Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հանել է «Պանացեա» ՍՊԸ-ի վրա դրված արգելանքը` «Նարինե կաթնաթթվային մթերք» եւ «Նարինե բակտերիալ խտանյութ» ապրանքները արտադրելու: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Պանացեա» ՍՊԸ-ի տնօրեն Անի Թորոսյանը:
Նա տեղեկացրեց, որ Սննդի անվտանգության պետական ծառայությունը նորից էր փորձանմուշ վերցրել, եւ անալիզների պատասխանը եկել է դրական, արտադրատեսակների մեջ որեւէ շեղում չի նկատվել: Դրանից բացի` իրենք եւս տարբեր լաբորատորիաներում , այդ թվում` միջազգային, փորձանմուշ էին ներկայացրել եւ պատասխանը եղել է դրական: «Շատ մեծ հարված էր մեր համբավին, մեզ պետք էր, որ շատ հավաստի լինի, դրա համար մի շարք գործողություններ կատարեցինք, ընդհուպ մինչեւ գենետիկ անալիզներ ենք տվել, որ մեր 15 տարվա համբավը ջուրը չընկնի: Սա հարված էր ոչ միայն մեր ընկերությանը, այլեւ ընդհանրապես «Նարինեի» համբավին»,- ասաց տնօրենը` հավելելով, որ հաճախորդները զանգահարում էին, մտահոգություն հայտնում, թե ինչպես կարող է նման բան լինել եւ խնդրում շուտափույթ վերականգնել արտադրանքը: Այսօրվանից արդեն «Պանացեա» ՍՊԸ-ն կվերսկսի արտադրանքը
Իսկ թե ինչու առաջին փորձանմուշի ժամանակ պետական ծառայությունում անալիզների պատասխանը բացասական էր, իսկ իրենց հանձնած լաբորատորիայում` դրական, նա նշեց, որ դա կապված տարբեր լաբորատոր ընթացքների, մեխանիզմների եւ մի շարք այլ հանգամանքների հետ:
Նշենք, որ, որ Հայաստանի գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013 թվականի մայիսի 30-ի թիվ 308-Ա հրամանի հիման վրա իրականացված ստուգման ընթացքում «Պանացեա» ՍՊԸ-ի արտադրության «Նարինե կաթնաթթվային մթերք» եւ «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրանքներից կատարվել է նմուշառում եւ ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Նկատի ունենալով, որ լաբորատոր փորձաքննության արդյունքներով «Պանացեա» ՍՊԸ-ի արտադրության «Նարինե կաթնաթթվային մթերք» եւ «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրանքները ճանաչվել են վտանգավոր, ուստի Ծառայության պետի 2013թ. հունիսի 21-ի հրամանով արգելվել է «Պանացեա» ՍՊԸ-ի կողմից «Նարինե կաթնաթթվային մթերք» եւ «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրատեսակների արտադրությունը: «Պանացեա» ՍՊԸ-ի տնօրենին տրվել է համապատասխան հանձնարարական՝ վերացնելու արտադրամասում հայտնաբերված խախտումները: Նշված ընկերությունում Ծառայության կողմից ուսումնասիրությունների կատարումն սկսվել է քաղաքացուց ստացված բողոքի հիման վրա: Ընկերության տնօրեն Անի Թորոսյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե մայիսի 31-ին իրենց արտադրանքից նմուշառում են արել, փորձաքննություն նշանակել, որի պատասխանը եղել է բացասական: Դրանից հետո անցել է 10 օր, կատարել են կրկնակի փորձաքննություն նույն նմուշի հիման վրա, մինչդեռ այդ նմուշի պահպանման ժամկետը երկու անգամ անցած է եղել:
Комментариев нет:
Отправить комментарий