէ, ապա գուցե ուղղվելու բաներ կան հենց քո մեջ: Ի՞նչ է նա վերջերս ասել կամ խնդրել, որ դու ուշադրություն չես դարձրել: Ընդունիր՝ երբեմն մենք իրոք խուլ ենք նույնիսկ սիրելի մարդկանց ասածների նկատմամբ: Այն ներումը, որ բերում է հոգևոր աճի, տանում է այնպիսի հարաբերությունների, որոնք մի քանի աստիճանով ավելի բարձր են, քան դավաճանությունից առաջ էր:
Ներել ու մոռանա՞լ
Ներելու համար օգնում են սերը, մեծահոգությունն ու անձնվիրությունը: Ներել ավելի հեշտ է, եթե կարողանաս իրավիճակին նայել կողքից: Լինում է, չէ՞, երբ մենք քննարկում ենք այլ զույգերին ու ավելի օբյեկտիվ գնահատականներ տալիս, քանի որ սառն ենք դատում:
Սերը դավաճանությունից հետո
Այն չի ուժեղանում կամ թուլանում. այն դառնում է ուրիշ, աճում է, նույնիսկ եթե դա ցավի արդյունքում է տեղի ունենում:
Հայտնի դերասանուհի Քեթրին Հեյգլը («Մերկ ճշմարտություն») Cosmopolitan UK-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ եթե իր ամուսինը դավաճանի, կների նրան, եթե, իրարկե, դա տեղի ունեցած լինի «սխալմամբ» ու մեկ անգամ: «Որովհետև նայեք, թե ինչ կյանք ենք կառուցել մենք միասին. մենք պատմություն ունենք, երեխա ունենք»,-ասել է Քեթրինը:
Ամեն կին ինքն է որոշում` ինչպես վարվել. կարելի է ներել և շարունակել ապրել, իսկ կարելի է նաև տեսարաններ սարքել, հավաքել ունեցած-չունեցածը և հեռանալ: Ամեն դեպքում պետք է հիշել մի բան. սա նշանակում է, որ ձեր հարաբերությունների մեջ ինչ-որ բան պակասում է, ինչ-որ բան այնպես չէ: Դավաճանությունը լուրջ փորձություն է հարաբերությունների համար. այն կարող է ինչպես վերջ դնել դրանց, այնպես էլ` ամրացնել:
Լուսանկարը` ըստ HMI-ի

Комментариев нет:

Отправить комментарий