11.08.2012

Հայ լեռնագնացը օգնություն է խնդրում, շտապ



Վրաստանի Ուշբա լեռը բարձրացած հայ լեռնագնաց Անդրանիկ Միրիբյանը արդեն 2 օր է` փրկարարական օգնության է սպասում, բայց վստահ չէ, որ այն կհասնի: Նախօրեին նա հեռախոսակապ է հաստատել իր հարազատների հետ եւ հայտնել, որ ձյան առատ տեղումների պատճառով իր վիճակը գնալով բարդանում է, իսկ սննդի եւ ջրի պաշարը` սպառվում: Անդրանիկ Միրիբյանը, ով նախկին փրկարար է, կապվել է թե Վրաստանի, թե Հայաստանի փրկարար ծառայությունների հետ եւ խնդրել իր հետեւից ուղղաթիռ ուղարկել, քանի որ ոտքով փրկարար լեռնագնացներ ուղարկելը չափազանց վտանգավոր է, բացի այդ, ոտքով Ուշբա սար հասնելու համար Սվանեթիի փրկարարներին անհրաժեշտ է 3 օր: Լեռնագնացին, սակայն, ոչ ոք հստակ չի ասել` եղանակային բարենպաստ պայմանների դեպքում ուղղաթիռ կգնա նրա հետեւից, թե ոչ:
“Ես պատրաստ եմ այստեղ 2-3 գիշեր սպասել, եթե պետք լինի, 1 շաբաթ էլ այստեղ կմնամ` սոված-ծարավ, միայն թե վստահ լինեմ, որ ուղղաթիռ կուղարկեն: Եթե ոչ, ապա անհիմն հույսեր տալով նրանք կարող են սպառել իմ միջոցները, որոնք շատ սուղ են, ու ես կհայտնվեմ կրիտիկական վիճակում, երբ այլեւս ոչինչ հնարավոր չի լինի անել: Այսինքն ինձ համար այս պահին ամենակարեւոր հարցն է` կլինի ուղղաթիռ, թե ոչ: Դրանից կախված էլ որոշում կընդունեմ: Ես պատրաստվում եմ ծայրահեղ քայլի գնալ ու ռիսկի դիմելով վաղը առավոտյան ժամը 5-6-ին փորձելու եմ իջնել ներքեւ, քանի որ համոզված չեմ, որ ուղղաթիռ կլինի: Չէի ուզի, որ ինձ համար այլ փրկարարներ վտանգեին իրենց կյանքը` փորձելով եղանակային այսպիսի պայմաններում բարձրանալ լեռը: Դրա համար ուղղաթիռը լավագույն տարբերակն է` մարդկային կյանքի ռիսկի գործոնը նվազեցնելու համար”, հարազատներին ասել է Անդրանիկ Միրիբյանը: Ըստ նրա` որքան փրկարարներն ուշանում են, այնքան իջնելն իր համար վտանգավոր է դառնում: Առատ ձյունը ձնահյուսի վտանգ է ստեղծում: Նա նաեւ փոխանցել է, որ պատրաստ է վճարել ուղղաթիռով փրկարարական ծառայության դիմաց:

Комментариев нет:

Отправить комментарий