24.12.2012

Ջամալյան. Հակադիվերսիոն պատժիչ գործողությունները տվել են իրենց արդյունքները


Ջամալյան. Հակադիվերսիոն պատժիչ գործողությունները տվել են իրենց արդյունքները   «Հունիս ամսից հետո մենք ադրբեջանական դիվերսիա չենք նկատել, այսինքն` մեր պատժիչ գործողությունները տվել են իրենց արդյունքները»,- ամփոփելով 2012 թվականը` այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը:

Նրա խոսքով` անցնող տարում էլ ավելի ամրապնդվեց հայկական  ռազմական ներուժը, որի վառ ապացույցն էր Ստեփանակերտի ռազմական շքերթը:
 «Այն, որ Ստեփանակերտի հրապարակով անցան նոր զինատեսակները՝ օպերատիվ տակտիկական հրթիռները, խորհրդանշական էր և ազդակ ուղղված հակառակորդին»,- նշեց նա և հավելեց. «Սա նկատեցին նաև Ադրբեջանում և Բաքվում որոշ տաք գլուխներ սառեցին»:
Բանախոսը հաջողակ անվանեց նաև այլ երկու կարևոր իրադարձություն` Հայաստանի տարածքում ՀԱՊԿ-ի զորավարժությունները` և զորավարժությունները Արցախում: Նրա խոսքով` ԼՂՀ տարածքում զորավարժությունների սցենարն այնպես էր մշակված, որ հայկական ուժերը կարողանան հետ մղել հակառակորդի գրոհը, հարձակումը և պատերազմական գործողությունները տեղափոխեն հակառակորդի տարածք՝ անհրաժեշտության դեպքում հասնելով մինչև Քուռ գետը:
Ըստ Դ. Ջամալյանի` ադրբեջանական դիվերսիոն գործողությունները նպատակ ունեին անառողջ բարոյահոգեբանական միջավայր ստեղծել հայկական բանակում, սակայն դա նրանց չհաջողվեց. «Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը համաչափ, համարժեք պատասխան տվեցին թշնամուն»:

Նա գոհունակությամբ նշեց, որ Արցախում` հայ-ադրբեջանական շփման գծում այսօր ամեն մի հենակետ ինժեներական առումով վերածվել է ամրոցի: 
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий