13.12.2012

Ամերիկացի բժիշկները 7 ամսական երեխայի մաշկի տակից իսկական փետուր են հանել (լուսանկարներ)




ԱՄՆ-ի Կանզաս նահանգի Հաթչինսոն քաղաքի հիվանդանոցներից մեկի բժիշկներն ուղղակի ապշել են, երբ 7 ամսական Միա Ուիթինգթոնի մաշկի տակից կոպեկի մեծությամբ իրական փետուր են հանել, գրում է Daily Mail-ը։ 
Այս տարօրինակ պատմությունը սկսվել է այն ժամանակ, երբ փոքրիկի ծնողները նրա ծնոտի ձախ հատվածում նկատել են ուռուցք, որի ծայրին եղել է թարախային բշտիկ։ Երբ անհանգստացած ծնողները դիմել են մանկաբույժին, ապա նա ասել է, որ վտանգավոր ոչինչ չկա և որ դա ընդամենը վարակի արդյունք է։ Երեխային նշանակվել են հակաբիոտիկներ, սակայն ուռուցքը շարունակել է աճել։
Վերջիվերջո մասնագետները որոշել են բացել ուռուցքը և մաքրել թարախային գոյացությունը, և երբ նրանք դա արել են՝ մաշկի տակ, ի զարմանս բոլորի, հայտնաբերել են սև մազմզուկներ։ Բժիշկներից մեկը, ցանկանալով պարզել, թե ինչ են իրենցից ներկայացնում այդ առեղծվածային մազմզուկները, դուրս է քաշել դրանք և տեսել, որ դա կոպեկի մեծությամբ սև փետուր է։
Բժիշկները եզրակացնում են, որ երեխան պատահաբար կուլ է տվել այդ փետուրը, որն էլ, ըստ ամենայնի, ծակել-մտել է նրա այտի մեջ, սակայն որոշ ժամանակ անց նրա օրգանիզմը ցանկացել է դուրս հանել օտար մարմինը, ինչի պատճառով էլ ծնոտի այդ հատվածում ուռուցք է գոյացել։



Комментариев нет:

Отправить комментарий