11.08.2012

Մի’ ծխեք, պարբերաբար բժշկի այցելեք

Մի’ ծխեք, պարբերաբար բժշկի այցելեք
Օրեկան 100 գրամ կարմիր գինին, լոլիկը կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը նվազեցնում են: Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում կանանց եւ տղամարդկանց այսպիսի խորհուրդ տվեց Հայ ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: Տիկին Հակոբյանի խորհուրդը տղամարդկանց էլ է վերաբերվում, քանի որ կենտրոնում հետազոտված 500 տղամարդուց 30-ի մոտ նույնպես հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ, որից 14-ը մահացել են` չիմանալով, որ իրենք ունեն նման հիվանդություն: Կոնկրետ մեր երկրում, կրծքագեղձի քաղցկեղից մահացությունները շատ են, քանի որ հայերը չունեն բժշկի այցելելու մշակույթ եւ դիմում են միայն հիվանդության ծայրահեղ փուլերում:

«Գնում ենք բժշկի ուշ եւ ուզում ենք, որ բժիշկը մեզ օգնի: Ինչպե՞ս օգնի, եթե այս հիվանդությունը բուժում չունի, իսկ նրանք էլ գալիս են հիվանդության 3-րդ, 4-րդ փուլում, որն արդեն համարվում է քայքայման փուլ»,-ասաց Խաչանուշ Հակոբյանը:
Նրա խոսքերով, դժվար է մատնանշել կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ստույգ պատճառը, սակայն ժառանգական գործոնը, ծխախոտը, ալկոհոլը, ճարպակալումը, վերարտադրողական տարիքում չամուսնանալն ու չծննդաբերելը կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը մի քանի անգամ մեծացնում են: Ըստ տիկին Հակոբյանի, հատկապես այն կանայք պետք է հաճախակի հետազոտվեն, որոնց մորական կողմից, տատիկի, մորաքրոջ կամ հենց մոր մոտ եղել է կրծքագեղձի քաղցկեղ. «Ցավալի է, բայց այս հիվանդությունը երիտասարդացել է»:

Բժիշկ Հովհաննես Վարդեւանյանն էլ կոչ արեց կուրծքը շոշափելիս ցանկացած կոշտուկ զգալիս, անպայման դիմել բժշկի, քանի որ հիվանդության վաղ փուլում, փոքրիկ վիրահատական միջամտության արդյունքում, կինը կարող է փրկվել եւ կուրծքը՝ բուժվել:
Հեղինակ : Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Աղբյուր : aravot.am

Комментариев нет:

Отправить комментарий