Ավելի քան 10 տարի փղախտով հիվանդ 33-ամյա Ա. Գ.-ի առողջական վիճակում դրական դինամիկա է նկատվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրան բուժող բժիշկը` սիրտ-անոթային վիրաբույժ Ազատ Բադալյանը:
Վերջինիս դիսպանսեր հսկողությունը իրականացվում է Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոնում, շաբաթը մեկ կամ երկու անգամ նա դիմում է բժշկական կենտրոն, վիրակապ են անում: «Լավացում կա, բայց դանդաղ: Երկար է տեւում, լրիվ բուժման համար իրեն պետք է դեղորայքներ, որոնք այստեղ չկան, Ռուսաստանից է պետք բերել, ըստ որում` դրանք էժան չեն»,- նշեց նա:
Ա.Գ.-ն պատմել է, որ իր մոտ փղախտը առաջացել է ավելի քան 10 տարի առաջ, երբ ոտքի խնդիր է ունեցել, այնուհետեւ դա անցել է մյուս ոտքին: Նա Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոն դիմել է մոտ մեկ տարի առաջ: Տղամարդը ամսւոնսցած չէ, երեխաներ չունի եւ չի աշխատում:
Բացի այդ հիվանդությունից` 33-ամյա Ա.Գ.-ն ունի նաեւ ողնաշարի ճողվածք, որի պատճառով աջ ոտքը չի կարողանում նորմալ շարժել: Բժիշկը նրան խորհուրդ է տվել վիրահատություն անել ողնաշարի ճողվածքի համար, բայց դա ֆինանսական խնդիրների հետ է կապված, այժմ կփորձեն այդ հարցը լուծել ֆիզիոթերապիայով, եթե առաջընթաց չլինի, այդ ժամանակ կդիմեն վիրահատության:
Բժիշկը նշեց, որ առողջապահության նախարարությունը գումար է հատկացնում սահմանափակ քանակի դեղերի համար, դրանից բացի մի շարք դեղամիջոցներ կան, որոնք ինքը ստիպված է գնել, բայց նա ֆինանսական հնարավորություններ չունի:
Ազատ Բադալյանն ասաց, որ պրակտիկայում բազմաթիվ դեպքեր են եղել, երբ այդ հիվանդությամբ տարիներ շարունակ ապրող անձինք ապաքինվել են, պարզապես հիվանդը պետք է անընդհատ հսկողության ներքո լինի, դեղերը ընդունի: Հետեւողական չլինելու դեպքում հնարավոր է հիվանդությունը հանգեցնի մահվան: Քանի որ փղախտը խրոնիկ հիվանդություն է, ուստի կարող է կրկնվել, հետեւաբար`բժշկի հսկողությունը պարտադիր է: Նրա խոսքով` այս տարի փղախտով հիվանդ մոտ 4-5 հոգի է դիմել Միքայելյանի վիրաբուժության կենտրոն: Փղախտի առաջացման աղբյուրները տարբեր են` ինֆեկցիա, վիրուս, տրավմա եւ այլն:
Հիշեցնենք, որ Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ փղախտով տառապող Ա. Գ-ին L. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում անվճար տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն, ինչպես նաեւ իրականացվել են անհրաժեշտ հետազոտություններ։ Արդյունքում կազմվել է բուժման երկարաժամկետ սխեմա` տասից ավելի դեղամիջոցի եւ պարագայի կիրառմամբ, որոնք նույնպես հիվանդին տրամադրվում են անվճար։
Комментариев нет:
Отправить комментарий