12.08.2012

Խոստովանում է ՆԱ… իր արած-չարածի մասին


Յոթերորդ դասարանի աշակերտ էի։ Դպրոցում հանձնարարել էին տնային պայմաններում լոբի աճեցնել: Մի քանի հատիկի համար կիլոներով լոբի գնելն անիմաստ էր, ուստի գնացի շուկա, վաճառողուհուն նկարագրեցի իրավիճակն ու խնդրեցի օգնել:
Նա մի քանի հատիկի փոխարեն մի ամբողջ բուռ լոբի տվեց։ Կողքի սեղանի վաճառողուհին նույնպես ոգևորվեց ու մի քանի բուռ էլ իր հերթին ավելացրեց: Այդ գաղափարն ինձ շատ դուր եկավ... Երեկոյան, մի տոպրակ լոբի գրկած, մտա տուն ու հաղթական դեմքով հանձնեցի մայրիկիս:
Արամ, 23 տ.
Անվանական հրավերք
Ընկերներիս հետ ակումբում ժամանակ էի անցկացնում: Ուշադրությունս գրավեց մի գեղեցիկ աղջիկ. մոտեցա, ծանոթացա, իրար հետ մի քանի պար պարեցինք, հետո փոխանակեցինք մեր հեռախոսահամարներն ու իրար հրաժեշտ տվեցինք: Հաջորդ օրն իմ նոր ծանոթուհին ինձ հրավիրեց իրենց տուն: Միջանցքում նրա հետ միասին ինձ դիմավորեցին նրա ծնողները, քույրն ու եղբայրը: Աղջիկը հերթով ծանոթացրեց ինձ ընտանիքի բոլոր անդամների հետ, դեռ անունս էլ շփոթեց` ներկայացնելով որպես Արմեն: Նպատակները հեռուն գնացող էին, իսկ այ հիշողությունը` կարճ:
Կարեն (ոչ թե Արմեն), 22 տ.
Անհարմար ստացվեց...
Իմ ղեկավարը հետաքրքիր սովորություն ուներ. մտածմունքի մեջ ընկնելիս քորում էր ծոծրակը: Հեռախոսի մեղեդիներ ընտրելիս նրա զանգի տակ դրեցի Վիննի Թուխի երգը` «Если я чешу в затылке - не беда. В голове моей опилки, да да да...»: Մի օր ընդմիջումից վերադառնալով` տեսա շփոթված ղեկավարիս՝ իմ հեռախոսը ձեռքին. Վիննի Թուխը ոգևորված, ամբողջ ուժով երգում էր. «Если я чешу в затылке...»: Պարզվեց, որ շտապ գործ կար, ու ղեկավարս զանգահարել էր իմ բջջայինին, իսկ ես թարսի պես հեռախոսը թողել էի գրասենյակում:
Աննա, 24 տ.
Անհաջող օր
Մի անգամ ընկերուհիս հրավիրեց ինձ իրենց տուն` մայրիկի հետ ծանոթանալու: Ապագա զոքանչիս հետ հանդիպմանը մանրամասնորեն պատրաստվեցի և անգամ թանկ լիկյոր գնեցի` տոնական փակ տուփի մեջ: Տեղ հասնելով՝ տուփը հանձնեցի տանտիրուհուն: Վերջինս, ուշադրությունից զգացված, տուփը ցուցադրեց հյուրերին ու բոլորի առջև բաց արեց: Երբ շիշը հանեց, պարզվեց, որ այն կիսով չափ դատարկ էր: Քիչ մնաց ամոթից գետինը մտնեի։ Իհարկե, ասացի, որ հենց այդպես եմ գնել և չեմ հասցրել ստուգել խանութում, բայց դե եղածն արդեն եղած էր:
Սմբատ, 32 տ.
Հայրիկի տղան
Մեր տան մոտ մի գեղեցիկ պուրակ կա: Այնտեղ հաճախ եմ զբոսնում տղայիս հետ: Մի անգամ, հերթական զբոսանքի ժամանակ հանդիպեցինք մի համակրելի երիտասարդի: Հեռվից ժպտալով` նա քայլերն ուղղեց դեպի ինձ. տղայիս հավանաբար չէր նկատել: Երբ մոտեցավ, տղաս հանկարծ ձգվեց դեպի երիտասարդն ու սկսեց կանչել` հայրի՜կ։ Շփոթված երիտասարդն արագ քայլերով հեռացավ, մինչդեռ փոքրիկս ընդամենն ուզում էր ասել, որ նա հագել էր հայրիկի վերնաշապիկից:
Նառա, 24 տ.
Տարօրինակ խնդրանք
Մի անգամ ընկերուհիներով զբոսնում էինք: Մեզ մոտեցավ մի մարդ ու ասաց, որ ես շատ յուրահատուկ քիթ ունեմ, և քանի որ ինքը հավաքում էր հետաքրքիր քթերի լուսանկարներ, ինձնից թույլտվություն խնդրեց` նկարելու քիթս: Ես մի տեսակ շփոթվեցի, բայց չմերժեցի: Հետո նա լուսանկարեց քիթս իր հեռախոսով, ցույց տվեց ինձ նկարն ու երջանիկ հեռացավ...
Եվա, 22 տ.
Խոսում են տղամարդիկ
Համոզված եմ, որ աղջիկները մի կուշտ ծիծաղել են այդ տարօրինակ խնդրանքի վրա: Ես կոչ չեմ անում թերահավատությամբ վերաբերվել բոլորին, սակայն քթերի ֆոտոներ հավաքող մարդն, իրոք, կասկած է հարուցում: Ամեն դեպքում, զգոնությունը չի խանգարի:
Վահրամ, 30 տ.
Լուսանկարը` ըստ HMI-ի

Комментариев нет:

Отправить комментарий