08.08.2012

Արսեն Ջուլֆալակյան. «Այս հաղթանակները Հայաստանինն են»


Արսեն Ջուլֆալակյան. «Այս հաղթանակները Հայաստանինն են»  Հունահռոմեական ոճի ըմբիշ, «Լոնդոն-2012» օլիմպիական խաղերի արծաթե մրցանակակիր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է բոլորին Արթուր Ալեքսանյանի նվաճած բրոնզե մեդալի առթիվ և խոստացել, որ կձգտեն ավելին անել Ռիո դե Ժանեյրոյում 2016 թ. կայանալիք ամառային օլիմպիական խաղերում:
«Ավարտվեցին օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումները: Փառք Աստծո, մեր հավաքականը պատվով հաղթահարեց այդ մրցումը` ևս մեկ անգամ փայլելով ամբողջ աշխարհում` բոլոր սպորտաձևերի կողքին: Շնորհավորում եմ բոլորիս Արթուր Ալեքսանյանի նվաճած բրոնզե մեդալի կապակցությամբ: Այսպիսով` 4 մարզիկներով նվաճեցինք 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ: Իհարկե, կարող էինք ավելին անել, բայց դա, հուսով եմ, կանենք «Ռիո-2016»-ում:
Մեր մյուս մարզիկներին, ովքեր դեռ չեն սկսել իրենց ելույթները, ցանկանում եմ մեծագույն հաջողություն և վստահություն սեփական ուժերի հանդեպ:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետությանը, մեր ազգին: Եվ խնդրում եմ, եկեք մեկընդմիշտ մոռանանք մեր այդ «հայկական» բաժանումը քաղաքների ու միասնական լինենք: Այս հաղթանակները Հայաստանինն են, այլ ոչ թե Երևանինը, Գյումրիինը կամ Էջմիածնինը: Շնորհակալ եմ մեծ աջակցության համար»:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий