21.06.2013

Մասնագետի խորհուրդները. փափկացնում ենք ոտքերի մաշկը


Մարմնի խնամքը միշտ բազմաթիվ հոգսեր է պահանջում: Մենք հսկայական ուշադրություն ենք դարձնում դեմքին, փոքր-ինչ՝ ձեռքերին եւ շատ քիչ ոտքերին: Արդյունքում, որպես կանոն, ոտքերի մաշկը կոպտանում է: NEWS.am STYLE-ը դիմել է պեդիկյուրի մասնագետ Անահիտ Սիմոնյանին՝ մի քանի խորհուրդ տալու խնդրանքով:
«Երբ խոսում ենք ոտքերի մաշկը փափկացնելու մասին, ավելի հաճախ կանայք մտածում են ոտնաթաթերի, հատկապես՝ կրունկների մասին, սակայն խնամքի կարիք ունի ամբողջ ոտքի մաշկը: Ծնկների մասին հարկ է հիշել առաջին հերթին: Հաճախ կինը բավական թարմ եւ երիտասարդ տեսք է ունենում. կնճիռները քիչ են, կազմվածքը սլացիկ է, իսկ ահա ծնկները մատնում են տարիքը:
Հարմար է ոտքերը խնամել շոգեբաղնիքում կամ բաղնիքում, բայց դա կարելի է անել նաեւ տանը: Ամեն դեպքում, պետք չէ մոռանալ լոգանքից հետո ոտքերին կրեմ քսել. քլորացված ջուրը ծնկների մաշկի համար շատ վնասակար է:
Դիմակներ կարելի է գործածել ոչ միայն ծնկների շրջանում, այլեւ ոտքերին ամբողջությամբ: Սովորական կեֆիրը (4-6 ճաշի գդալ) խառնում ենք էվկալիպտի յուղին (2-4 թեյի գդալ): Ստացված զանգվածը քսում ենք ոտքի մաշկին, փաթաթում սննդային թաղանթով եւ հաստ տաք գործվածքի կտորով: 20 րոպե անց ոտքերը գոլ ջրով ոտքերը լվանում ենք: Այս գործողությունը պետք է կատարել ամիսը 2-3 անգամ, իսկ ծնկների հատվածում՝ շաբաթը 2-3 անգամ, եւ ոտքերի մաշկը կդառնա նուրբ եւ հարթ:
Կեֆիրին կարելի է ավելացնել վարունգի (2-4 թեյի գդալ) եւ կիտրոնի հյութ (4-8 կաթիլ), այդ ժամանակ նաեւ ճերմակեցնող արդյունք կստանաք: Այս միջոցը շատ օգտակար է նրանց համար, ովքեր ամռանը շատ են արեւահարվում. ծնկների շագանակագույն եւ կոշտացած մաշկը կդառնա նուրբ եւ վարդագույն:
Հոգացեք ոտքերի մաշկի մասին եւ շատ շուտով կնկատեք հաճելի արդյունքները»:

Комментариев нет:

Отправить комментарий