22.06.2013

Միքայելյանի հիվանդանոցում մահացած 28-ամյա երիտասարդը պատրաստվում էր պլաստիկ վիրահատությունից հետո նշանվել

Միքայելյանի հիվանդանոցում մահացած 28-ամյա երիտասարդը պատրաստվում էր պլաստիկ վիրահատությունից հետո նշանվել 
Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում  հունիսի 20-ին մահացած 28-ամյա Մերուժան Ավետիսյանը տնտեսած գումարով ցանկացել է պլաստիկ վիրահատության միջոցով շտկել ի ծնե թեքված ծնոտի արատը, որ դրանից հետո նշանվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մերուժանի քեռին՝ Գագիկ Սարոյանը:
«Ասում էինք ամուսնացի, ասում էր. «Սպասեք այս պրոբլեմից պրծնեմ նոր»: Ասում էր. «Վիրահատվեմ, հետո նշանվեմ»: Գրեթե ամեն ինչ արվել էր»,- պատմեց քեռին: Հարցին, թե ինչով էր Մերուժանը զբաղվում, նա պատասխանեց. «Եկել էր գյուղից էստեղ բանվորություն էր անում, էլ ինչ պետք է աներ: Հայաստանում կամ պետք է բանվորություն անեն, կամ թողեն գնան»:
Մերուժանի քեռին նաեւ նշեց, որ նա մի քույր ունի եւ մի եղբայր, իսկ ինքը մեծն է  եղել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում հունիսի 20-ին, Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում մահացած 28-ամյա Մերուժան Ավետիսյանի հարազատները պնդում են, որ նա մահացել է բժշկական սխալի պատճառով: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Մերուժանի քեռին՝ Գագիկ Սարոյանը: Ի դեպ, նրանց հարազատները եւ Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի բնակիչները, որոնց թիվը անցնում է 100-ից ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնի մոտ բողոքի ակցիայի էին դուրս եկել եւ հավաստիացնում են, որ պայքարելու եւ բողոքելու են այնքան ժամանակ մինչեւ մեղավորները ազատվեն աշխատանքից եւ քրեական պատասխանատվության ենթարկվեն: Քեռու պատմելով՝ Մերուժանի ծնոտը ի ծնե թեք է եղել եւ տնտեսած գումարով փորձել է պլաստիկ վիրահատության միջոցով շտկել: «Մեր էրեխուն սպանել են: Չնայած նախնական ասում են, որ էրեխուն, որ վիրահատել են ծուծքը գնացել է արյան մեջ: Բայց մենք ներքին կարգով ճշտել ենք, որ թթվածինը, որը քթով է գնացել, իրիկունը պոկվել ընկել անջատվել է եւ Մերուժանը խեղդվել է: Միակ վարկածը դա է միլիարդ տոկոսով: Նրանց անփութության պատճառով սպանել են: Մեր երեխան առողջ էր եւ ոչ մի բանից չի դժգոհել իր ոտքով է վազելով բարձրացել վիրահատության: Մի ատամի ցավ չի ունեցել: Պողպատի նման առողջ էր»,- ավելացրել էր Գագիկ Սարոյանը: Վիրահատության համար վճարել են 1 միլիոն 500 հազար դրամ: Վիրահատող բժիշկը եղել է Հայկ Ենոքյանը: Իսկ հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնից փոխանցել են, որ փորձաքննության արդյունքները կտրամադրեն 20 օրից:

Комментариев нет:

Отправить комментарий