Ամանորին ընդառաջ բոլորս շտապում ենք խանութներ, շուկաներ՝ փորձելով ժամեր առաջ ապահովել Ամանորի սեղանին մատուցվելիք սննդամթերքի լայն տեսականին: Եվ արդեն կարծես թե սովորական է դարձել, երբ Ամանորի նախաշեմին ապրանքի գինը կրկնակի աճում է ու հասարակությունը մոռանալով իրենց աշխատավարձի չափը՝ շտապում է գնումներ կատարել. չէ՞, որ առանց խոզի բուդի, կամ արքայախնձորի Ամանորի սեղանը խղճուկ կլինի:
«Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը Yelaket.am-ի հետ զրույցում նշեց, որ այս տարի նույնպես նախաամանօրյա թանկացումներ են սպասվում և արդեն որոշ ապրանքների վրա նկատելի է:
Իսկ թե Հայաստանում գների վերահսկողություն ո՞ր գերատեսչությունն է իրականացնում բավական դժվար է հասկանալ, քանզի տարիներ շարունակ նույն խնդիրն առկա է:
«Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանի խոսքերով՝ մեր երկրում գների դինամիկայի և գների խնդրով զբաղվում է երկու կառույց` Կենտրոնական բանկը և Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը:
«ՏՄՊՊ-ի հետ մենք մի քանի անգամ բանավիճել ենք, իրենք ասում են մենք պատշաճ ու օրինական մրցակցության խնդիրներով ենք զբաղվում և անբարեխիղճ մրցակցությունը պետք է վերացնենք, ես ասում եմ, որ դա նույն բանն է՝ մեկը մյուսի հետևանքն է: Եթե ես կտրուկ էժանացնում եմ գինը որևէ ապրանքի, դրանով ես անբարեխիղճ վերաբերմունք եմ ցուցաբերում մրցակիցներիս նկատմամբ՝ նրանց սննանկացնում եմ, այսպիսի երևույթներ եղել են մեր երկրում և միշտ էլ կան, այդ բացատրությունը մեր համար ընդունելի չէ»,- yelaket.am-ի հետ զրույցում նշեց «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը:
Ըստ Պողոսյանի՝ Կենտրոնական բանկն ունի ավելի մեծ լծակներ, Կենտրոնական բանկի վրա օրենքով է նախատեսված այդ պարտականությունը` գների, գնաճի և սղաճի դեմ միջոցառումներ կիրառելը:
«Որպեսզի նախատոնական գնաճ չլինի այս գերատեսչությունները որևէ վերահսկողություն չեն իրականացրել, բայց ես նկատում եմ դրական տեղաշարժ, միգուցե սպառողը չի նկատում այդ չնչին տարբերությունները, բայց տարեցտարի թռիչքը նվազում է»,- ավելեցրեց Արմեն Պողոսյանը:
«Սպառողների միության» նախագահն անդրադառնալով գնային քաղաքականության անկայունության պատճառներին նշեց ստվերային տնտեսության առկայությունը.
«Ստվերային տնտեսություն կա, դրա պատճառով էլ այսօր գներն անվերահսկելի վիճակում են: Քանի որ մեր շուկան գերկենտրոնացված է, ապա ամենակարևորն այն է, որ պետեկամուտների կոմիտեն վերահսկի ավելի ամբողջական ֆինանսական շարժն ու հարկումները»,- ավելացրեց Արմեն Պողոսյանը:
Yelaket.am
Комментариев нет:
Отправить комментарий