Ուղիղ մեկ ամսից կլրանա 18-20 շաբաթական հղիությամբ 43-ամյա Հրածին Մալխասյանի մահվան տարելիցը: Մեկ տարի է տեւել կնոջ մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, այդ ընթացքում ոստիկանությունից հայտնում էին, թե նյութեր են նախապատրաստվում, ընթանում է նախաքննություն, նշանակված են դատաբժշկական փորձաքննություններ եւ այլն: Իսկ երեկ ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ գործն ուղարկվել է մեղադրող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու համար, սակայն չմանրամասնեցին, թե գործի շրջանակներում ովքեր են ներգրավված, ինչ խափանման միջոց է ընտրված նրանց նկատմամբ եւ այլն: Եզրակացությունը հաստատվելու դեպքում գործը կուղարկվի դատարան:
Մեր տեղեկություններով` կնոջ մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Քրեական օրենսգքրի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել բժշկի, ում նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին: Այդ հոդվածով սահմանվում է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը` դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում: Այս արարքը պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Գործի շրջանակներում մեղադրյալի կամ մեղադրյալների ինքնությունը ոչ իրավապահներն են բացահայտում, ոչ էլ «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի տնօրեն Լեւոն Գրիգորյանը, որտեղ կինը վիրահատվել է: Լեւոն Գրիգորյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկ անգամ եւս պնդեց, որ Հրածին Մալխասյանին ոչ թե աբորտ են արել, ինչպես պնդում է վերջինիս ամուսինը, այլ նրա մոտ վիժում է սկսվել: Նա հրաժարվեց ասել նրան վիրահատող բժշկի անուն-ազգանունը` ասելով, որ իրավապահներից ճշտենք, սպասենք գործը հանգուցածալուծվի, քանի որ կարող է դատարանում այդ մարդը արդարացվում է: Տնօրենն ասաց, որ այդ բժշկին նկատողություն չի արել, աշխատանքից չի ազատել, նա իր դիմումի համաձայն տեղափոխվել է այլ աշխատանքի: Լեւոն Գրիգորյանի տեղեկություններով`Հրածին Մալխասյանին վիրահատած բժիշկը այժմ աշխատում է Աշտարակի հիվանդանոցում, «նորմալ էլ աշխատում է»:
Իսկ Հրածին Մալխասյանի ամուսինը` 49-ամյա Շիրակ Ասատրյանը իր կնոջ մահվան մեջ մեղադրում է «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի բժիշկներին, ում անունները հստակ չի հիշում: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ ինքը չի հետաքրքրվել գործի քննությամբ, հույսեր չի կապում իրավապահների հետ, ոչ էլ հետաքրքրվում է, թե ում ինչքան կպատժեն, քանի որ այսքանից հետո, միեւնույն է, իր կնոջը չեն վերադարձնելու: «Իմ տունը հանգցրեց, երեխեքիս թողեց անտեր, սաղ հարստությունց կորցրի, ինչի՞ս է պետք էդքանից հետ: Ես չգիտեմ` ինչ է արել, ոնց է արել, ոչ մի բան չգիտեմ, տեղյակ չեմ: Նրանք էնքան շան որդի են, որ ոչ մեկի էլ չեն բռնի, նրան պետք է ոչ թե բռնեն, այլ կախեն»,- նշեց նա:
Շիրակ Ասատրյանը պատմեց, որ իր կինը բացարձակ առողջ է եղել, «դեղ խմած չկար, ատամ էլ չուներ փչացած, 5 անասուններին ամեն օր 6-ին հանել է, կթել, որ բրախի նախիր, հիմա կովին կթող չունեմ, գյուղի առաջին տունն էի, հիմա դառել է վերջինը, իմ կինը հիվանդ չէր, ինքը սպանեց»:
