«Ցիստիտը հատկապես սրանում է ամռան ամիսներին»,- Panorama.am-ի հետ զրույցում շատերի համար նման «բացահայտում» արեց «Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկ-ուրոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Դավիթ Ֆանարջյանը:
Կանանց շրջանում անցկացրած հարցումը ցույց տվեց, որ նրանք այն համոզմունքնին են, որ ցիստիտով հիվանդանում են հիմնականում ձմռանը՝ «մրսում են, ոտքերը սառեցնում են» և այլն: Մինչդեռ մասնագետի հավաստիացմամբ, ցիստիտը սրվում է հատկապես ամռանը, որի պատճառ են հանդիսանում լողավազանները, ծովափնյա հանգիստը, երբ հիգիենայի կանոնները ճիշտ չեն պահպանվում:
Ցիստիտով (ինֆեկցիոն բորբոքային պրոցես, որն ախտահարում է միզապարկի լորձաթաղանթը) հիվանդանում են թե երեխաները, թե մեծահասակները: Կանայք ցիստիտով հիվանդանում են 5-6 անգամ ավելի հաճախ, քան տղամարդիկ: Ըստ վիճակագրության, յուրաքանչյուր կին կյանքում առնվազն մեկ անգամ ունենում է ցիստիտի գանգատներ: Հիվանդների 35%-ը գտնվում են 20-45 տարեկան տարիքային խմբում, ինչը բացատրվում է սեռական կյանքի ակտիվությամբ: Պատահում է, որ գանգատներն ի հայտ են գալիս առաջին սեռական հարաբերությունից անմիջապես հետո: Այս ամենը պայմանավորված է կնոջ անատոմիո-ֆիզիոլոգիական առանձնահատկություններով. կնոջ միզուկն ավելի կարճ և լայն է, քան տղամարդունը և գտնվում է մոտ հեշտոցին ու հետանցքին, ինչի պատճառով էլ ինֆեկցիան միզուկով հեշտությամբ թափանցում է միզապարկ:
Հիվանդության ախտանիշներն են` հաճախամիզություն, այդ թվում և գիշերային, միզարձակության ժամանակ միզուկում այրոցի, ցավի զգացում, մեզի պղտորություն և տհաճ հոտ, վերցայլային շրջանի ցավեր, դիսկոմֆորտի զգացում, իսկ հիվանդների 1/3 -ի մոտ նկատվում է նաև արյունամիզություն: Երբեմն ցիստիտն ընթանում է առանց արտահայտված գանգատների և հայտնաբերվում է պրոֆիլակտիկ հետազոտությունների ժամանակ:
Երբ սուր ցիստիտը ժամանակին և պատշաճ չի բուժվում, ստանում է քրոնիկ բնույթ, ինչը էապես ազդում է հիվանդի կյանքի որակի վրա: Նա խուսափում է գտնվել այնտեղ, որտեղ մոտակայքում չկա զուգարան, գնալ երկար ճանապարհորդության և առհասարակ նորմալ սոցիալական կյանքով ապրել: Այս ամենը հանգեցնում է հաշմանդամության, քանի որ քրոնիկ ցիստիտը բերում է միզապարկի ծավալի փոքրացում՝ 250-300 մլ-ից հասցնելով մինչև 50-60 մլ, որի ժամանակ բուժման միակ եղանակն այլևս դառնում է վիրահատական միջամտությունը:
«Նմանատիպ բարդություններից խուսափելու համար հարկավոր է պարզապես ճիշտ ժամանակին դիմել ճիշտ մասնագետի և ոչ մի դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ, ինչը շատ հաճախ արվում է. օրինակ՝ տաք գրելկաները, տաք վաննաներ: Այս ամենը պարզապես անթույլատրելի են և վիճակն ավելի են բարդացնում»,- նշում է ուրոլոգը:
Ցիստիտի բուժման ժամանակ դեղորայքային բուժումից զատ պետք է պահպանել դիետա՝ հրաժարվելով կծու, թթու, ապխտած, աղի, տապակած սննդամթերքից, քաղցրավենիքից և կոնսերվանտներից: Նախասիրությունը պետք է տալ հեղուկների առատ օգտագործմանը` թեյ, հյութեր, միզամուղ, խոտաբույսեր:
Դ. Ֆանարջյանի խոսքով, վերջին շրջանում այս խնդրով դիմող հիվանդների թիվը մեծացել է: Այս հանգամանքն, ըստ բժշկի, պայմանավորված է նրանով, որ մարդիկ ավելի ուշադիր են դարձել իրենց առողջության հանդեպ, ինչն էլ շատ ողջունելի է:
Աղբյուր` Panorama.am
Комментариев нет:
Отправить комментарий