22.06.2013

Հունիսի 23-ին կդիտվի «գերլուսին»

Հունիսի 23-ին կդիտվի «գերլուսին» 
Հունիսի 23-ին Գրինվիչի ժամանակով 11:32 (Երեւանի ժամանակով 15:32) մեր միակ բնական արբանյակը` Լուսինը, առավելագույնս կմոտենա Երկրին եւ կդիտվի սովորականից ավելի մեծ: Այս տեսարժան աստղագիտական երեւույթը պայմանականորեն կոչվում է «գերլուսին» եւ նույնիսկ վախի ու սնահավատության առիթ է հանդիսանում: Սակայն այն կրկնվում է ամեն տարի, երբ Լուսինը` Երկրի շուրջ իր անհամաչափ պտույտի ընթացքում սովորականից ավելի է մոտենում:
Հայկական աստղագիտական ընկերությունից հայտնում են, որ այս դիրքում, որ կոչվում է պերիգեոս (երկրամերձ կետ կամ մերձերկիր) Երկրի եւ Լուսնի միջեւ հեռավորությունը կկազմի 356 991 կմ, իսկ երկու շաբաթ անց` հուլիսի 7-ին, Լուսինը երկրից կհեռանա 406 490 կմ-ով` հասնելով իր ապոգեոսին (երկրահեռ կետ կամ հեռերկիր): Հիշեցնենք, որ Երկիր-Լուսին միջին հեռավորությունն է 384 400 կմ: «Գերլուսնի» ժամանակ Լուսինը, Երկիրը եւ Արեգակը մի գծի վրա են հայտնվում, եւ Երկիրը հայտնվում է երկնային այդ երկու մարմինների միջեւ: Լուսնի չափերը սովորականից 16%-ով ավելի մեծ են, իսկ պայծառությունը` սովորականից 30%-ով ավելի:
Համարվում է, որ «գերլուսինը» կարող է բնական աղետների պատճառ հանդիսանալ, սակայն գիտականորեն որեւէ էական ազդեցություն չի հայտնաբերված: Այնուամենայնիվ, Լուսնի ազդեցությունը Երկրի վրա բավական զգալի է, մասնավորապես նրանով են պայմանավորված Երկրի ջրային զանգվածի` օվկիանոսների ու ծովերի, մակարդակի բարձրացումն ու իջեցումը (մակընթացությունները եւ տեղատվությունները): Իսկ «գերլուսնի» ժամանակ օվկիանոսների մակարդակը սովորականի համեմատ եւս մի քանի սանտիմետրով փոխվում է:
Հաջորդ անգամ նման երեւույթ կդիտվի 2014թ. օգոստոսի 10-ին:

Комментариев нет:

Отправить комментарий