Արմավիրի մարզում մայիսի 12-ին կարկուտից տուժած գյուղացիներին օգնելու համար ստեղծված հիմնադրամում այսօրվա դրությամբ հավաքվել է 74 մլն դրամ: Այդ մասին, այսօր՝ հունիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արմավիրից ընտրված պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը: Նրա տեղեկացմամբ՝ երեկ 20,1 մլն դրամ է փոխանցել ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն:
Մյուս խոշոր փոխանցողներն են՝ ՀՀ ոստիկանությունը (20 մլն դրամ), ՀՀ կենտրոնական բանկը՝ 10 մլն դրամ, ՄԱՊ-ը՝ 4 մլն դրամ, ՀՀ դատարանների միությունը՝ 2 մլն դրամ:Երեւանի կոնյակի գործարանի տնօրեն Արա Գրիգորյանը խոստացել է մինչեւ ամսվա վերջ փոխանցել 20 մլն դրամ:
Ըստ Ա. Պետրոսյանի՝ սփյուռքից միայն 1 փոխանցում է եղել՝ մի կին Շվեյցարիայից փոխանցել է 500 դոլար:
Գումարները բաշխվելու են օգոստոսի 1-ից՝ առավելագույնս հաշվի առնելով համայնքների առաջարկները: Ա. Պետրոսյանը նշեց, որ ցանկացած ոք, եթե ցանկանում է մասնակցել գումարների բաշխմանը այս կամ այն համայնքում, ապա այդպիսի հնարավորություն կստանա:
Հիշեցնենք, որ կարկտահարությունից ամբողջությամբ տուժել են 43 համայնքներ, մոտ 11 հազ. հա: Վնասի ընդհանուր չափը գնահատվում է մոտ 25 մլրդ դրամ: Միայն ծիրանի կորուստը գնահատվում է 4 հազ. տոննա, խաղողի կորուստը՝ 25 հազ. տոննա:
Комментариев нет:
Отправить комментарий