24.12.2012

Ուկրաինացիները կվերսկսեն «Արմենիա»-ի փնտրտուքը


Ուկրաինացիները կվերսկսեն «Արմենիա»-ի փնտրտուքը  Ուկրաինայում մտադիր են նորագույն տեխնոլոգիաներով վերսկսել «Արմենիա» շոգենավի որոնումները: Այս մասին հայտնում է Ուկրաինայի «Հետաքննող լրագրության կենտրոն»-ը` հղում անելով «Ուկրինֆորմ» գործակալությանը:
Նշենք, որ «Արմենիա» շոգենավը Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ նավաբեկության է ենթարկվել Ղրիմի ափերի մոտ:

Տեղեկատվության համաձայն` Ղրիմի հետազոտողները մտադիր են նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ կրկին ուսումնասիրել շոգենավի խորտակման տեղանքը: «Մարտին մենք սպասում ենք կողային դիտարկման հիդրոլոկատոր, որը հնարավորություն կտա տվյալներ ստանալ Սև ծովի 2200 մետր խորության վրա գտնվող ողջ հատակի մասին: Դա մեզ թույլ կտա հետազոտել լեգենդար «Արմենիա»-ն»,- գործակալությանն ասել է «Ստորջրյա հետազոտությունների սևծովյան կենտրոն»-ի տնօրեն Սերգեյ Վորոնովը:

«Արմենիա»-ի խորտակումը մարդկային կորուստների տեսանկյունից համարվում է համաշխարհային պատմության մեջ գրանցված ամենախոշոր աղետներից մեկը: Շոգենավը Յալթայի նավահանգստից դուրս գալուց անմիջապես հետո 1941 թվականի նոյեմբերի 7-ին հարձակման է ենթարկվել գերմանական ավիացիայի կողմից ու խորտակվել:

«Արմենիա»-ն իր վերջին ճանապարհորդության ժամանակ Յալթայից տարհանել է Սևծովյան նավատորմի հոսպիտալի անձնակազմին, վիրավոր զինվորների ու քաղաքի բնակիչների: Մինչ օրս հայտնի չէ զոհվածների հստակ թիվը: Որոշ տվյալներով` «Արմենիա»-ում աղետի պահին գտնվել է 5-6 հազար մարդ, սակայն մասնագետները համարում են, որ նավի ջրատարողության պայմաններում այն առավելագույնը կարող էր տախտակամած վերցնել 4500 մարդ: Այս անորոշությունը կապված է այն հանգամանքի հետ, որ նավի վրա մարդկանց նստեցումը կատարվել է տարերայնորեն` առանց գրանցման: Չնայած այս անորոշությանը, համարվում է, որ այն ամենախոշոր աղետներից մեկն է, քանի որ մի քանի հազար մարդկանցից ընդամենը 8-ին է հաջողվել փրկվել:

Որոշ տվյալներով` շրջափակված Ղրիմից մարդկանցից բացի «Արմենիա»-ով փորձ է արվել տարհանել նաև մշակութային թանկարժեք ցուցանմուշներ:

Թեև աղետից անցել է 61 տարի, մինչ օրս «Արմենիա»-ի խորտակման ճշգրիտ տեղը չի հայտնաբերվել: Շոգենավի խորտակման վերաբերյալ «Արմենիա»-ի կապավորի և այն խոցած գերմանացի օդաչուի հաղորդած կոորդինատները չեն համապատասխանում միմյանց, իսկ ստորջրյա բարդ երկրաբանական իրավիճակը բարդացնում է այն հայտնաբերելու աշխատանքները: Ուկրաինացի մասնագետները հույս ունեն նոր տեխնոլոգիայի կիրառմամբ հետազոտել ստորջրյա խորխորատներն ու իջվածքները:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий