Ըստ մեղադրանքի՝ Գյումրիի 27-ամյա բնակիչ Ժորա Խաչատրյանը 2012 թվականի հոկտեմբերի 16-ին համաքաղաքացի Հովսեփի վարած տաքսիով ժամանել է Երևան:
Գիշերվա ժամը 1-ին Ժորան Հովսեփի հետ օթևանել է Փարաքար գյուղին հարակից «Պլազա լյուքս» հյուրանոցային համալիրում:
Ժորայի սիրտը զվարճանալ է ուզել: Նա զանգահարել է իր ծանոթ մարմնավաճառուհի Մարինային, կանչել է հյուրանոց՝ համապատասխան ծառայություններ մատուցելու: Առաջարկել է, որ Մարինան մի մարմնավաճառուհու էլ հետը տանի:
Այդ պահին Մարինան գտնվել է Երևանում, ընկերուհու՝ Հերմինեի տանը: Այնտեղ է եղել նույն արհեստով զբաղվող ևս մի ընկերուհի, ում Մելինե են անվանել, բայց գործի քննության ընթացքում այդ «առեղծվածային» Մելինեի ինքնությունը պարզել չի հաջողվել:
Մարինան հյուրընկալ Հերմինեին խնդրել է իրեն ու Մելինեին հասցնել Փարաքարի մերձակայքի «Պլազա լյուքս» հյուրանոց՝ հաճախորդներին սպասարկելու: Հերմինեն չի զլացել, իր անձնական օգտագործման «Օպել» մակնիշի մեքենայով ընկերուհիներին տարել է հիշյալ հյուրանոց: Բոլորը միասին ընթրել են, Ժորան Մարինային ու Մելինեին տվել է 25 հազարական դրամ՝ մարմնավաճառական ծառայություններ մատուցելու համար, իսկ Հերմինեն, պատճառաբանելով, թե վատ է զգում, իր մեքենայով ուղևորվել է Երևան:
Քիչ անց Մարինան, ըստ Ժորայի՝ առանց ծառայություններ մատուցելու, առանց հրաժեշտի խոսքերի՝ «անգլիական ձևով» հեռացել է:
Ժորա Խաչատրյանը վիրավորվել է, վրդովվել, զանգահարել է Հերմինեին ու հարցրել, թե որտե՞ղ է նրա ընկերուհի Մարինան:
Հերմինեն, որ արդեն տուն էր հասել, իրեն պարտավորված է զգացել մեքենայով վերստին հասնելու Փարաքար ու տեղում պարզաբանելու կատարվածը:
Մինչ Հերմինեն կհասներ «Պլազա լյուքս», այնտեղից պատահական տաքսիով հեռացել է նաև Մելինեն:
Ժորա Խաչատրյանը Հերմինեի հետ վրդովված խոսել է հյուրանոցի մոտ, ինչից իր հերթին վրդովվել է Հերմինեն, նստել իր մեքենան ու ճամփա ընկել Երևան:
Ըստ մեղադրանքի՝ Ժորա Խաչատրյանը, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, նման վերաբերմունքից բոլորովին իրեն կորցրել է, Հովսեփի տաքսիով հետապնդել Հերմինեին, նրան կանգնեցրել Փարաքար գյուղի հատվածում:
Ժորայի պահանջով Հերմինեն զանգահարել է Մարինային: Ժորան, մարմնավաճառների կողմից իրեն խաբված զգալով, Մարինայի ձայնը լսելով ու է՛լ ավելի բարկանալով, իր զայրույթը թափելով Հերմինեի վրա՝ մեկ անգամ ապտակել է, ապա նրանից վերցրել «Օպել»-ի բանալիները, նստել մեքենայի ղեկին ու հեռացել՝ պայման դնելով, թե մեքենան կվերադարձնի, երբ Հերմինեի ընկերուհի Մարինան կվերադարձնի անտեղի տեղը վճարված գումարը:
Նույն օրը, ժամը 15-ի սահմաններում, փոքր-ինչ սթափվելով ու գիտակցելով, որ Հերմինեն պարտավոր չէր պատասխան տալու ընկերուհու «վատ արարքի» համար, Ժորան Հերմինեի մեքենան կանգնեցրել է Երևան քաղաքի Շիրազի փողոցում, հեռախոսազանգով նրան հայտնել այդ մասին ու հեռացել:
Նախաքննական մարմինը Ժորա Խաչատրյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում Ժորա Խաչատրյանն իրեն մեղավոր է ճանաչել լիովին:
