27.12.2012

Ձմեռային դեպրեսիայից խուսափելու համար մուրաբա կերեք եւ համբուրվեք



 Ձմեռային դեպրեսիան կարող է առաջանալ ուղեղում լավ տրամադրություն ապահովող որոշ քիմիական նյութերի, օրինակ՝ էնդորֆինների պակասից: Ընկճված վիճակին բնորոշ են տրամադրության անկումը, ախորժակի բացակայությունը, երբեմն հաշված օրերի ընթացքում արագ նիհարում են, հյուծվում և շուտ հոգնում, նվազում են սեռական ցանկությունը և սիրո զգացումը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով ձմեռային դեպրեսիայի՝ սեռական կյանքի վրա ունեցած ազդեցությունից` ասաց ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ սեքսապաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը:
Նրա խոսքով՝այս ընթացքում մարդիկ դառնում են ալարկոտ, ծույլ, անտրամադիր: «Սեռական կյանքը աստիճանաբար դառնում է անհետաքրքիր և միապաղաղ»,- ասաց նա:
Վ. Շահրամանյանը խորհուրդ տվեց ձմեռային դեպրեսիայից ազատվելու համար մուրաբա օգտագործել (քանի որ այն 65 տոկոս գլյուկոզա է պարունակում և լիովին զուրկ է ճարպերից) և հաճախակի համբուրվել:

Թեև դեպրեսիան հարկավոր է բուժել բժշկի հսկողության ներքո, բայց սեքսապաթոլոգը խորհուրդ տվեց դիմել կանխարգելման մեթոդների, որոնք կիրառելու դեպքում մարդիկ հուսալիորեն պաշտպանված կլինեն ձմեռային դեպրեսիայից: Օրինակ՝ անհրաժեշտ է շրջապատը դարձնել ավելի լուսավոր, արևոտ և պայծառ, ավելի հաճախ գտնվել դրսում, կանոնավոր կերպով զբաղվել ֆիզիկական վարժություններով, որոնք օգնում են նվազեցնել սթրեսի և տագնապի զգացողությունը: Վերջինիս բարձր մակարդակը կարող է ուժեղացնել ձմեռային դեպրեսիայի նախանշանները, սննդակարգում ավելացնել Օմեգա-3 դասի կիսահագեցած ճարպաթթուներ պարունակող մթերք (ձկներ, հունական ընկույզ, կտավատի սերմեր և կտավատի ձեթ):

Պակաս արդյունավետ չեն նաև սոցիալական կապերի պահպանումը, լողավազան կամ մերսման սրահ հաճախելը:                                                                                             http://top-news.am

Комментариев нет:

Отправить комментарий