ՄԻԳ FM-ի պատմությունը

Լոռու մարզում օրինական դաշտում ստեղծված եւ մինչ օրս գործող առաջին ռադիոկայանը, որ նույնպես բացվել է հեռուստատեսությանը կից, Վանաձորի "ՄԻԳ" ռադիոկայանն է (նախկինում` "ՄԻԳ"), որի առաջին հաղորդումը եթեր է հեռարձակվել 1998թ. հուլիսի 30-ին: Փորձնական եթերաշրջանում վանաձորցիները 103.8 հաճախությամբ լսում էին հիմնականում ռուսաստանյան "Նոստալջի" ռադիոկայանի հաղորդումները, որոնք ընդմիջվում էին տեղական լուրերով և գովազդներով: Սակայն 1999թ. մարտից` ամերիկացի լրագրող Ջորջ Պապագանիսի անցկացրած դասընթացներից հետո, "ՄԻԳ"-ը նախընտրեց ողջ օրվա եթերացանկում ընդգրկել բազմաթիվ  սեփական արտադրության հաղորդումներ:
Վանաձորում 103.8 ՄՀց հաճախության համար հայտարարված մրցույթում 2003թ. նոյեմբերի 24-ին Հեռուստատեսության և ռադիոյի Ազգային հանձնաժողովը հաղթող ճանաչեց "Լոռու Միգ" ՍՊԸ-ին, որն էլ եթերում հանդես էր գալիս  "Միգ" ռադիոկայան անվանումով:
 Եթերացանկում յուրաքանչյուր օր և ամեն ժամ ընդգրկված են բազմաբնույթ ու բազմատեսակ մրցույթներ ու հաղորդումներ: "ՄԻԳ" ռադիոկայանը աշխատում է "երաժշտություն և հաղորդումներ բոլորի համար" ձևաչափում, ինչի շնորհիվ ապահովում է մեծ լսարան: Ռադիոկայանը պատրաստում է մանկական, մարզական, քաղաքական, տնտեսական, զվարճալի, երաժշտական բազմաբնույթ հաղորդումներ: "ՄԻԳ" ռադիոկայանը, բացի լրատվական որոշ թողարկումներից, ոչ կանոնավոր, սակայն պարբերաբար վերահեռարձակում է հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվող հաղորդումները: Որպես կանոն, դրանք տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ ուղիղ եթերում անցկացվող հարցազրույցներն են և այդ հաղորդումներին ակտիվ մասնակցում են ոչ միայն հեռուստադիտողները, այլ նաև ռադիոլսողները: