11.01.2013

Երրորդ երեխայի համար կտրվի 430 հազար դրամ



 Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2013 թ. առաջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունը հաստատել է կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը, գերակա խնդիրները, կառավարության գործունեության միջոցառումների և գերակա խնդիրների հիմնավորումները։
ՀՀ կառավարությունը հաստատել է ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություն տրամադրող տարածքային մարմինների` հաշվի առնելով ՀՀ 2013 թ. պետբյուջեի նախագծով ընտանեկան նպաստի և միանվագ օգնության համար հատկացված միջոցները։ Ընտանիքի անապահովության սահմանային միավոր է սահմանվել 30.00-ն, ընտանեկան նպաստի բազային մասը` 16 հազար դրամ։ Հաստատվել են 30.01-35.00, 35.01-39.00, 39.01 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամներին տրվող հավելումները։ Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափ է սահմանվել 50 հազար դրամը, իսկ ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 430 հազար դրամը, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը` 18 հազար դրամը։ Հայաստանի զոհված ազգային հերոսի ընտանիքի նպաստի չափ է սահմանվել 250 հազար դրամը, զոհված` առաջին աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի չափը` 150 հազար դրամը, զոհված` երկրորդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի չափը` 100 հազար դրամ։ Սույն որոշման գործողությունը տարածվում է 2013 թ. հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

http://top-news.am/

Комментариев нет:

Отправить комментарий