07.01.2013

Վրաստանի վարչապետը շնորհավորեց վիրահայությանը


Վրաստանի վարչապետը շնորհավորեց վիրահայությանը  Այսօր Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այցելել է Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան տոնական Սուրբ Պատարագին: Վրաստանի վարչապետի հետ միասին Սուրբ Պատարագին մասնակցել են Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, Վրաստանի վերինտեգրման հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին, խորհրդարանային մեծամասնության ֆրակցիայի ղեկավար Զաքարիա Քուցնաշվիլին, խորհրդարանի անդամներ Ռուսլան Պողոսյանը, Գիգի Ծերեթելին, Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Թամար Կինծուրաշվիլին, խորհրդարանի և կառավարության անդամներ:
Այս մասին տեղեկացնում են Վիրահոյց թեմի մամլո դիվանից:
Հավարտ Պատարագի Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը դիմելով ներկաներին, խոսք  է ասել հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության մասին, որ պատմականորեն դրսևորվել է հավատակից ժողովուրդների հարաբերություններում, երկու եկեղեցիների բարեկամությամբ: Սրբազան Հայրը օրհնության և բարեմաղթանքի խոսքեր ուղղեց երկրի վարչապետին Հայաստանի Հանրապետություն կատարելիք առաջիկա այցի կապակցությամբ:
Այնուհետև հավաքվածներին Սուրբ Ծնունդի, Աստվածհայտնության և ջրօրհնեքի կապակցությամբ շնորհավորանքի խոսքերով դիմել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
<Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ կիսելու այն մեծ ուրախությունը, որը գալիս է Սուրբծննդյան, Ջրօհնեքի հրաշափառ տոներից: Վրաստանի ազգային, մշակութային և կրոնական բազմազանությունը մեր երկրի ամենամեծ հարստությունն է: Մեր երկիրը հպարտ է այն մշակութային ժառանգությամբ, որը ստեղծել են այստեղ բնակվող տարբեր ազգային և կրոնական խմբերի ներկայացուցիչները: Մեր պարտքն է պահել և պաշտպանել այս ժառանգությունը որպես համամարդկային մշակույթի մաս >,-հայտարարել է երկրի վարչապետը:
Տոնական Սուրբ Պատարագից հետո վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, Վիրահայոց Թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ միասին ներկա են գտնվել Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում Վրաստանի Հայ կանանաց «Շուշանիկ» միության (նախագահ Սուսաննա Խաչատրյան) կազմակերպած հայկական գաթայի փառատոնին: Հայկական ավանդական գաթան որպես մեր պատմության և կենցաղի խորհրդանիշ Վրաստանի հայաբնակ տարբեր տարածաշրջաններից ներկայացվել էր իր տարատեսակներով, արժանանալով հյուրերի բարձր գնահատականին::
Բաժակ բարձրացնելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամության համար, ըստ աղբյուրի, Իվանիշվիլին հայտարարել է. «Մեծ է մեր համաքաղաքացի հայերի դերը Վրաստանի պետության մեջ, տնտեսական և մշակութային զարգացման գործում և այս դերը դեռևս պատշաճ ուսումնասիրության և գնահատման կարիք ունի»: Նա վերստին հավաքվածներին շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ:
Հյուրերը դիտել են «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Ջեյրան» պարային համույթի (պարուսույց Սվետլանա Երիցյան) գեղեցիկ պարը, մենակատարներ Աննա Պողոսովայի և Ռուբեն Ոսկանյանի ելույթները:
Սուրբ Ծննդյան տոնական տրամադրությունը շարունակվել է հայկական գաթայի հյուրասիրությամբ, ուրախ երգով ու պարով:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий