05.06.2013

Հայաստանն ու Դանիան կհամագործակցեն ձկնաբուծական ոլորտում

Հայաստանն ու Դանիան կհամագործակցեն ձկնաբուծական ոլորտում 
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն, այսօր՝ հունիսի 4-ին, ընդունել է Դանիայի Թագավորությունից ժամանած ձկնաբուծական տեխնոլոգիաների մասնագետների պատվիրակությանը:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ գյուղատնտեսության նախարարությունը նախաձեռնել էր նաեւ խորհրդակցություն, ուր հյուրերը ձկնաբուծության ժամանակակից տեխնոլոգիաների առաջավոր փորձը ներկայացրել են ոլորտի հայ մասնագետներին:
Եվրամիության Թվինինգ ծրագրի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատվիրակությունը` Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորությամբ այս տարի այցելել էր Դանիայի Թագավորություն եւ պայմանավորվածություններ ձեռք բերել այս ասպարեզում կուտակած դանիական առաջավոր փորձն ու տեխնոլոգիաները Հայաստանում ներդնելու համար, եւ դանիացի մասնագետների փոխադարձ այցն այս համագոծակցության ապացույցն էր:
Նախարարը բարձր է գնահատել դանիացի մասնագետների պատրաստակամությունն իրենց հարուստ փորձը հայ ձկնաբույծներին փոխանցելու կապակցությամբ` կարեւորելով ջրային պաշարների խնայողական եւ նպատակային օգտագործումը: Սերգո Կարապետյանը մասնավորապես նշել է, որ այսօր պաշտոնապես գրանցված շուրջ 250 ձկնաբուծական տնտեսությունները զբաղեցնում են 2677 հեկտար ջրային մակերես եւ դանիացիների առաջարկած ինտենսիվ տեխնոլոգիաները կարող են բարձրացնել ջրային պաշարների օգտագործման արդյունավետության գործակիցը, ինչը Գյուղատնտեսության նախարարության առաջնահերթություններից է, ինչպես նաեւ բարելավել մեկ խորանարդ ջրից ստացվող ձկան արտադրողականությունը, այն հասցնելով միջազգային չափանիշին:
Դանիայի Թագավորության ձկնաբույծների պատվիրակությունը խորհրդակցությունից հետո ուղեւորվել է Հայաստանի ձկնաբուծական տնտեսություններ` տեղում իրավիճակը գնահատելու եւ համագործակցության ծրագրերն առարկայացնելու համար:

Комментариев нет:

Отправить комментарий