23.06.2013

«Գերլուսինը» վտանգավոր չէ. հավաստիացնում է հայ աստղագետը

«Գերլուսինը» վտանգավոր չէ. հավաստիացնում է հայ աստղագետըՀունիս 23, 2013 | 01:03 
«Գերլուսին» բառը գիտական տերմին չէ, դա աստղագուշակների մտցրած տերմինն է: NEWS.am թղթակցի հետ զրույցում ասաց աստղագետ, «Դարերի խորքից դեպի տիեզերք» գրքի հեղինակ Ավետիք Գրիգորյանը՝ մեկնաբանելով թե ինչ է «գերլուսին» կոչվածը, եւ որքան է այն «աղետալի»։
«Խոսքը Երկիր-Լուսին-Արեգակ այն փոխդասավորության մասին է, երբ մի կողմից Լուսինը լիալուսին կամ նորալուսին փուլում է, այսինքն, Լուսնի՝ Երկրից երեւացող կողմը լիովին լուսավորված է կամ բոլորովին լուսավորված չէ, մյուս կողմից՝ Լուսինը գտնվում է իր երկրաշուրջ էլիպսաձեւ ուղեծրի մերձակետում, այսինքն, ամենից մոտ է Երկրին», - պարզաբանեց մասնագետը, հիշեցնելով, որ Լուսինը Երկրի շուրջը մեկ լրիվ պտույտ է կատարում մոտ 27 օրում, եւ ամեն այդպիսի պտույտ կատարելիս անցնում է ուղեծրի մերձակետով, այսինքն, հենց 27 օրը մեկ:
«Իսկ դրա համընկնելը լիալուսնի կամ նորալուսնի փուլի հետ ավելի հազվադեպ է լինում: Այդպիսի փոխդասավորության դեպքում Արեգակը, Երկիրն ու Լուսինը շարված են գրեթե մի ուղղու վրա, ինչից Երկրի վրա մակընթացություն հարուցող ձգողական ազդեցությունները գումարվում են, իսկ Լուսնի առավելապես մոտ լինելը Երկրին հասցնում է այդ գումարային ազդեցությունը առավելագույնի՝ միջին մակընթացային ազդեցությունից ընդամենը 18%-ով ավել: Դրանից Երկրի վրա միջին մակընթացության չափը փոխվում է ընդամենը սանտիմետրերով», - ասաց Ա. Գրիգորյանը, հավելելով, որ, այսպիսով, միջին արժեքի համեմատ՝ ո՛չ տեսանելի չափի տարբերությունը (7%), ո՛չ պայծառության տարբերությունը (15%), ո՛չ էլ մակընթացային ազդեցության տարբերությունը (18%) չի խոստանում որեւէ արտառոց բան:
«Այդ տարբերություններն անգամ նշմարելի չեն լինի մարդկանց համար: Դրանք չեն կարող նաեւ հարուցել երկրաշարժեր, ցունամիներ կամ որեւէ այլ աղետ: Համենայն դեպս, ոչ մի գիտական հետազոտություն չի հայտնաբերել «գերլուսնի» որեւէ վտանգավոր կամ վնասակար ազդեցություն Երկրի կամ մարդկանց վրա», - հավաստիացրեց մասնագետը, նշելով, որ «գերլուսին»-ը մի բան է, որը մարդիկ չեն տեսնում ու չեն զգում: Դա ընդամենը մի սովորական փոխդասավորություն է, որը Երկրի պատմության ընթացքում բազմիցս եղել է ու կլինի։
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Գրինվիչի ժամանակով 11:32 (Երեւանի ժամանակով 15:32) մեր միակ բնական արբանյակը` Լուսինը, առավելագույնս կմոտենա Երկրին եւ կդիտվի սովորականից ավելի մեծ: Այս տեսարժան աստղագիտական երեւույթը պայմանականորեն կոչվում է «գերլուսին», եւ վախի ու սնահավատության առիթ է հանդիսանում:

Комментариев нет:

Отправить комментарий