Հրածին Մալխասյանը եւ Շիրակ Ասատրյանը 4 երեխա ունեին, կինը սպասում էր 5-րդ երեխային, սակայն չէին ցանկանում ունենալ, որոշեցին հեռացնել, խորհուրդ էին տվել բերել Երեւանում գտնվող «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն: Այդտեղից էլ սկսվեց նրանց ընտանիքի ողբերգությունը: Ամուսինը կնոջը բերեց Երեւան` աբորտ անելու համար: «4 ամսական հղի էր, բերեցինք Երեւան, որ աբորտ անեն, բռնեց սպանեց կնոջս: Արգանդը հեռացրել են, ծակել է հաստ աղիքը, հաստ աղիքը սեւացել է, չեմ հասկանում, թե ոնց է արել: 9 ամսականում տանում ու աբորտ են անում, բան չի լինում: Չի կարողացել անի, որ սպանել է իմ 43 տարեկան կնոջը, էն էլ ինչ կնիկ, որ ես սաղ աշխարհքը կտայի իրա համար: Ինչ դեղ ա տվել, ինչ նարկոզ ա տվել, չգիտեմ, աբորտից հետո կինս չի արթնացել:»,- պատմեց ամուսինը:
Հունիսի 27-ի կեսօրին նա կնոջը բերում է հիվանդանոց, սիստեմա են միացնում, խոսում է բժշկի հետ, նրա վիճակը նորմալ է լինում: Շիրակ Ասատրյանի խոսքով` հաջորդ օրը արդեն աբորտ են անում, բժշկի հետ խոսում է հեռախոսով, ասում է` շատ ծանր է վիճակը: «Ես ինձ արդեն կորցրել էի, որ «Շտապօգնությունը» եկավ «Էրեբունիից», ասի` խի է գալիս, ես իմ սեփական ավտոյով եմ եկել, մեկ էլ տենամ` կնոջս կալյասկի վրա հանեցին դուրս, արդեն ինքը մահացած էր, փոքր տղես հետս էր, ուշքը անցավ, դեղ են տվել, որ հետ բերեն: Սպանեց, էլ ինչ ասեմ, ասելու բան չկա…: Չեմ հիշում ովքեր էին, չեմ էլ ուզում հիշել, ոնց որ անունը Վարուժ էր` մոտ 49-50 տարեկան, իր մոտ էլի էր եղել, որ կին էր մահացել աբորտից: Մի հատ էլ չաղ կնիկ կար հետը, կարող է ինքն էլ է հետը եղել: Երկու ժամ բժիշկը փախավ, պախկվեց, հետո հայտնվեց, բայց էլ ինչ, մեռել պրծել էր կինս: Իրեն արդեն մահացած տարան «Էրեբունի», «Էրեբունիում» ինչ արեցին, չկարողացան փրկել, այնտեղ մեղավոր չեն, ինքը արդեն սառած էր, էնքան էին սրսկել, որ սաղ անոթները տրաքացրել էին»,- պատմում է ամուսինը` հավելելով, որ իր կնոջը աբորտ արած բժիշկը դիտավորություն չի ունեցել, եղել, ուղղակի ինքը բժշկի չի եղել:
Այժմ Շիրակ Ասատրյանը զբաղվում է գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ, սոցիալական վիճակը այդքան էլ լավ չէ: Ընտանիքում 4 երեխա են` երկուական դուստր եւ որդի, դուստրերը ամուսնացած են արտերկրում, թոռնիկ էլ ունի, իսկ կրտսեր` 11-ամյա որդու համար եւ մայր է, եւ հայր. «Իմ ինչի՞ն է պետք ամուսնանալ: Տան տղամարդը որ իր երեխի շորերը լվա, ճաշը եփի, 11 տարեկան տղի հետ հե՞շտ ա, մարդ չկա, որ ինձ օգնի»,-պատմում է տղամարդը:
Հիշեցնենք, որ այս դեպքի մասին ահազանգել էր NEWS.am-ը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Սպիտակի Ջրաշեն գյուղից 18-20 շաբաթական հղիությամբ, 4 երեխաների մայր, 43-ամյա Հրածին Մալխասյանը հուլիսի 28-ին դիմել էր «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն, իսկ այնտեղից տեղափոխվել է «Էրեբունի» բ/կ, որտեղ եւ մահացել է: Ըստ շրջանառվող տեղեկությունների` կնոջ մոտ արյունահոսությունը սկսվել է աբորտ անելուց հետո, քանի որ նա 20 շաբաթական հղի է եղել: Իսկ «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի տնօրեն Լեւոն Գրիգորյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մանրամասնել էր, որ նրա մոտ եղել են ցավեր, ինքնուրույն վիժել է, այնուհետեւ սկսվել է արյունահոսությունը: «Հղիությունը նորմալ չի ընթացել, ծանր վիճակում ընդունվել է, վիժել է, որից հետո արյունահոսություն է սկսվել, վիրահատել ենք, այնուհետեւ ծանր վիճակում հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, այնտեղ նորից վիրահատվել է եւ հնարավոր չի եղել կյանքը փրկել»,- նշել էր նա:
Ինգա Մարտինյան
Комментариев нет:
Отправить комментарий