27.06.2013

Միքայելյանի հիվանդանոցում մահացած 28-ամյա երիտասարդի նշանածի առողջությունը վատթարացել է

Միքայելյանի հիվանդանոցում մահացած 28-ամյա երիտասարդի նշանածի առողջությունը վատթարացել է 
Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում  հունիսի 20-ին մահացած 28-ամյա Մերուժան Ավետիսյանի ապագա նշանածը չի մասնակցել տղայի հուղարկավորությանը: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մերուժանի քեռին՝ Գագիկ Սարոյանը:
Նրա խոսքով, 22-ամյա նշանածի վիճակը շատ ծանր է: «Ասել է, որ չի ուզում գալ, քանի որ ուզում է՝ Մերուժանը իր հիշողության մեջ կենդանի մնա: Նրան էլ ենք հասկանում: Հեշտ չէ, քանի որ վիրահատությունից 10 օր հետո պետք է նշանվեին: Այդ ուրախությամբ եւ հույսով գնաց վիրահատության, բայց տունը քանդվեց»,- փոխանցեց քեռին եւ ավելացրեց, որ աղջկա համար էլ ստիպված են եղել մի քանի անգամ շտապօգնություն կանչել: Նա նշեց, որ առաջիկայում ամբողջ ազգականներով եւ համագյուղացիներով նախագահական նստավայրի մոտ ցույցի են դուրս գալու՝ պահանջելով, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն:
«Դա ամբողջ հանրապետության դժբախտությունն է: Կարող է վաղն էլ մեկ ուրիշը հայտնվի նույն կարգավիճակում: Հետեւաբար` պետք է կանխել այդ անդառնալի կորուստները, որ մեր մի բուռ երկրում նման ողբերգություններ չլինեն, երիտասարդ ծուխեր չմարվեն»,- նշեց Գագիկ Սարոյանը:  Նա  նաեւ ընդգծեց, եթե մեկը հավ կամ ձու է գողանում, նրան կալանք են տալիս, բայց այս դեպքում ընդամենը նախաքննություն է իրականացվում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում  հունիսի 20-ին մահացած 28-ամյա Մերուժան Ավետիսյանը տնտեսած գումարով ցանկացել է պլաստիկ վիրահատության միջոցով շտկել ի ծնե թեքված ծնոտի արատը, որ դրանից հետո նշանվի: Տղայի հարազատները պնդում են, որ նա մահացել է բժշկական սխալի պատճառով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Մերուժանի քեռին՝ Գագիկ Սարոյանը: Ի դեպ, նրանց հարազատները եւ Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի բնակիչները, մոտ 100 մարդ, ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնի մոտ բողոքի ակցիայի էին դուրս եկել եւ հավաստիացնում էին, որ պայքարելու եւ բողոքելու են այնքան ժամանակ, մինչեւ մեղավորները ազատվեն աշխատանքից եւ քրեական պատասխանատվության ենթարկվեն: «Մեր էրեխուն սպանել են: Չնայած նախնական ասում են, որ էրեխուն, որ վիրահատել են, ծուծքը գնացել է արյան մեջ: Բայց մենք ներքին կարգով ճշտել ենք, որ թթվածինը, որը քթով է գնացել, իրիկունը պոկվել,  անջատվել է եւ Մերուժանը խեղդվել է: Միակ վարկածը դա է, հաստատ: Նրանց անփութության պատճառով սպանել են: Մեր երեխան առողջ էր եւ ոչ մի բանից չի դժգոհել, իր ոտքով է վազելով բարձրացել վիրահատության: Մի ատամի ցավ չի ունեցել: Պողպատի նման առողջ էր»,- ավելացրել էր Գագիկ Սարոյանը:
Երիտասարդի վիրահատության համար վճարել են 1 միլիոն 500 հազար դրամ: Վիրահատող բժիշկը եղել է Հայկ Ենոքյանը: Իսկ հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնից փոխանցել են, որ փորձաքննության արդյունքները կտրամադրեն 20 օրից:

Комментариев нет:

Отправить комментарий