Ընդհանուր իրավասության դատարանում ևս Խաչատրյանն իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, թե «Պլազա լյուքս» հյուրանոցում հաց են կերել ինքը, Հովսեփը, Հերմինեն, Մարինան և Մելինեն: Հերմինեն գնացել է առանց հարցնելու, Մարինան ու Մելինեն՝ առանց թույլտվության: Վերջիններիս գնալու մասին ինքը զանգել ու տեղեկացրել է Հերմինեին, ով եկել է, խոսել իր հետ ու իր կամքով տվել մեքենայի բանալիները՝ ասելով, թե խնդիրը կլուծի:
Ըստ Խաչատրյանի՝ ինքը Հերմինեի մեքենան վերցրել է, որովհետև զայրացած է եղել: Բայց երեք-չորս ժամ անց զանգել է Հերմինեին ու ասել, թե նրա մեքենան թողնում է «Սոֆի Սևքար» ռեստորանի մոտ:
Այդ մեքենան ինքը 20 հազար դրամի բենզին էր լցրել, որ գնա Գյումրի, բայց չի գնացել: Ընկերը եկել, մեքենայով իրեն տարել է: Ինքը «չի իջել նրանց մակարդակին, ատամ չի ջարդել», Հերմինեի մեքենան չի վնասել:
Մարինայի հեռախոսահամարն իրեն տվել էին ծանոթները: 25 հազարական դրամ է վճարել Մարինային ու Մելինեին, որ սեռական հարաբերություններ ունենան, բայց վճարված գումարը «նպատակին չի ծառայել»: Ինքը 4-5 շիշ գարեջուր էր խմել ընդամենը: Վիրավորվել է մարմնավաճառների վերաբերմունքից: Իրեն խաբված է զգացել. նրանց վրա ծախսել է 55 հազար դրամ:
Ինքը Հերմինեի պահանջը չի ընդունում, քանի որ նրա մեքենան չի վնասել: Հերմինեին էլ չի սպառնացել: Բայց ինչ որ արել է՝ զղջում է:
Դատարանում Հերմինեն պնդել է, որ Ժորան ապտակել է իրեն, բայց դրա համար ինքը չի բողոքում, այլ բողոքում է մեքենան փախցնելու և վնասելու համար, և Ժորան պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության:
Ըստ Հերմինեի՝ վնասված մեքենան նորոգել է ապահովագրական ընկերությունը: Ինքը դրա համար Ժորա Խաչատրյանից պահանջել է 687 հազար դրամ:
Մարինան ցուցմունք է տվել, որ ինքը մատուցել է իր ծառայությունը, նոր է հեռացել, բայց Հերմինեն զանգել ու ասել է, թե Ժորան դժգոհ է մնացել, ինչի պատճառով տարել է իր մեքենան: Մարինան ասել է, թե ինքն է զանգահարել ոստիկանություն ու հայտնել ընկերուհու մեքենան փախցնելու մասին:
Դատարանում հետազոտվել է «Օպել-Վիտա» մակնիշի մեքենան հայտնաբերելու և զննելու վերաբերյալ արձանագրությունը, համաձայն որի՝ 2012 թվականի հոկտեմբերի 17-ին, ժամը 15-ի սահմաններում մեքենան հայտնաբերվել է Երևան քաղաքի Շիրազի 3/2 հասցեում: Հերմինեն հայտարարել է, թե մեքենան վնասված չէ, մեքենայից ոչինչ չի պակասել, իրեն նյութական վնաս պատճառված չէ:
Դատարանը հաստատված է գնահատել Ժորա Խաչատրյանի մեղքը՝ առանց հափշտակելու դիտավորության մեքենա փախցնելու համար: Որպես մեղմացնող հանգամանք՝ հաշվի է առնվել, որ ամբաստանյալի խնամքին է... նորածին երեխան: Որպես ծանրացնող հանգամանք է գնահատվել հանցագործությունն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:
Ժորա Խաչատրյանը դատապարտվել է 500 հազար դրամ տուգանքի:
Քաղաքացիական հայցի բացակայության պայմաններում Հերմինեին իրավունք է վերապահվել նյութական պահանջը հիմնավորող ապացույցների առկայության դեպքում հայցը ներկայացնել քաղաքացիական դատավարության կարգով:
Նյութի աղբյուր` http://www.1in.am/arm/armenia_right_195862.html
Комментариев нет:
Отправить комментарий