22.12.2012

Գեղեցիկ աղջկա հետեւից ռեպլիկ նետելն ավարտվել է ծեծկռտուքով եւ 5 տարվա ազատազրկմամբ

Գեղեցիկ աղջկա հետեւից ռեպլիկ նետելն ավարտվել է ծեծկռտուքով եւ 5 տարվա ազատազրկմամբ
Աբովյանցի 25-ամյա Արմեն Մ.-ն մեքենայի միջից նկատելով Ա.Ա.-ի  հագուկապը, արտաքինը` ռեպլիկ է արել ասելով. «էս ինչ սիրուն ես, էս ինչ առեւտուր ես արել, ո՞ւր ես գնում, բա սրա բռնած հեռախոսը, էտ iPhone ես բռնո՞ւմ», որի պատճառով աղջիկը նրան  «ապուշ» է անվանել, ինչն էլ ծեծկռտուքի պատճառ է հանդիսացել: Աբովյանի ընդհանուր իրվասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն, 25- ամյա Արմեն Մ.-ն Աբովյան քաղաքում գործով չպարզված անձի՝ ոմն Արամի հետ միասին, անհիմն վիճաբանել են Ա. Ա.-ի հետ, դիտավորությամբ վերջինիս ծեծի ենթարկել ու պատճառել նրա առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք: Նրանք շուրջ 30 րոպե տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը եւ միաժամանակ բռնության գործադրմամբ, հարկադրաբար, ուժի կիրառմամբ, փորձել են Ա. Ա.-ին նստեցնել իրենց ավտոմեքենան ու բացահայտ կերպով առեւանգել:
Քրեական գործ է հարուցվել 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Դատաքննության ընթացքում Արմեն Մ.-ն պատմել է, որ ինքը  ճանապարհի եզրին կանգնած է եղել, երբ այդ պահին իր մոտով անցել է 30 շենքի բնակչուհի Ա-ն եւ ինքը նկատելով վերջինիս հագուկապը, արտաքինը` նրա հետեւից ասել է. «էս ինչ սիրուն ես» , որի համար Ա-ն իրեն «ապուշ» է անվանել: Ինքը նույն ձեւով անվանել է Ա-ին ու մոտեցել նրան: Վերջինս ասել է չմոտենաս, թե չէ ձեռքիս եղածը բերանդ կմտցնեմ ու երբ ձեռքի եղած անձրեւանոցը բարձրացրել է, որ իրեն խփի, ինքը ձեռքից անձրեւանոցը վերցրել է եւ մի կողմ շպրտել: Սկսել են իրար քաշքշել ու այդ ընթացքում երբ Ա-ն կծել է իր մատը, ինքը նրան հրել ու վայր է գցել գետնին:
Այդ պահին մոտեցել են անցորդները եւ թույլ չեն տվել, որ իրենց միջեւ միջադեպը շարունակվի: Այդ ընթացքում Ա-ն հայհոյել է իրեն, ինքն էլ` նրան, որից հետո հավաքվածների հորդորանքով ինքը թողել հեռացել է քիչ հեռու կանգնած տաքսի ավտոմեքենայով եւ Ա-ին այլեւս չի տեսել:
Տուժող Ա. Ա.-ն էլ ցուցմունք է տվել, որ դեպքի օրը, գնացել է խանութ գնումներ կատարելու: Խանութից դուրս գալուց հետո նկատել է, որ սեւ գույնի մի ավտոմեքենա գալիս իր հետեւից: Երբ ավտոմեքենան հավասարվել է իրեն, վարորդը բացել է պատուհանը եւ սկսել իր հասցեին ռեպլիկներ հնչեցնել, իսկ վարորդի կողքի նստատեղում նստած Ա-ն գլուխը առաջ բերելով ասել է .«Էս ինչ առեւտուր ես արել, ուր ես գնում, բա սրա բռնած հեռախոսը, էտ iPhone ես բռնո՞ւմ»: Ինքը վերջիններիս ասել է, որ իրեն չվիրավորեն եւ շարունակեն իրենց ճանապարհը: Դրանից հետո նրանք կրկին շարունակել են ավտոմեքենայով գալ իր հետեւից եւ հայհոյել իրեն:
Այնուհետեւ, նրանք իջել են ավտոմեքենայից եւ սկսել են քաշքշել իրեն: Արմենը բռնել է իր վզից ու ցանկացել է խեղդել, սակայն ինքը հասցրել է նրա ձեռքը կծել, որից վերջինս զայրացել եւ ապտակել է իրեն: Ինքը եղել է շատ վատ վիճակում եւ, երբ հանել է հեռախոսը, որ զանգահարի, խփել են ձեռքին եւ հեռախոսն ընկել է գետնին, այդ ժամանակ Արմենն ասել է. «Արա, չես կարա՞ խփես սրա գլխին, քցես ավտոյի մեջ»: Երբ Արմենն իրեն հրելով, խեղդելով բերել է ավտոմեքենայի մոտ, ինքը դիպել է ավտոմեքենայի հայելուն եւ այն ջարդվել է: Արամն ու Արմենը փորձել են իրեն նստեցնել ավտոմեքենան սակայն ինքը դիմադրել եւ ոտքերով հարվածել է: Այդ պահին հեռվից դեպի իրենց է մոտեցել մի կին եւ ասել «Արմեն, Արամ, էդ ի՞նչ եք անում», հենց այդ ժամանակ էլ իմացել է նրանց անունները:
Այդ կինը հորդորել է տղաներին, որ նստեն ավտոմեքենան ու հեռանան, քանի դեռ ոստիկանության աշխատակիցները չեն եկել: Եթե այդ կինը չլիներ, ապա իրեն ստիպողաբար կմտցնեին ավտոմեքենան ու կտանեին, քանի որ արդեն իսկ կիսով չափ իրեն նստեցրել էին մեքենայի մեջ:
Դատարանը լսելով կողմերին, պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով նրանց նկատմամբ վերջնական պատիժ սահմանել է` ազատազրկում 5 տարի ժամկետով: Արմեն Մ.-ն դիմել է վերաքննիչ դատարան, սակայն  վերաքննիչ բողոքը դեկտեմբերի 19-ին մերժվել է եւ ստորադաս դատարանի դատական ակտը թողնվել է անփոփոխ:

Комментариев нет:

Отправить комментарий