Նա տեղեկացրեց, որ վրաերթի ենթարկվելուց հետո երկու անգամ հետազոտվել էր, բժիշկները ասել էին, թե ոչինչ չկա, բայց ամիսներ շարունակ ցավերը չէին դադարել: Այդ պատճառով նա վերջերս դիմել է մեկ այլ հիվանդանոց եւ այնտեղ հետազոտվել, պարզվել է, որ վթարի հետեւանքով ոտրվածքներ էր ստացել, որոնց մասին երկու ամսի շարունակ չի իմացել եւ այդպես քայլել է: «Բախտս բերել է, որ կոտրվածքը շարժ չի ունեցել, չի խանգարել, որ խախտվի: Իսկ այդքան ժամանակ կարողացել եմ քայլել, քանի որ հենման կետս վնասված չէր, մտածում էի` ցավեր են, կանցնեն»,- ասաց դերասանուհին: Նա նշեց, որ այժմ ապաքինվում է, արդեն ոսկորները կպնում են, բայց դեռ ցավեր ունի:
Դեպքից գրեթե երկուսուկես ամիս է անցել, բայց նրան վրաերթի ենթարկող վարորդը դեռ չի հայտնաբերվել: Սա զարմացնում է դերասանուհուն, թե ինչպես կարելի է մի վարորդի չհայտնաբերել, երբ ինքը պատմել է այն, ինչ հիշում է եւ տարածքում տեսախցիկներ են եղել: Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ իրեն սկզբից հայտնել էին, թե տեսախցիկները ոչինչ չեն ֆիքսել, իսկ երբ ցանկացել էր ձայնագրությունը անձամբ նայել, ասել էին, որ չեն կարող տուժողին թույլ տալ, հատուկ թույլտվություն է պետք, իսկ հիմա էլ ասում են, թե ձայնագրությունը պահպանված չէ: Աննա Գեւորգյանը կարծում է, որ սա պարզապես աշխատելաոճ է: «Ասում են` տեսախցիկները նայել ենք նման մեքենա չենք գտել, ես էլ ասացի` բժիշկներն էլ ինձ են նայել, կոտրվածքներ չէին գտել, բայց հետո գտան»,- ասաց նա: Դերասանուհին նշեց նաեւ, որ այժմ, երբ արդեն կոտրվածքներ են հայտնաբերվել իր մոտ, պետք է,որ քրեական գործ հարուցվի եւ վերանայվի քննությունը: Նա հույս ունի, որ կգտնեն այն վարորդին, ով իրեն վրաերթի է ենթարկել եւ թողնելով անօգնական` հեռացել դեպքի վայրից:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին, ժամը 21.15-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում Է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 48-ամյա մի կին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, նրան Երեւանի Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել անհայտ ավտոմեքենայի վարորդը: Վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Նշենք, որ Աննա Գեւորգյանը ամուսնացած է, ունի 4 երեխա: Նա նկարահանվել է «Արմենիա», «Շանթ» եւ «Հանրային» հեռուստաընկերություններով հեռարձակվող մի շարք սերիալներում` «Որոգայթ», «Դիմակահանդես», «Աննա», վերջին անգամ նկարահանվել է «Գեներալի աղջիկը» սերիալում` Մարինայի դերակատար, այժմ խաղում է «Քույրերը» սերիալում` Ժաննայի դերակատար:
Комментариев нет:
Отправить комментарий