22.06.2013

Ջրաշենցիներին ահաբեկած «հրեշ-ուրվականը» փախել է այդ գյուղից. նրան դեռ չեն գտել

Ջրաշենցիներին ահաբեկած «հրեշ-ուրվականը» փախել է այդ գյուղից. նրան դեռ չեն գտել 
Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղի քարանձավներում ապրող «հրեշ-ուրվականը»` 37-ամյա Արամ Ստեփանյանը,  փախել է իր կացավայրից: NEWS.am-ի թղթակցին ոստիկանության Արմավիրի բաժնից հայտնեցին, որ շուրջ 10 օր ոստիկանությունը շուրջօրյա հսկողություն է իրականացրել, շուրջկալ արել, հսկել, բայց նա քարանձավում չէ, փախել է այնտեղից:
Ոստիկանները այդպես էլ չեն գտել «ուրվական-հրեշին» եւ չգիտեն, թե նա այժմ որտեղ է, որեւէ ահազանգ այլ գյուղերից նրանք չեն ստացել:
Ջրաշենցիներին ահաբեկած «հրեշը»` 37-ամյա Արամ Ստեփանյանը, հարազատ գյուղ եւ ընտանիք եւս չի վերադարձել: Արարատի մարզի Դարակերտի գյուղապետ Ղուկաս Սիմոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նա ընտանիք չի վերադարձել, ոչ մի նորություևն չունեն, ոչ ոք չի տեսել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղում  մոտ մեկ շաբաթ է` «հրեշ-ուրվական» է հայտնվել: Նա գյուղում հայտնվում է մութն ընկնելուն պես, զինված չէ, գյուղացիներին ահաբեկում է քարերով ապակիներին, տանիքներին հարվածելով, դեռեւս որեւէ վնաս չի տվել ոչ ջրաշենցիներին, ոչ էլ նրանց գույքին, պարզապես վախեցնում է ժողովրդին: Գյուղապետը մի անգամ նույնիսկ հանդիպել է «հրեշ-ուրվականի» հետ, 10 մետր հեռավորությամբ զրուցել են, վերջինս միայն հայհոյում էր, եւ ասում, թե «չմոտենաք, կխփեմ»: Այդ ժամանակ նրան չի հաջողվել բռնել տղամարդուն, քանի որ մինչեւ զանգել են եւ գյուղացիները հավաքվել են, նա փախել է: «Հրեշ-ուրվականի» կեցավայրը գյուղում գտնվող սարի վրա է` քարանձավներում, որտեղ գյուղացիները հերթապահում են, որպեսզի բռնեն: «Մի քարանձավ չէ, շատ են, 50-100 հատ, ամբողջ գիշեր ման ենք եկել, չեն կարողացել գտնել»,- ասաց Խաչատուր Դավթյանը:
Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ էլ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում էր խուճապ։ Գյուղացիները պատմում էին ինչ-որ «հրեշի» մասին, որը մութն ընկնելուն պես հարձակվում է մարդկանց վրա, մորթում է փողոցի շներին եւ բակերից գողացված իրերը շաղ է տալիս փողոցներով մեկ: Խուճապն ու անհանգստությունն այն աստիճանի էին հասել, որ կանայք ու աղջիկները մութն ընկնելուն պես վախենում են տնից դուրս գալ, իսկ տղամարդիկ բահերով ու լոմերով են դուրս գալիս: Կարբի գյուղի «հրեշին» ոստիկանները ապրիլի 18-ի երեկոյան բերման էին ենթարկել: Պարզվել էր, որ նա Ծաղկալանջ գյուղի բնակիչ 37-ամյա Վարդան Վարդանյանն է: Վերջինս չի աշխատում, զբաղվում էր գյուղատնտեսությամբ: Նա նախկինում մարզիկ է եղել` ըմբշամարտիկ: Կարբի գյուղում «հրեշի» հայտնաբերման դեպքի առթիվ իրավական գործընթաց չի սկսվել, քանի որ նախ, որեւէ բողոք չկա, ոչ մի տուժող չկա, եւ հետո, բոլորն էլ հասկանում են, որ նա հոգեկան շեղումներ ունի: 

Комментариев нет:

Отправить комментарий